Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԱՎԵԼՈՐԴ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ

Հունիս 16,2006 00:00

«Մեր
լավը լավ է ամբողջ աշխարհում» Երեկ մեդալի հավակնորդները քննություն հանձնեցին
մաթեմատիկայից: Մարզերի տվյալները պարզ կլինեն այսօր, իսկ մայրաքաղաքից երեկվա քննությանը
ներկա էր 30 շրջանավարտ. առաջին քննությունից հետո 6 հոգի չէր հաղթահարել առավելագույն
շեմը: Ընդ որում, նրանց մեջ եղել էին երեխաներ, ովքեր աստղագիտության, ֆիզիկայի հանրապետական
օլիմպիադաների հաղթող էին, սակայն հայոց լեզվից ստացել էին 18-ական միավորներ: Ինչպես
նշում էին ոլորտի մասնագետները, հանրապետությունում շատ ունենք օլիմպիադայի հաղթողներ,
նույնիսկ համաշխարհային օլիմպիադաների մասնակիցներ, որոնք, սակայն, մեդալի հավակնություն
չեն ցուցաբերել: Երեկվա քննությանը, ինչպես եւ նախորդին, մթնոլորտը բավական հանգիստ
էր, երեխաները ինքնավստահ էին, մանավանդ՝ ֆիզմաթ եւ «Քվանտ» վարժարանի սաները, ովքեր
անհամեմատ շուտ ավարտեցին աշխատանքները: Բոլորն էլ պնդում էին, որ թեստերում որեւէ
դժվարության չեն հանդիպել: Մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Համլետ
Միքայելյանը երեկ քննություններից առաջ ոգեշնչեց երեխաներին՝ կարեւորելով նրանց դերը
մեր երկրի համար՝ համեմատելով նրանց մեր շախմատիստների հետ, ովքեր ողջ աշխարհի առաջ
ապացուցեցին, որ գիրն ու գիտելիքն է մեր զենքը: Մեդալի քննությունների անհամեմատ
հանգիստ մթնոլորտը, մեր դիտարկմամբ, մեծապես կախված է այն հանգամանքից, որ մեդալն
ըստ էության արտոնություն չի տալիս ընդունելության քննություններում, եւ քննության
են ներկայանում իսկապես արժանավորները՝ առանց ավելորդ լարվածության, էմոցիաների եւ
անհանգստության: (Իհարկե, միեւնույն ժամանակ չենք բացառում, որ կլինեն ծնողներ, ովքեր
իրենց երեխաների օժիտը ոսկե մեդալով համալրելու համար ոչինչ չեն խնայի): Քաղաքապետարանի
կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք
չի եղել, որ անբավարար գիտելիք ունեցողը հավակնի մեդալին: Սակայն փաստը մնում է փաստ,
որ 2 տարի առաջ այս քննություններում մենք ունեցանք մի քանի 0, մի քանի 1, մի քանի
2 եւ այլ ցածր միավորներ: «Խորհրդային տարիներին 4-5 հարյուր մեդալակիր էինք ունենում
Հայաստանում, որ ավելի շատ էր, քան Ուկրաինայում, մերձբալթյան երկրներում, բայց դա
չի նշանակում, որ համակարգը կոռումպացված էր, պարզապես կրթասեր ժողովուրդ ենք: Մեր
լավը լավ է, եւ ամբողջ աշխարհում է լավ»: Վերջին կարծիքին է նաեւ Հ. Միքայելյանը.
«Կրթության համակարգի կործանման մասին են խոսում, բայց եթե համեմատեք այս տարվա,
նախորդ մի քանի տարիների թեստերը, կտեսնենք, որ մակարդակով շատ ավելի բարձր են, քան
մի 20 տարի առաջվանները: Հիմա էապես բարդացված է, եւ արդյունքում առավել բարձր մակարդակ
ունենք: Մեր երեխաների մակարդակը ոչ մի բանով ցածր չէ Ռուսաստանի, Արեւմտյան Եվրոպայի
երկրների երեխաների մակարդակից, իսկ որ ԱՄՆ-ի հանրակրթականին կգերազանցենք, ես դրանում
կասկած չունեմ: Ես մի ամսագրից թարգմանել եմ «Ամերիկական կրթության առասպելներ եւ
իրականություն» հոդվածը: Իրենք ասում են, որ նախկին Խորհրդային Միության եւ Հայաստանից
եկած շրջանավարտները մեծ տեղ ունեն իրենց համալսարաններում»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել