«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը շարունակում է Հայաստան ուղարկել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Գիտությունների ազգային ակադեմիային տրամադրած միջոցները տարիներ շարունակ օգտագործվել են ոչ նպատակային։
Մենք արդեն անդրադարձել ենք 2000 թ. 4 թեմաների ֆինանսավորման փաստաթղթերին, որոնք ցույց էին տալիս, որ տասնյակ գիտնականներ իրենց հատկացված գումարներից ոչ մի լումա չեն ստացել։ Ներքոշարադրյալը վերաբերում է ԳԱԱ-ին հատկացված թանկարժեք տեխնիկայի ոչ նպատակային օգտագործմանը։
Այսպես: 1995-ին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը տրամադրում է շուրջ 47 հազար դոլարի սարքավորումներ 3 խոշորագույն գրադարանների՝ ԳԱԱ գրադարանին, Մատենադարանին եւ Ազգային գրադարանին։ Դա հիմնականում համակարգչային տեխնիկա էր, որից ԳԱԱ-ին հասել է 10 համակարգիչ, 2 տպիչ, 1 սկաներ։ Հիշենք, որ այդ թվին դա առանձնակի կարեւոր եւ թանկ տեխնիկա էր, որովհետեւ համակարգիչը հենց այդ թվերին է սկսել մուտք գործել Հայաստան։ ԳԱԱ միջազգային կապերի բաժնի պետ Գագիկ Էվոյանը, ըստ փաստաթղթերի, ստացել է այդ ամենը, սակայն արդյունքում գրադարանին ոչինչ չի հատկացվել։ Երեկ ողջ օրվա ընթացքում մեզ չմիացրին պրն Էվոյանի հետ (թեեւ ասում էին, որ շենքում է), ում պարզաբանումը եւս կցանկանայինք ներկայացնել:
1995-ի աշնանը Ֆադեյ Սարգսյանը խնդրում է հիմնադրամին՝ աջակցել մի նոր ուղղությամբ՝ Հայաստանի գիտակրթական ինֆորմացիոն ցանցի ստեղծմանը։ «Ինֆորմացիոն շրջափակման պատճառով մեր գիտնականները զրկված են իրենց մշակումները պատշաճ կերպով միջազգային հանրությանը ներկայացնելու եւ անհրաժեշտ գիտական տեղեկատվություն ստանալու հնարավորությունից… Ինֆորմացիոն վակուումից դուրս գալու անհրաժեշտությունը եւ ժամանակակից հեռակոմունիկացիոն միջոցների կարեւորությունը թելադրում են Հայաստանի հիմնական գիտական եւ կրթական կենտրոններին կառուցել իրենց կապերը՝ միջազգային ցանցերի միջոցով»,- ասում է Ֆ. Սարգսյանը՝ հիմնադրամին ուղղված իր նամակում։ Ակնկալվող Հայկական գիտական կոմունիկացիոն ցանցը պետք է ընդգրկեր ակադեմիան, համալսարանները, մաշտոցյան մատենադարանը, Վենետիկի մխիթարյանների միաբանությունը, Երուսաղեմի սուրբ Հակոբ եկեղեցին, Անթիլիասի Կիլիկյան կաթողիկոսությունը, Պզոմասի Հայ Կաթողիկիե վանքը։ 1996-ի մարտի 20-ին ԳԱԱ նախկին նախագահը հաստատում է սարքավորումների ցուցակը, եւ 1997-ին «Գյուլբենկյանն» ուղարկում է մի ամբողջ ինքնաթիռ՝ $250 հազար արժողությամբ տեխնիկայով, 50 հազար էլ տրամադրում է ինքնաթիռի վարձակալությանը։ 1997 թ. դեկտեմբերի 29-ին Ֆ. Սարգսյանը գրում է Հիմնադրամի հոգաբարձու Միքայել Եսայանին, որ համակարգիչներն արդեն տեղադրված են. «Աշխատանքային կայանները, որոնք արդեն տեղադրվում են ինստիտուտներում եւ համալսարանական դասասենյակներում, կապահովեն հետազոտողների եւ ուսանողների գիտական աշխատանքային տեղերը եւ ինֆորմացիոն միջավայրը»։ Ինչպես վկայում է ԳԱԱ հիմնարար գրադարանի տնօրեն ակադեմիկոս Անրի Ներսիսյանը եւ մեր այլ աղբյուրները, այդպիսի «գիտակրթական ցանց» մինչ այս օրն էլ չկա, չնայած հետագայում ԳԱԱ-ն որոշ կազմակերպություններից եւս ստացել է սարքավորումներ։ Իսկ նշված ինքնաթիռից ԳԱԱ-ին հասանելիք 17 համակարգիչների ճակատագիրն արդեն մեկ անգամ ներկայացրել ենք. դրանք տրվել են ԳԱԱ մի քանի ինստիտուտների ու կազմակերպությունների, Ճարտարագիտական համալսարանին, բայց գլխավորապես ԳԱԱ նախագահության բաժիններին։ Փաստորեն, հատկացվող միջոցները ոչ միայն չեն օգտագործվել նպատակային ձեւով, այլեւ «հաշվետվությունը» կեղծ է։
Սա դեռ ամենը չէ: 1999թ. մայիսին Ֆ. Սարգսյանի հաշվի վրա նստել է $54 հազար՝ ԳԱԱ հետազոտողներին օգնելու համար։ 2000թ. մարտի 1-ին՝ նույն նպատակով տրամադրվել է 55 հազար ԱՄՆ դոլար։ Առաջին գումարի մասին տեղեկատվություն չկա։ Իսկ երկրորդ գումարը ծախսվել է այսպես։ $1000-ական բաժանվել է ԳԱԱ բյուրոյի անդամների միջեւ, 2000 դոլար ստացել է վերոհիշյալ Գագիկ Էվոյանը, ապա $1000-ական բաժին է հասել ինստիտուտների տնօրեններին, իսկ որ ամենազարմանալին է՝ $4000 տրվել է Արվեստի պետական թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանին: (Պրն Խաչատրյանի՝ քաղաքից բացակայելու պատճառով պարզաբանում չկարողացանք ստանալ):
Լավ, ասենք՝ բյուրոյի անդամներն ու նրանց մոտ կանգնած անձինք գիտական հետազոտությունների համար են օգտագործել այս գումարները, սակայն ո՞ւր են այն աշխատությունները, գործերը, որոնց վրա պետք է ծախսեին այս գումարները։ Այս մասին ոչինչ չկա որեւէ հաշվետվության մեջ:
Հիշեցնենք, որ գումարն ուղարկվել էր որպես կրթաթոշակ՝ հետազոտողների համար։ Ինչու որեւէ մեկը ձայն չի հանում, որեւէ գիտնական չի ընդվզում, որ իրեն հատկացված սարքավորումները եւ փողերը, որոնցով մեկ քայլ կարվեր գիտության ասպարեզում, տեղ չեն հասել։ Ըստ ակադեմիկոս Անրի Ներսիսյանի, ում միջոցով, ի դեպ, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամն այս բոլոր փաստերը ուզում է հասցնել հասարակությանը, այդ մարդիկ պարզապես դեռ վախենում են Ֆադեյ Սարգսյանից ու նրա կապերից. «Չէ՞ որ նա վարչապետի խորհրդական, կաթողիկոսի հոգեւոր խորհրդի անդամ, ԵՊՀ խորհրդի անդամ, Ճարտարագիտականի խորհրդի նախագահ է, պլյուս կապերը, որ նա ունի։ Նույնիսկ 110 հազար դոլարից տուժած այնպիսի գիտնականներ, ինչպիսիք են ակադեմիկոսներ Է. Աֆրիկյանը, Ա. Մանթաշյանը եւ պրոֆեսոր Ս. Մայրապետյանը, լռում են՝ մոռանալով, որ իրենց գիտական խմբերի տասնյակ գիտնականներ են տուժել ԳԱԱ ղեկավարության կամայականության պատճառով: Անձնական հաշիվներ, պաշտոնապես չգրանցված նամակագրություն՝ ահա այն հիմքը, որի վրա դժվար չէր ուղղել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի օգնությունը ԳԱԱ ղեկավարությանը ձեռնտու հունով»:
Ավելացնենք, որ փաստաթղթերում հիմնադրամը գումար է փոխանցել Ֆ. Սարգսյանի 3 տարբեր հաշվեհամարների վրա։ Սակայն ԳԱԱ նախագահն ունի միայն մեկ պաշտոնական տարադրամային հաշիվ:
Պատրաստ ենք տպագրել ցանկացած հակափաստարկ, պարզաբանում կամ պարզապես կարծիք՝ ներկայացված խնդիրների վերաբերյալ:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ