Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ տուն ուղարկեցին, որդուս՝ պահեցին

Հունիս 17,2006 00:00

ՄԵՆԹ-ալիտետ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին է դիմել Աննա Դավթյանը: Նա գրում է. «2004թ. որդուս՝ Սամվել Դավթյանին ընկերը՝ Սարգիսը, հրավիրել է «2X2» բար՝ թեյ խմելու: Սակայն հետո պարզվել է, որ նա չի կարող վճարել, քանի որ գումար չունի եւ առանց զգուշացնելու հեռացել էր բարից: Որդիս բարի աշխատակցին առաջարկել է գրավ վերցնել իմ բջջային հեռախոսը (որն արժե 150 դոլար)՝ հաջորդ օրը գումարը (15.000 դրամ) բերելու պայմանով»: Սակայն հաջորդ օրը Նոր Նորքի ոստիկանության բաժնից այցելել են նրանց տուն, որդուն տարել են բաժին, հայտնելով, որ նա ավազակային հարձակում է կատարել Սարգիսի դեմ, որն էլ բողոքում է: Ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին եւ տղային մեղադրեցին ավազակություն կատարելու մեջ: Հետագայում դատաքննությամբ այն չի հիմնավորվել եւ նա մեղադրվել է ինքնիրավչության մեջ, դատապարտվել 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատարանում մեղադրանքը պաշտպանել է Նոր Նորքի դատախազի օգնական պարոն Վ. Խոնդկարյանը: «2005թ. դեկտեմբերի վերջերին որդիս ժամկետից շուտ ազատվել է պատիժը կրելուց եւ գտնվում էր կալանավայրերի վարչության հսկողության տակ: Նրա ազատվելուց հետո Նոր Նորքի ոստիկանությունը 5 անգամ, տարբեր օրերի եւ ժամերի, անհիմն փողոցից բռնել եւ ոստիկանություն է տարել նրան, զրուցել, պահանջել ազատականը եւ բաց թողել: Երկու անգամ նրան ոստիկանություն է տարել դատախազի օգնական Խոնդկարյանի որդին, որն աշխատում է ոստիկանության բաժնում, որպես օպեր:

Վերջին անգամ որդուս տարել են կանգառից, պահել մինչեւ ժամը գիշերվա 1-ը՝ առանց պատճառի: Հետո բաց են թողել, ասելով, որ հաջորդ օրը անպայման ներկայանա՝ ազատականով, շեշտելով՝ եթե չգաս, վատ կլինի: Հաջորդ օրը ես որդուս հետ ներկայացել ենք Նոր Նորքի ոստիկանության քրեական բաժին՝ Առաքելյանի մոտ, ներկայացնելով ազատականը: Այդ ժամանակ էլ մեզ հայտնեցին, թե ինչ-որ կին (Եհովայի վկա)՝ Մարինե անունով պիտի գա, որպեսզի առերեսում արվի: Ասվեց, որ ս.թ. փետրվարի 8-ին, երեկոյան 9.30-ին կողոպտել են այդ կնոջը: Մեզ տուն ուղարկեցին, իսկ որդուս պահեցին: Փետրվարի 21-ին Նոր Նորքի դատարանում տեղի է ունեցել նիստ՝ որդուս նախնական կալանքի վերցնելու համար»,- շարունակում է Ա.Դավթյանը: Դատավոր Մուշեղ Բաղդասարյանի դեմ Դավթյանը եւ փաստաբանը բացարկ են հայտնել, նիստը շարունակել է դատավոր Արարատ Պետրոսյանը, պահանջել է բողոքողին, սակայն քննիչ Ռոմիկ Սարդարյանը գնացել է «տուժողի» ետեւից, վերադառնալով հայտնել է, թե նա տանը չէ: Դատավոր Ա. Պետրոսյանը տվել է կալանքի սանկցիա, եւ տղային տեղափոխել են ԿՊԶ:

«Մեղադրանքը անհիմն էր այն պարզ պատճառով, որ փետրվարի 8-ին մենք ընտանիքով, հարազատներով, ընկերներով նշել ենք մորս մահվան քառասուն օրը: Որդիս տնից դուրս չի եկել, մեզ հետ եղել է գերեզմանատանը, ոչ մի տեղ չի գնացել: Գտնում եմ, որ ոստիկանությունը վրեժխնդիր է լինում որդուս նկատմամբ նախկինում իբր կատարած ավազակությունը վերաորակավորելու պատճառով, ամեն կերպ փորձում են գործ սարքել նրա դեմ»,- ասում է Ա.Դավթյանը:

Նա արդարացիորեն հարցնում է. «Եթե որդիս իսկապես փետրվարի 8-ին կողոպտել էր ինչ-որ կնոջ, ապա ինչո՞ւ էին մինչ այդ 5 անգամ տարել ոստիկանություն տարբեր առիթներով եւ բաց թողել՝ չունենալով որեւէ հիմնավորում:

Խնդրում եմ թերթի միջամտությունը, որպեսզի պարզվի իսկությունը, քանի որ որդիս անմեղ է եւ ոչ մի հանցանք չի կատարել»:

Նշենք նաեւ, որ Սամվել Դավթյանը բացարկ է հայտնել նախաքննության մարմնին:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930