Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսային աղետ

Հունիս 17,2006 00:00

100-150
դրամով դպրոցականները պոռնո եւ սադիստական կադրեր են «ներմուծում» իրենց բջջայինների
մեջ: Ցանկացած իրեն հարգող հայաստանցի, մասնավորապես երեւանցի, ձգտում է նախ
եւ առաջ թանկարժեք բջջային հեռախոս ունենալ: Բջջայինների մրցավազքը տարածված է բոլոր
ուսումնական հաստատություններում, անգամ դպրոցների տարրական դասարաններում: Հատկապես
տղաներն իրենց սուրբ պատքն են համարում հեռախոսների մեջ նոր երաժշտություն, նկարներ
ու քլիպներ «գցելը»: Իսկ նման ծառայություններ մատուցվում են ամեն անկյունում ու
կանգառում, մետրոյի ցանկացած կայարանում ու գետնանցումներում՝ ընդամենը 100-150 դրամով:
Մոդայիկ համարվող հայերեն sms-ները, որպես կանոն, կոպիտ ուղղագրական սխալներով են,
իսկ հեռախոսներում ավելի հաճախ հայտնվող երաժշտությունը կամ արաբական է, կամ ռուսական
ու ռաբիսի հիթեր: Նման ծառայություններ մատուցող մի քանի կետերից տեղեկացանք,
որ ամենամոդայիկն այսօր Թաթայի ու Դնեպրովի, «Ֆաբրիկա զվյոզդի» ներկայացուցիչների,
Արմենչիկի ու Քրիստինե Պեպելյանի երգերն են: Սակայն պահանջարկի առումով առաջին հորիզոնականում
«Հայք» խմբի «Վայ էն օրերը» երգն է: Որոշ վերապահումներով՝ մասսայականություն է վայելում
նաեւ Տարկանը: Հետաքրքիրն այն է, որ նոր հեռախոսների մեջ հիմնականում դասական երկերից
կտորներ են, եւ ինչ իմանային արտադրողները, որ իրենց տեխնիկան այդ առումով հարիր
չի լինելու հայաստանցի սպառողների «քիմքին»: Ինչ վերաբերում է երեւանցիների
հեռախոսներում հայտնվող նկարներին ու քլիպներին, ապա դրանք «ժանրային» ու ճաշակի
առումով բազմազան են: Շատերը նախընտրում են իրենց բջջայինների էկրանին սեփական լուսանկարները
տեղադրել, սիրահարվածները՝ իրենց ընկեր-ընկերուհիների, ծնողները՝ բալիկների: Արական
սեռի ներկայացուցիչների հեռախոսներում քիչ չեն քրիստոնեական ու հակաքրիստոնեական,
զուգարանային ու էրոտիկ, բանդիտական ու սպորտային թեմաներով նկարներն ու ֆիլմերից
հատվածները: Աղջիկները գերադասում են վարդերը, սրտիկներն ու հրեշտակները, էստրադային
ու կինոաստղերի նկարները: Որոշ պաշտոնյաների համար ռաբիսի «հիթերով» հարստացված բջջայինը
ծառայում է իբրեւ մագնիտոֆոն աշխատավայրում սուրճ խմելու կամ ընկերուհու հետ քաղաքային
հեռախոսով զրուցելու ժամանակ: Ոմանք էլ ինտելեկտուալ երեւալու համար տարբեր առիթներով
ի ցույց են դնում իրենց հեռախոս «ներմուծված» այն աֆորիզմները, որոնք հնչում են հեռուստատեսությամբ:
Վերջերս ականատես եղա 2 դպրոցահասակ տղաների զրույցին: Նրանք եւս իրենց տարեկիցների
նման մի քանի 100 դրամով նկարներ ու ֆիլմերից փոքրիկ կտորներ էին «գցել» հեռախոսի
մեջ, որոնցով չզլացան ինձ էլ զարմացնել: Դպրոցականները շատ էին հավանում հատկապես
մի տեսագրություն, որն ունենալու համար «ծանոթ էին մեջ գցել»: Նրանց հեռախոսը «հարստացվել»
էր սարսափ-կադրերով, որոնք պատկերում էին, թե ինչպես են Ալ-Ղաիդայի զինյալները դանակով
մորթում կապկպված գերուն՝ վանկարկելով Ալլահի անունը: Ցավալին այն է, որ նման «հեռախոսային»
ծառայությունները հասու են բոլորին ու հաճախ ծնողները չեն կարող վերահսկել, թե ընդմիջման
համար տրվող գումարները ինչի վրա են ծախսում իրենց զավակները: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930