Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չի մտնի ռուբլու գոտի

Հունիս 17,2006 00:00

Այն ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի համար
հավասարազոր է յուանի գոտուն «Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի թղթակցի
հարցին, թե «Ռուբլու գոտին իրակա՞ն է ԱՊՀ-ի համար», ռուս օլիգարխ, «ՌուսԱլ»-ի սեփականատեր
Օլեգ Դերիպասկան պատասխանել էր դրականորեն, մասնավորապես պատճառաբանելով այն հանգամանքով,
որ դոլարն այժմ մեծ խնդիրներ ունի. «ԱՊՀ ներսում մեզ պետք է ռուբլի: Մի վերապահությամբ՝
ռուբլու գոտում կընդգրկվեն նրանք, ովքեր ունեն կառուցողական իշխանություն»: Թղթակցի
հարցին, թե՝ «Կարո՞ղ եք նշել նման մոտեցման օրինակ», Դերիպասկան պատասխանել էր. «Իհարկե:
Հայաստա՛նը: Այնտեղ ձեռնարկությունները դառնում են մեր սեփականությունը, եւ լավ երաշխիքներ
կան բիզնեսի համար: Իշխանության կառույցներն էլ այդ պատճառով լավ են ձեւավորվում»:
Մեր ունեցած տեղեկություններով, Օլեգ Դերիպասկան հետո հրաժարվել է խիստ անկեղծ
այս հարցազրույցից, որը չտարածելու խոստումը չէր պահպանվել: Այնուամենայնիվ, որոշեցինք
պարզել, թե որքանով է իրատեսական ԱՊՀ տարածքում ռուբլու գոտի հաստատելու ծրագիրը,
եւ արդյոք Հայաստանի ֆինանսական պատասխանատուները նպատակահարմար կհամարե՞ն նման գոտում
ընդգրկվելը: «Հայաստանի համար նպատակահարմար չէ մտնել ռուսական ռուբլու գոտի:
Ինչպես նաեւ նպատակահարմար չէ մտնել յուանի կամ որեւէ այլ գոտի, քանի որ մեր քաղաքականությունը
եվրաինտեգրացումն է: Եվ մեր օրենսդրությունն այսօր համապատասխանեցնում ենք եվրոպական
չափանիշներին,- «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան
Սարգսյանը:- Եթե ապագայում այդպիսի խնդիր առաջանա, թե ինչպիսի արժութային գոտու նպատակահարմար
կլինի, որ մենք պատկանենք, բնականաբար՝ դա եվրոյի գոտին է»: Իսկ մեր հարցին,
թե ընդհանրապես հավանակա՞ն է համարում, որ Ռուսաստանը կարողանա ձեւավորել ռուբլու
գոտի ԱՊՀ-ի համար՝ ԿԲ նախագահը պատասխանեց. «Այդպիսի ծրագիրն ունի երկու բաղկացուցիչ
մաս՝ քաղաքական եւ տնտեսական: Քաղաքական բաղկացուցիչը ենթադրում է, որ պետք է լինեն
մի խումբ երկրներ, որոնք պետք է ձեւավորեն միասնական օրենսդրական դաշտ եւ ունենան
քաղաքական համաձայնություն: Այդպես եղավ եվրոյի գոտու պարագայում, քանի որ քաղաքական
չափանիշների շուրջ պետք է լինի համաձայնություն, ինչը ես չեմ տեսնում, որ կա: Արդեն
շուրջ 5 տարի է՝ հետեւում ենք Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ ռուբլու միասնական գոտու
ձեւավորման գործընթացին, որը չի ստացվում՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով: Եվ
երկրորդ՝ տնտեսական բաղադրիչից էլ շատ հեռու ենք այսօր: Ու մոտակա 10 տարիներին մեզ
չի սպառնում, որ հնարավոր լինի իրականացնել այնպիսի՛ տնտեսական բարեփոխումներ եւ
համաձայնության գալ այնպիսի՛ տնտեսական սկզբունքների շուրջ, որոնք մեզ թույլ կտան
հայտնվել ռուբլու գոտում: Այնպես որ, առաջիկա 10 տարիների համար այդպիսի պնդումները
չեմ համարում իրատեսական»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել