Լրահոս
Օրվա լրահոսը

Հող տուր՝ ջուր տամ

Հունիս 16,2006 00:00

Գառնիում գյուղացիները սխալ հողաբաշխման պատճառով միմյանց առաջ այսպիսի պայմաններ են դնում

Օրերս խմբագրություն էր եկել Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանը՝ բողոքելով, որ իր այգու հարեւանը այս էլ 4 տարի միտումնավոր ոռոգման ջուրը կտրում է՝ անջրդի թողնելով հողամասը՝ հետագայում այն գնելու ակնկալիքով: Ըստ բողոքավորի, ինքն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում՝ այգու համար տնկիներ գնում, սակայն դրանք չջիվելու հետեւանքով չորանում են: Շ. Համբարձումյանի ներկայացմամբ, չնայած իր այգուն հարակից հողատարածքը տնօրինում է գառնեցի Գառնիկ Մելքոնյանը, սակայն իրական տերը պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային բաժնի պետ Վաղարշակ Ավետիսյանն է, որի հրահանգով էլ Գ. Մելքոնյանը ջուր չի տալիս: Այս մասին «Առավոտում» նյութ էր հրապարակվել (9.06.06թ.), որի հետ կապված՝ ՊՆ պաշտոնյան ցանկություն հայտնեց մեզ հետ միասին այցելել այգի, որպեսզի մեր աչքով տեսնենք ու համոզվենք, որ ինքը ոչ հողի տերն է, ոչ հարեւանի ջուրն է կտրել, ոչ էլ գյուղացիների դաշտ գնալու ճանապարհն է փակել:

Մեր աչքի տեսածի համաձայն, ի տարբերություն Գ. Մելքոնյանի հողամասի, Շ. Համբարձումյանի այգին իսկապես ամբողջությամբ չորացած էր. հողամասում՝ ջրի բացակայությունից, հատուկենտ չորացած տնկիներ ու բանջարեղենի թփեր էին երեւում, ինչի մեջ իր մեղավորությունը այգու հարեւան Գ. Մելքոնյանը չէր տեսնում: Վերջինիս ներկայացմամբ. «Ես մայր առվի ջուրը չեմ փակել: Սա իմ հողամասի միջով անցնող առուն է եւ ես կարող ա պարիսպ եմ դնում՝ իմ հողը նրա հողից անջատելու համար, ի՞նչ է անելու: Ես իրեն առաջարկել եմ իմ առվի ճանապարհը իրեն տամ, ինքը փոխարենը իր հողից տա, որպեսզի իր հողամասը ջրելիս ամեն անգամ իմ այգին չտրորի: Կամ էլ առաջարկել եմ խողովակներ տեղադրի, ջուրը հասցնի իր այգին, երկու դեպքում էլ չի համաձայնել»: Շ. Համբարձումյան էլ պնդում էր, որ այդ առուն «պետական» է եւ իր հարեւանները իրավունք չունեն իրեն «շանտաժով» դրանից զրկելու. «Ես նրանց ոչ մի միլիմետր հող չեմ զիջի, նրանք միտումնավոր ջուր չեն տալիս, որ իմ այգին ամբողջությամբ չորանա եւ ես զզված հողս վաճառեմ՝ իրենք էլ գնեն»:

Գործին խառնվեց նաեւ Գառնի գյուղի հողաշինարար Ռուբեն Սարիբեկյանը: Նրա պարզաբանմամբ, հողի քարտեզի մեջ այդ առուն ընդհանրապես բացակայում է եւ ամեն մեկն իր համար առու է փորում: Ուսումնասիրելով տարածքը, ակնհայտորեն երեւում էր, որ Համբարձումյանը մայր առվից օգտվելու շանս չուներ, քանի որ հողակտորներն այնպես են իրարից բաժանված, որ նույնիսկ մի թիզ ավել հող չի մնացել՝ մայր առվից դեպի հողամաս ջուր բերելու համար: Համբարձումյանն ինչպես էլ աներ՝ մեկի այգուց պիտի օգտվեր:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության ֆինանսիստին, որը պնդում էր, որ ինքը հողամասի հետ որեւէ առնչություն չունի, եւ այն միայն իր «հոր հորեղբոր թոռներինն է», այգում երես առ երես խոսակցությունից արդեն պարզ դարձավ, որ հողի մի հատվածի իրական սեփականատերը իր որդին է:

ԼՈՐԱ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել