Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվետվություն մեկ տարի անց

Հունիս 16,2006 00:00

Ազգային
օպերային թատրոնում հունիսի 26-ին տեղի կունենա Հայաստանի պարի պետական անսամբլի
հերթական համերգը: «Առավոտի» հանդիպումը անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ
Կարապետյանի հետ, պայմանավորված է նաեւ վերջինիս՝ այդ պաշտոնում աշխատելու տարելիցի
կապակցությամբ: Օրերս հարցում անցկացրինք Պարարվեստի պետական ուսումնարանում
ժողովրդական պարի բաժնի շրջանավարտների հետ: Տեղեկացնենք, որ հիշյալ բաժինն ավարտում
է 60 պարող, որից 16-ը՝ տղա: Հարցման արդյունքում 16 պարողներից 2-ը մեզ հայտնեցին,
որ կուզեին իրենց կարիերան սկսել Պարի պետական կամ «Բարեկամություն» անսամբլներում,
իսկ 14-ը միանշանակ ցանկանում է աշխատել Պարի պետականում: Շատ ենք լսել, որ այսօր
տղա պարողների դեֆիցիտ կա: Սա հաստատեց պարոն Կարապետյանը: Տղա պարողների «սովը»,
գաղտնիք չէ, պայմանավորված է առաջին հերթին հայկական բանակում ծառայելու հանգամանքով
եւ նոր միայն՝ ցածր աշխատավարձով: Հիշեցնենք, որ «Առավոտը» ժամանակին անդրադարձել
է արվեստագետների «բանակային» թեմային, զրուցել արտերկրում ապրող ու աշխատող հայ
բալերոնների հետ, որոնք իրենց «ծառայությունը» դրսում անցկացնում են ՀՀ պաշտպանության
նախարարի թույլտվությամբ: Նախօրեին ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց, որ անձամբ
ինքն է զբաղվելու վերոնշյալ խնդրով եւ տարկետում կտրվի կամ զինծառայությունից կազատվեն
այն արվեստագետները, որոնց համար միջնորդագրեր կներկայացնի մշակութային այս կամ այն
օջախի ղեկավարը: Բնականաբար, նման միջնորդագրեր կտրվեն տաղանդավոր մասնագետներին:
Մեզ հետ զրույցում Գ. Կարապետյանը հայտնեց, որ այսօր էլ կառավարությունը «լավ աչքով»
է նայում պարողներին: Օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Սարդարապատ»
պարի անսամբլում մասնագիտությամբ պարող զինծառայողները շաբաթվա ընթացքում 2-3 օր
մասնակցում են անսամբլի փորձերին: Պարոն Կարապետյանի խոսքին հավելենք, որ սա շատ
քիչ է, որպեսզի պարողը զինծառայությունն ավարտելուց հետո շարունակի իր մասնագիտությամբ
աշխատել, քանի որ նրանք ընդհանուր հիմունքներով են ծառայություն անցնում: Հետամուտ
լինելով Պարի պետականի՝ Գ. Կարապետյանի ղեկավարությամբ մեկ տարվա գործունեությանը,
նշենք, որ անսամբլը ամսական ունեցել է 2-3 համերգ (ընդ որում, ելույթների այս թիվը
խորհրդային տարիներին Պարի պետականի երկու տարիների ցուցանիշն էր), շրջագայություններ
Կիպրոս եւ Ստամբուլ, թողարկել 2 DVD եւ 1 CD՝ անսամբլի գործիքային մասի կատարումներով,
ստեղծվել է Պարի պետականի ինտերնետային կայքը: Եվ այս ամենը՝ առանց հովանավորի: Ընդ
որում, հիշատակված ձեռքբերումները պարոն Կարապետյանը համեստորեն համարում է «փոքր
նվաճումներ»: Հարցին՝ դիմե՞լ եք որեւէ մեկին անսամբլը հովանավորելու խնդրով, պարոն
Կարապետյանը պատասխանեց. «Պատրաստվել եմ դիմել, օրինակ, գործարար Գագիկ Ծառուկյանին,
բայց տեսնելով նրա մասշտաբային բարեգործական աշխատանքները, ետ եմ կանգնել այդ մտքից»:
Մեզ հետ զրուցած պարի ոլորտի մասնագետները փաստեցին հետեւյալը. ժամանակին
Վրաստանի նախագահ Շեւարդնաձեն, այսօր՝ Սահակաշվիլին, յուրաքանչյուր օլիգարխի վրա
պարտականություն էր դրել հովանավորել այս կամ այն պետական մշակութային կոլեկտիվին,
ինչի արդյունքում, օրինակ՝ Վրաստանի պարի պետական անսամբլի արտիստները վարձատրվում
են 250-280 դոլար, իսկ պարոն Կարապետյանի փոխանցմամբ՝ Հայաստանի պարի պետականի լավագույն
պարողը ստանում է ընդամենը 50 դոլար: Գեղարվեստական ղեկավարը հանդիպման ավարտին հայտնեց,
որ անսամբլն այսօր զգեստապահարանը թարմացնելու խնդիր ունի, լուրջ խնդիրներ կան նաեւ
կոմպոզիտորների հետ. «Կարծում եմ, սրանք հարթվող հարցեր են»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել