Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՌԲԱ ԵՍ՝ ՀԱՐՑԵՐ ԿԼՈՒԾԵՍ

Հունիս 17,2006 00:00

Հիմա
սա գործարարներից շատերի համար է հարմար կարգախոս դարձել 2001
թվականի դեկտեմբերից ի վեր «Ատլանտիկ» ՍՊԸ-ն, որն Օպերայի տարածքում ունի 1550 քմ
տարածքով համանուն օբյեկտ, ավելի քան 5 տարի հաջողությամբ կարողանում է խուսափել
իր հարկային պարտավորություններից: Խուսափում է այնքանով, որ հարկայինում այս օբյեկտի
վերաբերյալ փաստաթղթերում «Ատլանտիկի» զբաղեցրած տարածքը ներկայացված է ընդամենը
200 քմ չափով եւ հարկվում է համապատասխանաբար ըստ այդմ՝ այն դեպքում, երբ իրականում
«Ատլանտիկը» միայն դրսում զբաղեցնում է 1200 քմ տարածք, 150 քմ տարածք զբաղեցնում
է օբյեկտին պատկանող դիսկոտեկան, 100 քմ-ն՝ փակ տարածքն ու եւս 100 քմ-ն՝ օթյակը:
Ավելին, սրճարանում արդեն 5 տարի դիսկոտեկայի անվան տակ գործում է գիշերային ակումբ,
որի գոյությունն ընդհանրապես ցույց չի տվել, թեեւ այն, ըստ գործող օրենքի, պետք է
կրկնակի հարկվեր: Իրականում անցած ավելի քան 5 տարիների ընթացքում «Ատլանտիկը» հարկեր
է վճարում ընդամենը գործող ռեստորանի՝ 100 եւ ամբողջ բացօթյա սրճարանի՝ 100 քմ տարածքների
մասով: ՀՀ հարկային պետական ծառայության Կենտրոնի համայնքի նախկին պետ պարոն
Աղաջանյանը, ըստ ամենայնի, դա նորմալ ու բնականոն երեւույթ էր համարել՝ թերեւս, նկատի
ունենալով այն, որ հիշյալ սրճարանը պատկանում է իրենց կոլեգային՝ հարկայինի Արաբկիր
համայնքի «Արաբկիր-1»-ի «օպերի» պետ Արսեն Ղազարյանին: Այդ ընթացքում հարկայինի տեսուչներին
այդպես էլ չէր հաջողվել իրենց գործընկեր Արսեն Ղազարյանին հարկային դաշտ բերել: «Լա՜վ,
մեր կոլեգայի օբյեկտն է»,- այսպիսին էր եղել պարոն Աղաջանյանի պատասխանն իր ենթականերին:
Սակայն մոտավորապես մեկուկես ամիս առաջ Կենտրոնի հարկայինում փոփոխություն էր եղել.
նոր պետ էր նշանակվել Թաթոս Իգիթյանը: Սրանից ոգեւորված՝ հարկայինի տեսուչներն այս
խնդրով դիմել էին արդեն նոր ղեկավարին: Կենտրոնի հարկայինի առեւտրի ու սպասարկման
գծով տեսուչները սին հույսեր էին փայփայել, թե Թաթոս Իգիթյանը «թափով տղա» է եւ ուժը
կպատի «Ատլանտիկին» հարկային դաշտ բերել՝ պաշտոնապես գոնե 500-600 քմ տարածք ցույց
տալու համար: Ասում են՝ սկզբում Թ. Իգիթյանը համաձայնել էր ու տեսուչներին ուղարկել
էր տեղում նոր չափագրումներ անելու՝ «ո՞նց թե դիսկոտեկան 5 տարի ցույց չեն տվել,
դա ի՞նչ է նշանակում: Գնացեք, Արսենը չէ՝ ով ուզում է լինի, գոնե 600 քմ-ն պետք է
ցույց տան»: Մոտ հինգ-վեց օր առաջ տեսուչները գնացել էին «Ատլանտիկ» ու չափագրում
էին արել, որից հետո Արսեն Ղազարյանը սկսել էր տեսուչների ահաբեկման իր օպերացիան:
«Տղաներին բոլորին առանձին-առանձին վախեցրել է, թե տեսեք՝ ձեզ ինչ եմ անելու, ձեր
բարեկամների գլխին ինչ եմ բերելու, ինչ ակտեր եմ գրելու»,- ըստ մեր աղբյուրների,
այս տոնով էր փորձել իր հարցերը պարզել «Ատլանտիկի» սեփականատերը: Ի վերջո, «օպերներին»
վախեցնելուց հետո նա, ըստ ամենայնի, «լեզու էր գտել» Կենտրոնի հարկայինի պետ Թ. Իգիթյանի
հետ: Վերջինս էլ, մեր տեղեկություններով, համաձայնել էր ու իր ենթակա տեսուչներին
հորդորել, թե՝ «մեր կոլեգան է, գնացեք մի 300-400 մետր գրեք՝ վերջանա-գնա»: Մի
կողմ թողնենք այդ դրվագը՝ դրան հետո անդրադառնալու համար ու իմիջիայլոց հավելենք,
որ այսքանից հետո էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արսեն Ղազարյանը շարունակել էր
քեն քշել ու թուր ճոճել տեսուչների նկատմամբ՝ դրանց տեսեք, եկել են իմ օբյեկտում
հարց են բարձրացնում, չափեր են ավելացնում… Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների,
ժամանակին՝ մոտ երկու տարի առաջ, «Ատլանտիկը» գրանցված է եղել Արսեն Ղազարյանի կնոջ՝
Ինեսա Էլոյանի անունով, ով օբյեկտի տնօրենն էր: Բայց, թերեւս, ինչ-որ մեկի խորհրդով,
Ա. Ղազարյանը որոշել էր իր սեփականությունն անվանափոխել եղբոր՝ մոսկվաբնակ Հովիկ
Ղազարյանի անունով: Մեր աղբյուրների մատուցմամբ, հարկայինի տեսուչները ժամանակին
փորձել էին նաեւ Հ. Ղազարյանի հետ բանակցել ու համոզել, որ փաստացի 1550 քմ-ոց տարածքը
ներկայացվի գոնե 500 քմ: «Հովիկն էլի չափի մեջ տղա է: Երբ օպերները գնացել էին, նա
համաձայնել էր 500 քմ-ի հետ: Իսկ Արսեն կոչեցյալը հիմա թուր է ճոճում տղաների վրա»,-
մեզ հետ զրույցում փոխանցեց գործին լավատեղյակ մեր աղբյուրը: Վերջինիս պնդմամբ,
ի դեպ, այս խնդիրը դեռեւս վերջնականապես հարթված չէ: Դրա շուրջ բանակցությունները
դեռեւս ավարտված չեն: Իսկ հարցադրումը, թե՝ պատասխան տալո՞ւ են Կենտրոնի հարկայինի
նախկին պետ պարոն Աղաջանյանը կամ այդ պաշտոնն արդեն մեկուկես ամիս զբաղեցրած Թաթոս
Իգիթյանը այն բանի համար, որ «Ատլանտիկն» իրենց քթի տակ ու իրենց անմիջական գիտությամբ
ստվերային գործունեություն է իրականացրել՝ խուսափելով հարկային պարտավորություններից,
կամ՝ ի՞նչ սկզբունքով են նրանք համաձայնել 1550 քմ տարածքը ցույց տալ մի դեպքում՝
ընդամենը 200, մյուս դեպքում՝ 400-500 քմ չափով, մնում է բաց: Ասել, թե մեր
երկրի ղեկավարությունն ի դեմս այս օբյեկտ հաճախող ՀՀ հարկային պետական ծառայության
պետ Ֆելիքս Ցոլակյանի եւ ՀՀ նախագահի, տեղյակ չեն սրա մասին, թերեւս, միամտություն
է: Եթե անգամ նրանք այս մասին տեղյակ չեն՝ ավելի վատ նրանց համար: Հատկապես ստվերային
տնտեսության, կոռուպցիայի դեմ իբր պայքարող մեր պատկան մարմիններին, բազմազան հանձնաժողովներին
ու վերահսկողական ծառայություններին հուշում ու առաջարկում ենք իրենց պայքարը սկսել
կոնկրետ դեպքերից, ինչպիսին, օրինակ՝ այս մեկն է, եթե, իհարկե, այդ բազմաթիվ հանձնաժողովներն
ու ծառայություններն իրե՛նք կոռուպցիան խրախուսող օղակներից չեն, ինչում՝ մենք խիստ
կասկածում ենք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել