Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉՏԱՆԵԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Հունիս 17,2006 00:00

Մասնագետների,
ծնողների եւ երեխաների կարծիքները «Եթե ինձ հարցնեն, թե ով է Արամ Խաչատրյանը
ու պատասխանեմ, որ մի ամերիկյան երգիչ, կամ էլ չիմանամ նոտաները, բա ամոթ չէ՞»,-
6-րդ դասարանի աշակերտուհի Անի Մինասյանը հպարտ է, որ հաճախում է երաժշտական դպրոց։
«Ընկերներս ձգտում են ֆուտբոլով կամ այլ սպորտաձեւով զբաղվել լավ կեցվածք ունենալու
համար։ Սակայն եթե սպորտը կեցվածք է տալիս, երաժշտությունը ճաշակ է զարգացնում։ Երբ
դասընկերներով հավաքույթ ենք կազմակերպում, լավ եմ զգում, որ դաշնամուր եմ նվագում»,-
կարծում է աշակերտուհին։ Սակայն կան երեխաներ, ովքեր միայն տխուր հիշողություններ
ունեն իրենց ստացած երաժշտական կրթությունից. «Ես ոչ երգն եմ սիրում, ոչ երաժշտությունը։
Մի քանի տարի գնացի ջութակի, բայց այն ինձ ոչինչ չտվեց»,- վստահեցրեց 7-րդ դասարանի
աշակերտուհի Լիլիթ Մինասյանը։ Իսկ Նարինե Աբրահամյանը հիշում է. «Դաշնամուրի դասատուն
իմ մատներն այնքան ուժեղ էր խփում ստեղներին, որ քիչ էր մնում շունչս կտրվեր»։ Երեխաների
դժգոհությունները երբեմն ծնողներին լուրջ հարցի առաջ են կանգնեցնում. երեխային տանե՞լ
երաժշտական դպրոց, թե՞ ոչ։ «Ինչպես տառերն ու թվերը, այնպես էլ նոտաներն են կարեւոր
երեխային աշխարհը ճանաչելու համար։ Իմ կարծիքով՝ երեխան անպայման պիտի ստանա երաժշտական
կրթություն»,- ասում է ծնող Գայանե Կիրակոսյանը։ Մասնագետներն էլ են կարծում,
որ երաժշտական կրթությունը մեծ ազդեցություն է ունենում երեխայի դաստիարակության
եւ խառնվածքի ձեւավորման հարցում։ «Երաժշտական կրթություն ստացած երեխան հետագայում
դառնում է ավելի զարգացած, բարի, ընդունակ, քան նրա տարեկիցները։ Նա դասական երաժշտության
պահանջ է զգում։ Այդ երեխաները մեծ բավականություն են ստանում բարձրարժեք երաժշտությունից,
իսկ մյուսները՝ ռաբիսից»,- նշեց ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էդուարդ Մարգարյանը։ «Լարային
գործիքի տիրապետելիս երեխայի մեջ զարգանում են լրացուցիչ ունակություններ, քանի որ
նվագելու ընթացքում միաժամանակ պետք է հետեւել ինտոնացիայի մաքրությանը, շտրիխներին,
մատներին։ Արդյունքում՝ երեխաների մեջ ուղեղի ճկունություն, ուշադրությունը կենտրոնացնելու
հմտություն է զարգանում»,- նկատեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական
դպրոցի լարային բաժնի վարիչ Սուսաննա Ֆարմանյանը։ Հոգեբաններն էլ կարծում
են, որ երաժշտությունը միջոց է վատ մտքերից ազատվելու համար։ Երբեմն կիրառում են
նաեւ երաժշտական թերապիաներ։ «Երբ երեխան օրորոցային տարիքից լսում է երաժշտություն,
նա անգիտակցաբար հաղորդակից է դառնում դրան։ Իսկ հետագայում նրա համար ավելի հեշտ
է լինում ընկալել երաժշտությունը։ Երեխաների վրա հատկապես դրական ազդեցություն են
ունենում հատկապես Բախի, Բեթհովենի, Մոցարտի ստեղծագործությունները»,- ասաց հոգեբան
Նելլի Հարոյանը։ Սակայն կան մի շարք խոչընդոտներ, որոնք խանգարում են ծնողներին
երեխաներին երաժշտական դպրոց տանել։ Օրինակ՝ կրթության վարձը։ Լարային, փողային գործիքների
դասարաններում այն ամսական 3000 դրամ է, իսկ դաշնամուրինը՝ 5000։ Սա, սակայն, Ս.
Ֆարմանյանի կարծիքով՝ մեր պայմաններում այնքան էլ մեծ գումար չէ երեխային երաժշտական
կրթությունից զրկելու համար։ Ծնող Շուշան Դիլբանդյանն էլ այլ մտահոգություն ունի։
Նրա դուստրը՝ Արփին, հրաժարվում է շարունակել դաշնամուրի դասերը, բժիշկն էլ հայտնաբերել
է, թե նոտաներին անընդհատ նայելիս երեխայի մոտ կարճատեսություն է առաջանում։ «Եթե
նոտաներին նայելու հեռավորությունը գոնե 35 սմ չէ, եւ դրանք չունեն 45 սմ թեքություն,
հնարավոր է առաջանա կեղծ՝ դպրոցական կարճատեսություն։ Այդ դեպքում չարժե ընդհատել
կրթությունը, ուղղակի պետք է վիտամինային կաթիլներ, ակնոցներ նշանակել։ Երկու ժամից
ավելի էլ չի կարելի պարապել, միայն ընդմիջումներով»,- ասաց թիվ 19 պոլիկլինիկայի
աչքի բժշկուհի Ռիտա Նուշիկյանը։ Եթե երեխան հրաժարվում է երաժշտական դպրոց
հաճախել, չի կարելի ասել, թե նա չի հասկանում։ «Երեխան միշտ էլ հասկանում է, ինքն
ինչ է ուզում։ Ուղղակի պետք է ծնողը նրան ճիշտ կողմնորոշի։ Օրինակ՝ եթե մի քանի տարի
հետո երեխան հրաժարվում է հաճախել երաժշտական դպրոց, չարժե ստիպողաբար նրան տանել»,-
ասաց Ն. Հարոյանը։ Էդուարդ Մարգարյանը հիշեց, որ իր աշակերտներից Գրիգորին
ինքն էր տնից բերում դպրոց։ Վերջինս հիմա ճանաչված երաժիշտ է։ Ս. Ֆարմանյանն էլ պատմեց,
որ իր դասարանի Մերին առաջին երկու տարին հրաժարվում էր ջութակ նվագել, սակայն այժմ
միջազգային մրցույթների դափնեկիր է։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել