Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԿ՝ չափահասների կուսակցություն

Հունիս 17,2006 00:00

Ըստ
Տիգրան Կարապետիչի՝ «Հոկտեմբերի 27»-ը չի բացահայտվել, իսկ անչափահասներին տված նվերները
ընտրակաշառք չեն: «Շատերը չեն հավատում, որ կան ազնիվ մարդիկ, բայց ես իրենց
ճանաչում եմ: Կան մարդիկ, որ ընտրակաշառք չեն վերցնի եւ ազնիվ կքվեարկեն»,- երեկ
«Փաստարկ» ակումբում հայտարարեց խորհրդարանական ընտրությունների պատրաստվող Ժողովրդական
կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ում կարծիքով՝ այդ «անկաշառ» զանգվածը
կկազմի ընտրողների մոտ 35%-ը: Վերջիններիս մի փոքր մասը կընտրի իր ծանոթ-բարեկամներին,
իսկ մնացած 30%-ը՝ բնականաբար՝ ԺԿ-ին: Պարոն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Ժողովրդական
կուսակցությունը չի պատրաստվում որեւէ այլ քաղաքական ուժի հետ դաշինք կազմել կամ
իր ստացած ձայները փոխանցել այլ ուժի: Նա նաեւ չբացառեց իր մասնակցությունը նախագահական
ընտրություններին, թեեւ նախընտրում էր խոսել մոտակա եւ ոչ թե հեռակա պլաններից: Տիգրան
Կարապետիչի կարծիքով՝ ՌԴ-ում հայերի սպանության շարժառիթները տնտեսական են. «Հայերը
Ռուսաստանում հասել են տնտեսական հաջողությունների եւ օգտվում են բոլոր կապիտալիստական
բարիքներից՝ ջիպեր, դաչաներ եւ այլն, շատերին դա դուր չի գալիս, եւ ճնշումները դեռ
էլի կշարունակվեն, բայց համատարած չի լինի, որովհետեւ ռուսները չեն ուզի կորցնել
Հայաստանը»: Նա կարծիք հայտնեց նաեւ ավիավթարի ենթարկված A320 ինքնաթիռի մասին: Ըստ
այդմ՝ «ասում են՝ կա մարդկային գործոն, բայց եթե մեզ չտեղեկացնեն, ուրեմն չենք իմանա,
եւ դա կմնա չբացահայտված, ինչպես «Հոկտեմբերի 27»-ը եւ այլն»: Եվ վերջապես,
նա խոսեց նաեւ «Եվրատեսիլի» մասին. «Դա սիրուն շոու էր»: Սակայն երբ լրագրողները
հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ մի օր էլ ԱԼՄ-ի ադամանդները հայտնվեն «Եվրատեսիլում»,
Կարապետիչը բարկացավ. «Մի խառնեք մեր հեռուստաընկերությունն այդ խաղերի հետ: Մերոնք
անկեղծ, միամիտ, մաքուր երեխաներ են: Մերը ժողովրդական ֆոլկլոր է, կամ ոնց-որ առաջ
էին ասում՝ «րպսՖրՍՌռ ՒՏսՖՍսՏՐ» է»: Նրան բարկացրեց նաեւ լրագրողների ակնարկն այն
մասին, որ ԱԼՄ-ով հեռարձակվող շոուների ժամանակ նվերներ են բաժանվում, եւ դա կարող
է ընտրակաշառք դիտվել: «Ամեն տեղ եք ուզում ընտրակաշառք տեսնել, դա լավ է, բայց մենք
ծաղիկներ, ֆոտոապարատներ, մագնիտոֆոններ ենք տալիս երեք, տասը, տասնհինգ, քսան տարեկան
երեխաներին, ու ես նրանցից ոչ մեկին չեմ ընդգրկել կուսակցություն: Մեր կուսակցությունում
անչափահասներ չկան»,- տեղեկացրեց Կարապետիչը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել