Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սիրավեպն» ավարտվեց հղի կնոջ սպանությամբ

Հունիս 16,2006 00:00

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվեց Հացիկ գյուղի բնակիչ, նախկին ոստիկան Սուրեն Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Ս. Զաքարյանը մեղադրվում է Քրօրի 104 եւ 177 հոդվածների մի քանի կետերով: 2005-ի դեկտեմբերի 19-ին «գազանաբար» սպանել, կտոր-կտոր էր արել, այնուհետեւ պարկի մեջ գցելով՝ Հացիկ գյուղի մոտ գտնվող լիճն էր նետել Ախուրյանի բնակիչ, 35-ամյա Գյուլնարա Հովհաննիսյանի դիակը:

Դատավարության ընթացքում ամբաստանյալը խոստովանեց, որ իրենց հարաբերությունները եղել են ներանձնական, իրենք ծանոթացել են Գյուլնարայի խանութում, որին էլ նախկին ոստիկանը ապրանք է մատակարարել: Ամբաստանյալի ցուցմունքով՝ իրեն հունից հանել են Գյուլնարայի շարունակ լսվող պնդումները՝ բաժանվել կնոջից ու ամուսնանալ իր հետ, քանի որ ինքը ամբաստանյալից հղիացել էր: Սուրեն Զաքարյանի պատմելով՝ Հացիկի ճանապարհին, մեքենայի մեջ Գյուլնարա Հովհաննիսյանը սպառնացել էր գնալ գյուղ ու կնոջը տեղյակ պահել այս ամենի մասին: Գյուլնարան իջնելով մեքենայից՝ ուղղվել է գյուղի կողմը, Սուրեն Զաքարյանն էլ քար է շպրտել մեջքին, որպեսզի կանգնեցնի նրան: Սակայն այն կպել է կնոջ գլխին, որն էլ նույն պահին ընկել է ցած, ամբաստանյալը վերցրել-դրել է մեքենայի մեջ, որտեղ էլ կինը մահացել է: Սա ամբաստանյալին լրացուցիչ մտածմունքների մեջ էր գցել՝ ինչպես թաքցնել հետքերը:

Դեպքի վայրից երկու-երեք օր անց վերջինս դիակը տեղափոխելով 1 կիլոմետր հեռավորության վրա, նախ եւ առաջ հանել էր զարդերը ու այն տանելով Գյումրիի բիրժա՝ վաճառել էր ջրի գնով: Գործարքն հաջողությամբ ավարտելուց հետո Սուրեն Զաքարյանը ձեռնամուխ է լինում դիակը թաքցնելու գործին: Այն գցելով պարկի մեջ ու ծանրաբեռնելով քարերով՝ գցել էր սեփական գյուղի մոտ գտնվող լիճը: Սակայն նախկին ոստիկանի բախտը չէր բերել, նրա մտքով չէր էլ անցել, որ իր հանցանքը կբացահայտվի իր իսկ որդու միջոցով: Երեխաները խաղալիս տեսել էին կիսասուզված պարկը:

Երեկ վկաների հարցաքննության օրն էր, իմիջիայլոց, ամբաստանյալը այնպես ինքնավստահ էր պահում իրեն, կարծես ոչինչ չէր էլ եղել, նույնիսկ հակադրվեց դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ պնդելով, որ դիակը ոչ թե ինքն է այլանդակել, այլ «90 տոկոսով եղել է գազանների միջնորդությունը»: Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ ինքը երկրորդ անգամ դանակով մասնատել է դիակը, դեմքն էլ այլանդակել է՝ անճանաչելի դարձնելու նպատակով: Վկաներից մեկը՝ Գյուլնարա Հովհաննիսյանի եղբոր կինը վկայեց, որ դիահերձարանում ինքն է մի կերպ ճանաչել այլանդակված դիակը եւ միակ մասը, որը ձեռք տված չի եղել՝ ոտքերն էին, որն էլ առիթ էր տվել վկային ենթադրելու, որ մարմնի այդ հատվածը փրկվել է երկար կաշվե սապոգների շնորհիվ: Սպանվածի հարազատները պնդում էին, թե իրենք Գյուլնարայի եւ Սուրենի «սիրավեպի» մասին գաղափար չեն ունեցել:

Դատավոր Մարտին Սարոյանը դատական նիստը հետաձգեց մինչեւ երկուշաբթի, չնայած նիստի հանգիստ ընթացքին, թշնամացած գերդաստանների չտեսնված ծեծկռտուք սկսվեց դատարանի միջանցքում:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել