Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մտածում են «ջիպերի» երկարակեցության մասին

Հունիս 17,2006 00:00

Իսկ «զապ» եւ «Մոսկվիչ» քշողները կհարմարվեն

Բենզինի լիցքավորման կետերի «փափախներից» բացի, վարորդները լուրջ դժգոհություններ ունեն նաեւ Հայաստանում վաճառվող բենզինի որակից: Այսօր մայրաքաղաքում հատուկենտ բենզալցակայաններ կան, որտեղ լիցքավորման սարքավորումները ավել թիվ չեն գրանցում, այսինքն՝ մեքենայի մեջ լցնում են այնքան, որքան վարորդը վճարում է, եւ, բացի այդ, բենզինն էլ որեւէ այլ նյութի խառնուրդ չի լինում: Հայաստան ներկրվող բենզինի որակը մտահոգել է նաեւ «AEPLAC»-ի մասնագետներին, որոնք ուսումնասիրել են Եվրոպայի վառելիքի՝ հատկապես բենզինի ու դիզվառելիքի շուկան, այդ թեմայով հրատարակել մի ձեռնարկ՝ ՀՀ իշխանություններին ու գործարարներին ցույց տալու, թե ինչ չափանիշներ են կիրառում եվրոպացիները:

Թեեւ անցյալ տարի դեկտեմբերին ՀՀ կառավարությունը սահմանեց բենզինի նկատմամբ որոշակի պահանջների մասին տեխնիկական կանոնակարգ, բայց, ըստ «AEPLAC»-ի տնօրեն Տիգրան Ջրբաշյանի, դա դեռ շատ քիչ է. «Եվրոպայից սովորելու շատ բան կա, գոնե վառելիքի որակի հետ կապված որոշակի չափանիշներ կարող ենք կիրառել»: «AEPLAC»-ը հայաստանյան վառելիքի շուկայի մասին դեռ որեւէ ուսումնասիրություն չուներ, ուստի մասնագետները գիրքը ներկայացնելիս խուսափեցին եվրոպական որակը համեմատել մեր վառելիքի որակի հետ, միայն Տ. Ջրբաշյանը նշեց, որ «մեր շուկայում վառելիքի որակի վերահսկման ոչ բավարար մակարդակ կա, ինչը մեզ մտահոգել է: Եվրոպական շուկան հետազոտելով՝ մենք նպատակ չունեինք ցույց տալու, թե որքան վատն է մեր վառելիքը, պարզապես ուզում ենք ասել, որ մենք չպետք է հեծանիվ հորինենք, այն հորինված է, կարող ենք վերցնել ու քշել»: «Առավոտի» հետ զրույցում Տ. Ջրբաշյանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, որ գիրքն ավելի շատ «Միկայի» ու «Ֆլեշի» համար է, որոնք Հայաստանում վառելիք ներկրող խոշոր ընկերություններն են, ուստի այն Միկա Բաղդասարովի եւ Բարսեղ Բեգլարյանի սեղանի գիրքը պետք է լինի:

Կառավարությունը շրջակա միջավայրը աղտոտումից զերծ պահելու համար արդեն արգելել է առանց չեզոքացուցիչի ավտոմեքենաների ներկրումն ու շահագործումը, «AEPLAC»-ի մասնագետները կարծում են, որ կառավարությունը պետք է նաեւ պահանջ դնի՝ արգելելու վատորակ վառելիքի ներկրումը: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում մեքենաների մեծ մասը շատ հին է՝ 80-ականների արտադրության, որքան էլ վառելիքը բարձրորակ լինի՝ ծծմբի ցածր պարունակությամբ, միեւնույն է, այն աղտոտելու է շրջակա միջավայրը: Այս առնչությամբ, Տ. Ջրբաշյանի կարծիքով, ամեն դեպքում, բենզինի մաքրությունը կարեւոր է, պետությունը չի կարող պահանջ դնել շրջանառությունից հանել այդ մեքենաները, արգելել այն շահագործել. «Եվրոպան դա արեց, բայց մենք այդ արգելքի դեպքում մեքենա չենք ունենա: Ուստի գոնե վառելիքի նկատմամբ պետությունը կարող է պահանջ դնել ու աստիճանաբար այդ պահանջը խստացնել, որպեսզի բնակչությունն ադապտացվի ու քիչ-քիչ նախընտրի գնել լավը»: Ներկրվող բենզինի որակի լավացման հետ զուգահեռ՝ բնականաբար գինը կթանկանա, թե որքան այն կկազմի, Տ. Ջրբաշյանը չկարողացավ կոնկրետ թիվ ասել: Նկատենք, որ 2009-ին գազը թանկանալու է, ու, փաստորեն, շատ հնարավոր է, որ բենզինն էլ թանկանա, ինչը կազդի ընդհանուր գների բարձրացման վրա: Սակայն, ըստ պարոն Ջրբաշյանի, այս պահին կարեւորը գինը չէ, այլ պահանջը, որը պետությունը պետք է դնի, հետո արդեն համապատասխան սոցիալական քաղաքականություն կվարի. «հայ ժողովուրդը հարմարվող է, կհարմարվի»:

Ինչպես հասկացանք, «AEPLAC»-ի ուսումնասիրությունն ու պահանջը ավելի շատ ձեռնտու էր Հայաստանի ունեւոր խավին: Պարոն Ջրբաշյանի ներկայացմամբ՝ «Հայաստանում շատ կան մարդիկ, ովքեր օգտագործում են թանկ մեքենաներ եւ ստիպված են վատ վառելիքով իրենց մեքենաները փչացնել, կյանքը կարճացնել»: Բնականաբար, թանկ, բայց որակյալ վառելիքը կհարվածի «զապ» կամ սովետական հին մեքենաների վարորդներին, որոնք այլընտրանք չեն ունենա. պետությունը եթե չարգելի վատորակ վառելիքի ներկրումը, բայց վատի կողքին լինի նաեւ բարձրորակը, չի բացառվում, որ լավ վառելիքի անվան տակ «կսաղացնեն» վատը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել