Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆՎԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԵԽԱՅԻՆ

Հունիս 17,2006 00:00

Այն
էլ՝ տարիներ անց, երբ ծնողների կարծիքով՝ նա մահացել է Գյումրիում տեղակայված
«Երեխաների տուն» մանկատունը միակն է հանրապետությունում, ուր տեղափոխում եւ խնամում
են 0-6 տարեկան տարբեր արատներով երեխաների: Այստեղ են տեղափոխում նաեւ արցախցի փոքրիկներին:
Օրերս ՄԱԿ-ի «UNICEF» մանկական հիմնադրամի եւ «APRA» կազմակերպության աջակցությամբ
այցելեցինք «Երեխաների տուն»: Հաստատությունը գործում է 1940-ական թվականներից, բայց
միայն հաշմանդամ փոքրիկներին ծառայել սկսել է 30 տարի անց: Մեր այցելության պահին
70 երեխայի համար նախատեսված շենքում տեղավորված էր 105-ը: Մանկատան տնօրեն Ռուզաննա
Ավագյանը չթաքցրեց, որ շենքային պայմանները չեն բավարարում լիարժեք խնամքի համար.
«Մեր բակում առաջ գնալու համար տարածք ունենք, նույնիսկ նախագիծն ենք արդեն պատրաստել,
բայց մինչ մենք միջոցներ կգտնեինք մասնաշենք կառուցելու համար՝ հարեւան բակերի բնակիչներն
այստեղ ավտոտնակներ ու տնակներ տեղադրեցին: Այս հարցի կապակցությամբ արդեն դատարանի
վճիռ կա, սպասում ենք հարցի լուծմանը: Վերջերս վարչապետն էր մեզ հյուր եկել, նա էլ
է կարգադրել, որ խնդրի լուծումն արագացվի»: Դա միակ խնդիրը չէ, որն ունի մանկատունը:
Դեռեւս խորհրդային տարիներից գործող եւ այժմ էլ անփոփոխ մնացած նորմերով՝ յուրաքանչյուր
6 երեխայի խնամքով պետք է զբաղվի մեկ բուժքույր եւ մեկ դայակ, սակայն բուժանձնակազմն
այստեղ «քչություն» է անում, թեպետ աշխատավարձի չափը նկատելի բարձր է, քան այլ՝ սովորական
հիմնարկներում աշխատող իրենց գործընկերներինը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից,
ում ենթակայության տակ գործում է մանկատունը, տնօրենը դժգոհություն չհայտնեց՝ նախատեսված
գումարը ժամանակին ստանում են, ուշադրություն կա: Բայց այդ գումարը խնամքի համար
է նախատեսված, ոչ թե՝ երեխաներին անհրաժեշտ թանկ արժեցող վիրահատությունների ու մերսումների:
Այս հարցում արդեն մի քանի տարի է՝ ինչ աջակցում է «Վորդ Վիժն» կազմակերպությունը:
«Գայլի երախ», «նապաստակի շրթունք» եւ հենաշարժական արատներով ծնված երեխաներին մի
քանի փուլով վիրահատություններ են անում «Էրեբունի» հիվանդանոցում: Տնօրենը վստահեցրեց,
որ նույնիսկ առանց հիշյալ կազմակերպության միջնորդության էլ հիվանդանոցում իրենց
փոքրիկներին լավ են վերաբերվում, անհրաժեշտ բուժօգնություն տրամադրում: Արդյունքում՝
շտկվում են բազմաթիվ երեխաների բնածին թերությունները: «Այդ ժամանակ սկսում ենք փնտրել
նրանց ծնողներին: Շատերն իրենց արատով երեխային թողել են հենց հիվանդանոցում ու հետագայում
չեն էլ հետաքրքրվել նրանց ճակատագրով, ենթադրելով, թե մահացել է: Վերջերս մի անուշիկ
աղջնակի ծնողներին գտանք, մայրը եկավ, տեսավ եւ դռների մեջ ուշաթափվեց: Շատ հուզիչ
տեսարաններ են լինում: Միայն վերջին տարում երեք երեխայի ողջ եւ առողջ վերադարձրել
ենք իրենց ծնողներին»,- պատմեց Ռ. Գեւորգյանը: Նրա ասելով, տարբեր արատներով
ծնվող երեխաների թիվը գնալով աճում է: Բացատրություն չստացանք այն տեղեկության հետ
կապված, որ ամենաշատը նման երեխաներ բերում են Արարատից, Մասիսից, Արմավիրից ու Երեւանից:
Վերջին տարիներին ավելի շատ հանդիպում են բնածին արատներով, իսկ դրանից առաջ՝ մանկական
ուղեղային կաթվածներով երեխաներ: Երեխաների շուրջ 60 տոկոսը մտավոր խնդիրներ ունի:
Այնուամենայնիվ, նրանք միասին երգեցին մայրիկի մասին երգ, ում երբեք չէին տեսել:
Մայրիկները չեն այցելում նաեւ այն ժամանակ, երբ գիտեն իրենց երեխայի գտնվելու վայրը:
Տնօրենը չի մեղադրում նրանց՝ «դա շատ ծանր հոգեբանական սթրես է»: Առավել եւս չի մեղադրում,
որ փոքրիկին չեն տանում տուն, որովհետեւ «նրանց անհրաժեշտ է մասնագիտական խնամք,
բոլորը չէ, որ կարող են դա ապահովել»: Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել