Հայկական
նեոռադիկալիզմ Կարո՞ղ են արդյոք Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները
վերջապես հանգիստ շունչ քաշել: Կարելի՞ է արդյոք էապես նվազած համարել վերջին շրջանում
աներեւակայելի սանձարձակության հասած ռուս ֆաշիստների կողմից նրանց կյանքին սպառնացող
վտանգը ՌԴ Հարավային դաշնային օկրուգում Պուտինի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի՝
ՀՀ կատարած այցի ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումների լույսի տակ: Փորձենք
հասկանալ, թե որքանով են արմատական Կոզակի հետ շփման արդյունքներով ծնված այն հակամիջոցները,
որոնք, ենթադրաբար, պետք է ձեռք առնվեին կամ առնվազն՝ կանխանշվեին՝ Ռուսաստանի հայերին
այդ նորօրյա չարիքից փոքրիշատե ապահովագրելու համար: Եվ այսպես, Քոչարյան-Կոզակ
հանդիպում: Դրա ընթացքում, ի թիվս այլ «ֆորպոստային» հարցերի, բնականաբար, քննարկվել
է նաեւ Ռուսաստանում հայերի սպանությունների հարցը: Չքննարկել չէին կարող, թեեւ երկուստեք
շատ կուզենային. չափազանց ծանր է ռուսների հանցանքը եւ, բարեբախտաբար՝ այս անգամ
չափազանց մեծ՝ վերջին տարիներին ամեն ինչի նկատմամբ անտարբեր դարձած հայ հասարակության
շրջանում առաջացած ռեզոնանսը: Եվ գիտե՞ք ինչ են արել նրանք՝ «դատապարտել են վերջին
ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանություններն ու նշել,
որ այն չի բխում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի շահերից» (հատված՝ պաշտոնական լրատվությունից,
խմբ.): Հենց այդպես՝ կտրուկ եւ բովանդակալից: Մինչդեռ Ռուսաստանում, մինչ այս հայտարարությունը,
շատերը գտնվում էին խոր ապատեղեկատվության մեջ, կարծելով, թե հայ անզեն երիտասարդներին
ցուցադրաբար սպանելը հենց այն է, ինչը հրատապորեն պահանջում է Ռուսաստանի ստրատեգիական
շահը: Փառք Աստծո, հիմա նրանք՝ այդ սափրագլուխ սրիկաներն արդեն ռուսական շահերի մասին
կիմանան ճշմարտությունն ու կդադարեցնեն հայերի կոտորածը: Քոչարյանն իր արմատականության
մեջ ավելի հեռուն է գնացել: Նա իրեն բնորոշ քաջությամբ հայտարարել է, թե Ռուսաստանի
իրավապահները «պետք է կատարվածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, հստակ ու հասկանալի»:
Թերեւս, նկատի ունենալով նույն արագությունը, ինչ արագությամբ որ Հայաստանի իրավապահներն
արձագանքում են հայ սափրագլուխների գործողություններին: Սա դեռ ի՞նչ: Կոզակի
հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ընդհանրապես քարը քարին չի թողել, ազնիվ ցասումով
«վստահություն հայտնելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը լուրջ քայլեր կձեռնարկի
մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ նման երեւույթներն այսուհետ կանխարգելելու
համար»: Մինչդեռ այդ մտքին Կոզակի տված պատասխանից հետո արդեն վերջնականապես կարելի
է արխայնանալ ու խաղաղված գնալ տուն: Նա ասել է, թե այդ հանցագործություններն ուղղված
չեն հատկապես հայերի դեմ: Վերջ, սրանից հետո ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներն
այլեւս կարող են հանգիստ ֆռֆռալ ու անգամ մոտ տարածությունից թքել սքինհեդների վրա:
Նրանք փրկված են: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ