Ըստ որոշ պատգամավորների, ոչ հեռավոր ապագայում Հայաստանում եւս որոշ օլիգարխներ կհայտարարեն, որ ՀՀ նախագահը «իրենց մոտ է աշխատում»:
Պատգամավորներից մեկը ԱԺ հերթական նիստերից մեկի ժամանակ կոչ արեց իշխանություններին՝ թույլ չտալ, որ Հայաստան երկիրն օլիգարխացվի: Այդ կոչն անպատասխան մնաց եւ հետագայում ոչ ոք չանդրադարձավ դրան: Սակայն, թերեւս, հարկ կա անդրադառնալու, քանի որ, ըստ որոշ գնահատականների, մենք առանց այն էլ հեռու չենք օլիգարխացված երկիր դառնալու հեռանկարից: Մանավանդ որ, միայն խորհրդարանում գործարար-պատգամավորների պակաս չի զգացվում, եւ նրանցից յուրաքանչյուրն իրեն հաստատ եթե ոչ աստված, գոնե կիսաստված է զգում: Նաեւ հայտնի է, որ որոշ գործարարներ իրենց բիզնեսը ծաղկեցնում են ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրանից դուրս եւ չեն զլանում հայտարարել, որ իրենց «գործը» դրսում է եւ իրենք վախենալու բան չունեն: «Առավոտը» փորձեց ճշտել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի դիրքորոշումը եւ կարծիքը օլիգարխների եւ երկրի հնարավոր օլիգարխացման հեռանկարների մասին: Վերջերս ռուսաստանյան ամենախոշոր օլիգարխներից մեկի՝ Պուտինի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչ Օլեգ Դերիպասկայի խիստ բացառիկ հարցազրույցում նման լուրջ բացահայտումներ են արված Ռուսաստանի վերաբերյալ: Իսկ ո՞վ ասաց, որ մենք ռուսներից ավելի լավն ենք: Հարցազրույցի (որից Օ. Դերիպասկան, ասում են, հրաժարվել է) ամենակարեւոր շեշտադրումները վերաբերում էին հատկապես հետեւյալին. ժողովրդավարության եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցությունները դատարկ ժամավաճառություն են՝ թե՛ առաջինի եւ թե՛ երկրորդի չափերն ու ձեւերը որոշում է նախագահը՝ իր օլիգարխիկ շրջապատով:
Իհարկե, մեր հարցին պատասխանելով՝ հայաստանյան քաղաքական մտքի գիգանտներն այսքան հեռուն գնացող ենթադրություններ չարեցին: Սակայն, այնուամենայնիվ, իրենց ասելիքն ասացին: Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում իր պատգամավոր գործընկերոջ հորդորին, որ չի կարելի օլիգարխացնել երկիրը, «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը պատասխանեց այսպես. «Ես իմ գործընկեր պատգամավորի լավատեսությունը չեմ կիսում, երկիրը վաղուց ի վեր օլիգարխացված է, որի բացասական պտուղները մենք հիմա ճաշակում ենք ամեն քայլափոխի եւ ամեն օր»:
ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հարցին կարճ պատասխանեց. «Ձեր մտավախությունները տեղին են, իրոք նման վտանգ կա, եւ ամբողջ հասարակության ու քաղաքական ուժերի խնդիրն է դա թույլ չտալ»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համար, ինչպես միշտ, ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Ըստ նրա՝ օլիգարխացման վտանգը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր պետություններին. «Եվ այդ պատճառով էլ մենք պիտի աջակից լինենք քաղաքական գործընթացներին, եւ երբ ասում են քաղաքական, դրանից անբաժանելի է նաեւ տնտեսական քաղաքականությունը: Բայց Հայաստանը պետք է հասնի այն բանին, որ յուրաքանչյուրն իր գործով զբաղվի»: Իսկ հաջորդ դիտարկմանը, թե հնարավո՞ր է ինչ-որ պահի օլիգարխներից մեկը հայտարարի, թե ՀՀ նախագահը «իր մոտ է աշխատում», Գալուստ Սահակյանը դարձյալ չկորցնելով իրեն հատուկ հումորը, պատասխանեց. «Նայած Հանրապետականը ի՞նչ ճակատագիր կունենա»: Ով ինչից ուզում է խոսի, իսկ Գալուստ Գրիգորիչը միայն իր «Հանրապետականի» մասին է խոսում: Ի դեպ, նույն ՀՀԿ խմբակցությունում եւս քիչ չեն օլիգարխացվող պատգամավոր-գործարարները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը (չմոռանանք, որ իր կուսակցության համամասնական ցուցակում ՀՅԴ-ն տեղ է տալիս, եւ հետագայում այդպես էլ վարվելու է, բացառապես այն գործարարներին, ովքեր ըստ այդ կուսակցության, կհամապատասխանեն ազգային բուրժուազիայի դաշնակցական պատկերացումներին) Հայաստանի օլիգարխացման հնարավորությունների մասին հետեւյալ կարծիքն ունի. «Ես գտնում եմ, որ այսօր այնպես չէ, որ օլիգարխներն են իշխում այս երկրում, բայց բոլորս էլ գիտենք, որ օլիգարխներ կան, եւ սա ունի օբյեկտիվ պատճառներ»: Որպես օբյեկտիվ պատճառ նշվեց համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունը, որը, ըստ պատգամավորի, կարող է վերահսկել այս ամբողջ գործունեությունը եւ բոլորին հավասար վիճակի բերել. «Կարեւորը օրենքի առջեւ բոլորը հավասար լինեն: Իսկ ովքե՞ր են օլիգարխներ դառնում. նրանք, ովքեր տարիներ շարունակ հարկերից խուսափում են, որովհետեւ չեմ կարծում, որ Հայաստանում ազնիվ բիզնեսի դեպքում օլիգարխ հնարավոր է դառնալ»: Հրայր Կարապետյանը չի կարծում, որ երբեւէ հնարավոր է այնպիսի իրավիճակ, որ օլիգարխներից որեւէ մեկը հայտարարի, թե ՀՀ նախագահը իր մոտ նախագահ է աշխատում, քանի որ, ըստ մեր զրուցակցի՝ այնուամենայնիվ, քաղաքականությունը թելադրում են քաղաքական ուժերը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ