Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՅՈԹ ՈՒՂԵԳԻՐԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է

Հունիս 16,2006 00:00

Մրցաշրջան-2006-ում
բռնցքամարտի պաշտոնական կարեւոր մեկնարկները դեռ առջեւում են: Սակայն մարզաձեւի Հայաստանի
ազգային հավաքականը դրանց նախապատրաստվել սկսել է դեռ տարեսկզբից: Մեր աշխատակիցը
ներկա եղավ հավաքականի հերթական մարզումներից մեկին ու զրուցեց գլխավոր մարզիչ Ռաֆայել
Մեհրաբյանի հետ: – Պարոն Մեհրաբյան, ինչի՞ն են նվիրված մարզումներն այս փուլում:
– Մինչեւ այժմ ինչ պլանավորել էինք՝ կատարել ենք: Մասնակցել ենք միջազգային
մրցաշարերի: Դրանք ավարտվել են մայիսի սկզբներին, որոնց արդյունքով ընտրվել են հավաքականի
թեկնածուները: Այս տարվա գլխավոր պաշտոնական ստուգատեսին՝ Եվրոպայի առաջնությանը
մասնակցելու համար ծրագրել ենք հավաքների երեք փուլ: Առաջինն սկսել ենք մայիսի վերջին,
Ծաղկաձորում՝ 25 բռնցքամարտիկի մասնակցությամբ: Հիմա կրկին հավաքվել ենք: Պատրաստվում
ենք հունիսի 16-ին տասնչորս օրով համատեղ ուսումնամարզական հավաքի մեկնել Լեհաստան,
որտեղ, բացի ռինգի տերերից, լինելու են նաեւ չեխերը, հունգարացիները, ֆրանսիացիները
կամ գերմանացիները: Նպատակը դպրոցների ներկայացուցիչների հետ մարզվելը, փորձամրցումներ
անցկացնելն է: Այնուհետեւ կվերադառնանք Հայաստան ու տասն օրով կհավաքվենք Արարատ
քաղաքի «Այգ» մարզաբազայում: Օրերս Իրանի իմ գործընկերները հեռախոսով տեղեկացրին,
որ ցանկություն ունեն այդ ընթացքում ընկերակցել մեզ: Եթե ստացվի, դա տղաների համար
շատ օգտակար կլինի: Այս ամենից հետո հուլիսի 11-ին կմեկնենք Բուլղարիա, որտեղ երեք
օր անց կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: – Օլիմպիական խաղերն արդեն սարերի
հետեւում չեն: Եվրոպայի առաջնությունը որքանո՞վ է կարեւոր: – Ճիշտ է, դա վարկանիշային
մրցում չէ, բայց հետագա ստուգատեսների համար անչափ կարեւոր նշանակություն ունի՝ փորձի
կուտակման առումով: Վարկանիշային առաջին մրցումը լինելու է 2007-ին՝ Մոսկվայում կայանալիք
աշխարհի առաջնությունում, որտեղ ուղեգրի արժեք ունենալու են առանձին քաշային կարգերում
1-8-րդ տեղերը: Դրանից հետո անցկացվելու է եւս երկու վարկանիշային մրցում: –
Մեր թիմի կազմում նոր անուններ կա՞ն: – Հիմնականում արդեն միջազգային փորձություն
անցած մարզիկներն են: – Այսինքն, հավաքականում սերնդափոխություն չի՞ նախատեսվում:
– Սերնդափոխություն որպես այդպիսին արդեն իսկ հիմնականում կատարվել է: Տղաների
միջին տարիքը 20-ն է: Հնարավոր է՝ եկող տարի երկու-երեք հեռանկարային երիտասարդներ
ընդգրկվեն հավաքական: Բայց նրանք դեռ պետք է այդ իրավունքը նվաճեն՝ այս տարի իրենց
տարիքային խմբերում կայանալիք պաշտոնական մրցումներում: – Ասում են, որ ռինգ
է վերադարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մարատ Թովմասյանը: – Այո: Ծանր քաշում
մենք արժանի բռնցքամարտիկ չունեինք: Մարատը հիմա 28 տարեկան է: Դա +91 կգ քաշային
կարգի համար լավ տարիք է: Դիմեցինք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Համաձայնեց:
Շնորհակալ ենք: Հիմա Մարատը հավաքականի հետ է, բայց առայժմ մարզվում է անհատական
ծրագրով: Գոհ եմ: Նպատակասլաց աշխատելու դեպքում նա կարող է արդյունք ցույց տալ:
– Դուք, որպես կանոն, խոստումներ չեք տալիս, կանխագուշակություններ չեք անում:
Բայց, այնուամենայնիվ, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հայ բռնցքամարտիկներից
Եվրոպայի այս առաջնությունում: – Կոնկրետ խոստումներ տալը եւ մարդկանց հույսով
անելն անշնորհակալ գործ է: Սպորտում ամեն բան կարող է պատահել: Տղաներն անցած տարի
աշխարհի առաջնությանը լավ մասնակցեցին: Հնարավոր չէ, որ այդ նույն բռնցքամարտիկները
Եվրոպայում վատ հանդես գան: Կարծում եմ, մեդալներ անպայման կլինեն: – Իսկ
օլիմպիական խաղերի քանի՞ մասնակից կարող ենք ունենալ: – Եթե ամեն բան նորմալ
ընթանա, ծրագրերը լրիվ կատարվեն, հույս ունեմ, որ 5-7 բռնցքամարտիկ Պեկին մեկնելու
իրավունք կնվաճի: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել