Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 17,2006 00:00

Կենտրոն
եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվեց «Երեւանի էլեկտրատրանսպորտ»
ՓԲԸ վարորդ Վալերիկ Ամիրզադյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը: Վալերիկ
Ամիրզադյանը վարել է առաջին երթուղու իրեն ամրակցված «Շկոդա 14 ՏՐ» մակնիշի թիվ 34
տրոլեյբուսը: Մեկ տարի առաջ Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոցի ուղղությամբ երթեւեկելիս
հասնելով 18 շենքի մոտ, ուղեւորներ Իվետա Սիմոնյանի եւ նրա անչափահաս դստեր՝ Դիաննա
Ավետիսյանի խնդրանքով բացել է տրոլեյբուսի դուռը: Ըստ գործի նյութերի, «Վարորդը հնարավորություն
չի տվել անչափահաս Դիաննա Ավետիսյանին անվտանգ իջնել տրոլեյբուսից եւ առանց համոզված
լինելու դրանում՝ փակել է դուռը, որի հետեւանքով երեխան ընկել է ասֆալտին, ստացել
է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ առողջության տեւական քայքայումով»: Կոտրվել
է աջ թեւը: Նշենք, որ Դիաննան սովորում է 11-րդ միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում
եւ այդ օրվանից դպրոց չի կարողացել հաճախել, որովհետեւ շարունակ բուժհիմնարկներում
է: Դատաքննության ժամանակ (դատավոր՝ Պարգեւ Օհանյան) պարզվեց, որ երեխային այդպես
վնասած, ասֆալտին գցած՝ վարորդը շարունակել է ճանապարհը: Մայրը վազել է տրոլեյբուսի
հետեւից, սակայն այն չի կանգնել նաեւ հաջորդ կանգառում: Վարորդը դատարանում կատարվածի
համար զղջաց եւ խնդրեց մեղմ պատիժ: Անչափահասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան
Էդիկ Աղաջանյանը դատարանին ներկայացրել էր բազմաթիվ բժշկական փաստաթղթեր, որոնց թվում
մանկական 19 պոլիկլինիկայի բժիշկ Մ. Վիրաբյանի կողմից տրվածը. 14-ամյա Դիաննան ցավեր
ունի որովայնի ստորին մասում: Ձվարանների վրա նկատվում է 3-4 հատ կիստա: Երեխան
պատմել էր, որ իրենք այդ օրը գնում էին «Օրրան» բարեգործական ճաշարան: Ասել կուզի,
նրա ընտանիքն անապահով խավից էր: Դեպքի օրն էլ մայրը մոտեցել է վարորդին եւ ասել,
որ «իր ուղեվարձը մուծելու գումար չունի»: Դիաննան դատարանում վերհիշեց, որ «վարորդը
բացել է դուռը եւ իրեն հրել դուրս»: Ի դեպ, պատահարի օրը տրոլեյբուսը կանգնած
է եղել երկրորդ շարքում: Դատակոչված վկան, «ՍԱՍ» սուպերմարքետի ավտոկայանող
Սամվել Պետրոսյանը նկատել էր. «Այդ պահին տրոլեյբուսի դուռը փակվել է եւ դուռը կպել
է նրա ոտքին, որի հետեւանքով աղջիկը ընկել է ասֆալտին»: Նա մոտեցել է վիրավոր երեխային,
խորհուրդ է տվել շարժել մատները: Ըստ երեխայի մոր, դստեր բուժման համար ծախսվել
է 150 հազար դրամ: Դատատեխնիկական փորձագետի եզրակացությամբ, վարորդը պետք է ձեռնպահ
մնար երկրորդ գծում կանգնելուց, հնարավորություն պետք է տար ուղեւորներին ապահով
իջնել, ապա դռները փակեր ու վերսկսեր ընթացքը: Դատարանը պատիժ սահմանելիս
հաշվի առավ, որ վարորդը ունի երկու մանկահասակ երեխա, նախկինում դատապարտված չի եղել:
Վարորդին դատարանը պատժեց 150000 դրամ տուգանքով եւ զրկեց 1 տարի տրանսպորտային
միջոց վարելու իրավունքից: Վճռից դժգոհ մայրը դիմելու է վերաքննիչ դատարան: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930