Բայքերների «Հայ ռայդերների ակումբի»
հայաստանյան մասնաճյուղի առաջնորդ Նորայր Մարտիրոսյանի կարծիքով՝ պատճառը անտեղյակությունն
ու հայկական մենթալիտետն է: Ըստ Ն. Մարտիրոսյանի, Հայաստանում 1992-94 թվականներին
է ռայդերության գաղափարը ծնվել, սակայն իր ակումբը ձեւավորվել է 1997-ին: Ինքը երկար
տարիներ ապրել է Եվրոպայում՝ ուսումնասիրել՝ «ինչ բան է բայքերությունը, ինչպիսի
տղերք են նրանք»: Այնպես որ, հայ բայքերները տեղյակ են այդ դաշտի զարգացումներից,
շփումներ ունեն նաեւ Մոսկվայի Գիշերային գայլերի հետ: Հայաստանցի բայքերների առաջնորդը
եկել է այն համոզման, որ Անգլիայից սկիզբ առած բայքերական շարժումը ամեն երկրում
ժառանգել է տվյալ երկրի յուրահատկությունները: Եթե Եվրոպայում բայքերությունը ոճ
է, տեսակ, ապրելակերպ, ծես, ապա Հայաստանում այն այլ ձեւի մեջ է՝ հայավարի բայքերություն:
Ն. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ իրենց ակումբում ամենաավագ անդամն ինքն է՝ մոտ 50
տարեկան, իսկ ամենաերիտասարդը՝ 22. «Տարիքային եւ սեռային սահմանափակում չունենք,
երկնագույններ՝ նույնպես: Էդ տեսակը մեզ համար ընդունելի չէ: Սեռային սահմանափակում
չկա, բայց բայքերուհի հասկացություն էդպես էլ չծնվեց մեզանում: Մի քանի հոգի կային,
մի քիչ ձեւեր թափեցին, բայց դա երկար չձգվեց՝ կոմպլեքսավորված էին: Ախր տղաներն են
կոմպլեքսավորված, աղջիկների մասին ի՞նչ ասեմ: Պատկերացրեք՝ ի՞նչ կմտածեն մի աղջկա
մասին, որն ամեն օր կոժերը հագին մոտոցիկլետ նստի»: «Դրսի ակումբներ կան,
որ հանցագործություններ են կատարում, որոշներն էլ օրենքի կողմն են»,- պատմում է Նորայրը,
իսկ հայ բայքերները ոչ մեկին չեն խանգարում, իր խոսքով «ուսը պինդ տղերք» են՝ հավատարիմ
իրենց սկզբունքներին ու տեր՝ խոսքին, Սեւակ են արտասանում, այցելում Նժդեհի աճյունին,
սիրում են ջազ, ռոք, Ռուբեն Հախվերդյան ու Վիսոցկի: «Իմ հայավարի բայքերության
իմաստը հետեւյալն է՝ հավատարիմ մնալ բոլոր սկզբունքներին, չդավաճանել, սխալը երեսին
ասել եւ այլն: Էն տղերքը, որ ունեն նման սկզբունքներ, հիմա իմ կողքին են: Նրանց համար
մոտոցիկլետ քշելը հարցի երրորդ կողմն է, լավ մոտոցիկլետ քշելը՝ 4-րդ կողմը: Թե չէ
մարդիկ կան, կարծում են՝ եթե թանկ մոտո ունեն, ուրեմն՝ վերջ»,- ասում է Նորայրը:
Ամեն տարի կազմակերպվում են բայքերների ավանդական արշավներ, իսկ հունիսի 17-ին հայաստանցի
բայքերները պարտադիր այցելում են Սեւակի գերեզմանին: Ն. Մարտիրոսյանը տեղեկացրեց,
որ ԱՄՆ-ում 1997-ից Պերճ Գասպարյանի գլխավորությամբ գործում է բայքերների «Հայ ռայդերների
ակումբը»: 2004-ին, երբ նա այցելել է Հայաստան, առաջարկել է միավորվել իր ակումբի
հետ, այդ օրվանից Նորայր Մարտիրոսյանի ղեկավարած ակումբը դարձել է «Հայ ռայդերների
ակումբի» հայաստանյան մասնաճյուղը: Ներկայումս ակումբի մասնաճյուղեր են բացվում Ավստրալիայում,
Ֆրանսիայում եւ Լիբանանում: Բոլորը կրում են նույն գերբով բաճկոններ: Հարցին, եթե
պարզվի, որ որեւէ պատահական մարդ է հագնում այդպիսի բաճկոն, ինչպե՞ս կվարվեք, Նորայրը
պատասխանեց. «Նման բան լինել չի կարող: Իսկ եթե, այնուամենայնիվ, լինի, ուրեմն այդ
մարդը գողացել է բաճկոնը, ինչի համար պիտի պատասխան տա: Բաճկոնը մեր թասիբն է, այն
երբեք գետնին չենք դնում, գերբի վրայից շոր չենք հագնում: Եթե օտար մարդ հագնի այդ
բաճկոնը, ուրեմն տիրոջը սպանելով է տիրացել դրան»: Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս են պատժում
ակումբի սկզբունքները դավաճանողին, Հայաստանի բայքերների ղեկավարը պատասխանեց. «Ով
փորձեց մեզ դավաճանել, վրայից հանում ենք բաճկոնը եւ վռնդում ակումբից: Եթե էդ տեսակ
մարդը լիներ արտերկրում, ուր մի քանի բայքերական կլուբներ կան, վերջիններիս կողմից
էլ պրոբլեմներ կունենար: Իսկ Հայաստանում այլ կլուբներ չկան, ընդամենը մոտոցիկլետ
վարող 1-2 խումբ կա, որոնք ուրիշ տեսակ են ապրում: Անմիջապես էդ տեսակ մարդկանց վերցնում
են իրենց թեւի տակ»: Ինչպե՞ս են «ստուգում» իրենց ակումբ ընդունվողներին: «Ժամանակավորապես
թույլատրում ենք մոտոցիկլետ քշել մեզ հետ՝ հյուրի կարգավիճակով: Նրա հետ ճամփա ենք
գնում, հաց կիսում, մեր ընկերուհուն, մեր փողն ու մոտոցիկլետն ենք վստահում: Եթե
կարգին մարդ է՝ ընդունում ենք: Այս տարվանից սկսած օծման արարողություն էլ կլինի:
Բայքեր օծվողը ձեռքը կդնի բայքերական գերբին ու երդում կտա, բաճկոնը հագին կլինի,
ինքը՝ մոտոցիկլետի վրա: Օծման արարողությունը կկայանա Գառնո ձորում»,- նշեց նա: Հայաստանցի
բայքերների առաջնորդը ցավով փաստեց, որ սխալմամբ ժողովրդի մեջ այն կարծիքն է ձեւավորվել,
թե մոտոցիկլետ վարողը չի կարող ինտելեկտ ու մարդկային բարձր հատկանիշներ ունենալ:
Նա վստահեցնում է, որ իրենց ակումբում ազնիվ մարդիկ են համախմբված, արցախյան պատերազմի
մասնակիցներ կան, ամերիկյան դեսպանատան աշխատակից, ինքն էլ շինարարական ֆիրմաներից
մեկում 2 արտադրամաս է ղեկավարում, իսկ Սերժ Գասպարյանը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության
ճանաչմանն ուղղված գործունեությամբ է զբաղված: Հետաքրքրվեցինք նաեւ, թե Երեւանում
որտե՞ղ են հավաքվում հայ բայքերները: Պարզվում է՝ անընդհատ սրճարանից սրճարան են
տեղափոխվում, մինչեւ բայքերների «Հայ ռայդերների ակումբի» նախագահ Ս. Գասպարյանն
իրենց համար տարածք կգնի՝ բայք -ակումբ հիմնելու համար: Ն. Մարտիրոսյանը պատմեց,
որ երբ որեւէ սրճարանում մոտոցիկլետներով հավաքվում են, իսկույն զանգում են ոստիկանություն:
Վերջերս էլ նման միջադեպ է տեղի ունեցել Խանջյան փողոցի սրճարաններից մեկում՝ շուրջ
30 ոստիկանական մեքենա է եկել, իրենց առաջարկել են «շուտ հավքվել էդ տեղից»: Ն. Մարտիրոսյանը,
սակայն, դրական արտահայտվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես
Նազարյանի մասին, որն աջակցել է ինչ-ինչ հարցերում: Նա տեղեկացրեց, որ աշխարհում
ամեն տարի բայքերական հավաքներ են կազմակերպվում, իսկ հայաստանցի բայքերներին առայժմ
բախտ չի վիճակվում դրանց մասնակցել՝ սոցիալական ու այլ պրոբլեմների պատճառով. «Նման
բաներով էլ կարելի է արտերկրում ճանաչվել, միայն երգիչն ու պարողը չեն ազգ ներկայացնում:
Արտերկրի սենատորներն ու փոխպրեզիդենտները իրենց մոտոցիկլետներին նստած՝ գալիս-մասնակցում
են էդ տուսովկեքին, շփվում հասարակ կոշկակարի հետ: Երեւի արժի, որ մեր ղեկավարությունն
էլ այս մասին իմանա»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ