Ինչ
փոփոխություն էլ անեն օրենքում կամ Սահմանադրության մեջ՝ այն որեւէ կերպ չի անդրադառնում
«Ա1+»-ի նկատմամբ ՀՌԱՀ գործելակերպի վրա: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային
հանձնաժողովը հունիսի 13-ին «Ա1+»-ին վերջապես ուղարկել է որոշման պատճենը, որով
պիտի հիմնավորեր, թե ինչու մերժեց ռադիոհաճախականություն տրամադրել ընկերությանը
2005-ի դեկտեմբերին հայտարարված մրցույթում, որի արդյունքներն ամփոփվեցին 2006-ի
մայիսի 25-ին: Նշենք, որ 2003-ի դեկտեմբերին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»
օրենքում արվել էր մի լրացում, ըստ որի՝ «Ազգային հանձնաժողովը պետք է պատշաճ կերպով
հիմնավորի արտոնագրատիրոջն ընտրելու, արտոնագիր տալը մերժելու եւ արտոնագիրն ուժը
կորցրած ճանաչելու մասին որոշումները»: Սակայն այդ «պատշաճ» որոշումն, ըստ «Ա1+»-ի
պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի՝ կառուցվածքային առումով լրիվ նույնն է, ինչ մինչ
օրենքի փոփոխությունն ուղարկված համանման պատասխանները. «Ընդամենը մի նախաբան է ավելացել,
որտեղ նշված է, թե «մենք հետազոտել ենք ձեր առաջարկը: Այն համապատասխանում է մեր
մրցույթի պայմաններին»: Հետո նշել են, թե ընկերություններից որ մեկը քանի միավոր
է ստացել, եւ «համեմատելով» ու հաշվի առնելով օրենքի 37 եւ 50 հոդվածները՝ որոշել
են նրանց տալ արտոնագիր: Միակ բառը, որն ավելացել է այս մասում նախորդ առաջարկների
համեմատ՝ հենց «համեմատելով»-ն է: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ էլ են մատնանշել
օրենքի այն հոդվածները, որոնց համաձայն պիտի արվի ընտրությունը, եւ մնացած 10 մրցույթներում
էլ: Մինչդեռ եթե այս անգամ ինչ-որ թվերի խաղ գնաց էլ, ապա նախորդ մրցույթներում այդ
հոդվածներով սահմանված չափորոշիչներով՝ մեր առավելությունն ակնհայտ էր մրցակիցների
նկատմամբ»: Հավելենք, որ ՀՌԱՀ-ը շարունակաբար անտեսում է նաեւ օրենքի 54-րդ
հոդվածը, ըստ որի՝ «Ազատված հաճախությամբ հեռարձակման արտոնագրի համար մրցույթի ժամանակ
այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է՝ ա) գործող այն հեռուստառադիոընկերություններին,
որոնք իրենց գործունեության ընթացքում օրենսդրության խախտումներ թույլ չեն տվել.
բ) գործող այն ընկերություններին, որոնք հեռուստառադիոհաղորդումների արտադրության
եւ հեռարձակման բնագավառում ունեն առնվազն 3 տարվա փորձ»: ՀՌԱՀ-ի վրա այս
առնչությամբ որեւէ անդրադարձ չեն ունենում ոչ միայն օրենքները, այլ նաեւ Հիմնական
օրենքը: Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է հեռուստաոլորտը կարգավորող
միայն մեկ մարմին: Եվ ենթադրվում է, որ ՀՌԱՀ-ին պիտի փոխանցվեն Հանրային հեռուստատեսության
եւ ռադիոյի խորհրդի կարգավորիչ լիազորությունները: Անցած տարի օգոստոսի 30-ին
հրավիրված արտահերթ նստաշրջանում անդրադառնալով այն հարցին, որ չնայած լիազորությունների
փոփոխմանը՝ ՀՌԱՀ անդամները շարունակելու են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների
ժամկետի ավարտը, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ասել էր. «Չեմ բացառում, որ սահմանադրական
փոփոխությունների դրական ելքի պարագայում, կարճ ժամանակ անց, երբ բարելավվի «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասին» օրենքը, մարդիկ, որոնց պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել՝ կարող
են հրաժարական ներկայացնել, եւ այդ ժամանակ մենք կկարողանանք ձեւավորել նոր հանձնաժողով»:
Այդ նոր անկախ մարմնի անդամների կեսը պիտի ընտրվի ԱԺ կողմից, իսկ կեսին նշանակելու
է ՀՀ նախագահը: Իսկ հարցին ի պատասխան, թե ո՞վ է պարտադրելու Հեռուստատեսության եւ
ռադիոյի օրենսդրորեն իբր անկախ հանձնաժողովի ներկա անդամներին ներկայացնել հրաժարականի
դիմում՝ պրն Թորոսյանն ասել էր. «Բազմաթիվ հարցեր կան կյանքում, որոնք կարգավորվում
են ոչ միայն օրենքով, այլ նաեւ քաղաքական մշակույթով: Օրինակ՝ ես լինեի այդ հանձնաժողովի
անդամ, երբ օրենքը փոխվեր՝ հրաժարական կներկայացնեի՝ ինձ մնար 1, թե 5 տարի: Եվ այդ
ժամանակ նո՛ր օրենքով, նո՛ր Սահմանադրությամբ, նո՛ր մարդիկ կգործեին այդ հանձնաժողովի
շրջանակներում»: Օրերս հրավիրված ասուլիսում անդրադառնալով ՀՌԱՀ լուծարման
հավանականությանը՝ հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հարցը բնավ չպայմանավորեց
օրենքի փոփոխություններով, որոնք, ի դեպ, դեռեւս չեն էլ արվել: Պարզվեց, որ պրն Ամալյանը
հաստատակամ է պաշտոնավարել մինչեւ իր ժամկետի ավարտը՝ 2007-ի մարտը. «Դա չի նշանակում,
որ հանձնաժողովը պիտի լուծարվի: Ինչի՞ պիտի լուծարվի: Կան 6 անդամներ, որոնց պաշտոնավարման
ժամկետները դեռեւս շարունակվում են»: Այսպիսով, ՀՌԱՀ անդամները չունեն պահանջված
«քաղաքական մշակույթը»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մեզնից տեղեկանալով այդ մասին՝
ասաց. «Այն, ինչի մասին ես ասել եմ նախկինում՝ պարզապես տարբերակ էր, հնարավորություն,
որը մարդիկ կարող են օգտագործել կամ չօգտագործել: Բնականաբար, որեւէ մեկը չի կարող
հանձնաժողովի անդամներին պարտադրել, որ նրանք ներկայացնեն հրաժարական: Իրենց իրավունքն
է, եթե չեն պատրաստվում հրաժարական տալ»: Մեր նկատառմանը, թե սահմանադրական փոփոխությունները
եւս որեւէ բան չփոխեցին հեռուստաոլորտը կարգավորող առավել անկախ մարմնի ձեւավորման
առումով՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ո՛չ, իհարկե այդպես չէ: Սահմանադրական փոփոխություններն
ունեն հատուկ դրույթ հանձնաժողովի ձեւավորման վերաբերյալ, եւ բնականաբար՝ գործելու
է այդ դրույթը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ