Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաջողությունը կարող է դառնալ ձախողում

Հունիս 17,2006 00:00

Հաշմանդամ երեխաների մեջ գերակշռում են տղաները

Մինչեւ 8 տարեկան երեխաների հաշմանդամությունը Հայաստանում կազմում է 11,6%, իսկ զարգացող երկրներում այն հասնում է մինչեւ 15-16-ի: Ընդ որում, գյուղական վայրերում ավելի շատ է, քան քաղաքներում:

Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տնօրեն Շելդոն Յեթի, աշխարհի մոտ 150 միլիոն երեխա ունի այս կամ այն հաշմանդամությունը եւ զգում է պետական հոգածության կարիք: Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր կլոր սեղան՝ «Մանկական հաշմանդամությունը ՀՀ-ում» խորագրով: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Հայ օգնության միությունը 2004-ին կազմակերպել են հետազոտություններ՝ նվիրված Հայաստանում մանկական հաշմանդամության հիմնախնդիրներին: Արդյունքում հրատարակվել է «Մանկական հաշմանդամությունը ՀՀ-ում. իրավիճակի վերլուծություն» զեկույցը: Առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը նշեց, որ այս հետազոտությունը իր բնույթով եզակի է հանրապետության առողջապահական ոլորտում. «Գաղտնիք չէ, որ երեխաները համարվում են ցանկացած երկրի ապագան, ուստի նրանց առողջության պահպանումը համարվում է առաջնահերթ խնդիր: Մանկական հաշմանդամությունը շոշափելով հասարակական կյանքի բոլոր ոլորտները, երբեւէ լիովին չի պարզաբանվել, ինչը պայմանավորված է խնդրի բարդությամբ: Մանկական հաշմանդամության ներկա վիճակի վերլուծությունը նպատակ է հետապնդում բացահայտել այն գործոնները, որոնք բացասաբար անդրադառնալով երեխայի վաղ (ներարգանդային, նորածնային) եւ ավելի ուշ զարգացման վրա, առաջ են բերում խանգարումներ»:

Հետազոտությունների բժշկական հարցերով պատասխանատու, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական նյարդաբան Արծրունի Հակոբյանը նշեց, որ մանկական հաշմանդամությունը մեր հասարակության ամենակարեւոր խնդիրներից է. «Պարզ հարցաթերթիկների միջոցով մենք որոշել ենք, թե ընտրանքային համակցությունում մոտավորապես 5000 երեխայի սահմանում (մինչեւ 8 տարեկան) որքանը կարող է ունենան կասկածելի հաշմանդամություն՝ ոչ միայն ծանր արտահայտված, այլեւ թեթեւ, որը շատ հաճախ չի նկատվում եւ, հետեւաբար, երեխան ուշ է բժշկական միջամտություն ստանում»,- ասաց բժիշկ Հակոբյանը: Հետազոտությունների արդյունքում բժիշկները կարողացել են որոշել, թե հաշմանդամության պատճառներով ի հայտ եկած հիվանդությունները ինչ տարածվածություն ունեն եւ դրանք դասակարգվել են: Շելդոն Յեթը նշեց, որ ԱՊՀ եւ Արեւելյան ու Արեւմտյան Եվրոպայի երկրներում այսօր 2,5 մլն հաշմանդամ երեխա է ապրում՝ մեկուսացված հատուկ տարածքներում, Հայաստանում 8000 հաշմանդամ երեխա կա, որոնց մեծ մասը հայտնաբերվել է ուշ դպրոցական տարիքում: Նրանցից միայն 4000-ն է սովորում հատուկ հաստատություններում. «Մեր կազմակերպությունը նրանց փորձում է օգնել առանց հատուկ հիմնարկներում տեղավորելու»: Բժիշկ Հակոբյանն ավելացրեց. «Կա նաեւ կատարյալ առողջապահական ծառայություններից եկող հաշմանդամություն: Օրինակ, նորածնային վերակենդանացումը. 500-600 գրամանոց երեխային կարողանում են վերակենդանացնել եւ պահել կամ՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով հիվանդներին նույնպես փրկում են: Նման երեխաները ապրում են, սակայն մեկ կամ մի քանի ֆունկցիաների խանգարումներով: Այս դեպքերը կոչվում են բժշկության հաջողության ձախողումներ»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել