Քաղծառայողի մրցույթին դեռ չմասնակցած՝ հաղթողները հայտնի են
Մարզերում քաղծառայող դառնալը բավականին հեշտ է, դրա համար ընդամենը պահանջվում է, որ տվյալ կառույցի շեֆը կամ թեկուզ աշխատակազմի ղեկավարը իր «դաբրոն» տա, քանի որ հենց նրանք էլ որոշում են՝ ով իրավունք ունի մասնակցել մրցույթին:
Ստացվում է, որ մրցույթը անշրջապատ մարդկանց համար չէ, բացի այդ, մինչ մրցույթը արդեն խոսակցություններ են պտտվում, թե այսինչն անցած է, եւ եթե կան էլ մարդիկ, որոնք ցանկություն ունեն տվյալ պաշտոնի համար դիմելու՝ հետ են կանգնում:
Որքան էլ քաղծառայության խորհուրդը պնդում է, որ իրենք զբաղված են լուրջ մրցույթներ անցկացնելով, իրականում դրանք ձեւական բնույթ են կրում:
«Առավոտը» մի քանի անգամ ներկայացրել է Շիրակի մարզում այս կամ այն պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդեն կանխորոշված արդյունքները՝ ընդհուպ նշելով ապագա պաշտոնյաների անունները: Իսկ քաղծառայության խորհուրդը, մի քանի օր չանցած, իր գործողություններով «հաստատել» է նշված փաստերի իրական լինելը: Օրինակ, մրցույթին դեռ չմասնակցած բոլորը գիտեին, որ երեք թեկնածուներից հաղթելու է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի հավակնորդ Նորիկ Գրիգորյանը: Սցենարներով մրցույթները դեռ հարցի մի կողմն են, կա եւս մի խնդիր. մինչեւ հիմա քաղծառայության խորհուրդը ուշադրություն չի դարձնում իր իսկ կողմից ներկայացրած պահանջներից մեկին. ՀՀ քաղծառայության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, առաջատար մասնագետ դառնալու համար անհրաժեշտ է համապատասխան «ստաժ»: Սակայն քաղծառայության խորհուրդը երբեք հարկ չի համարում ստուգել թեկնածուի կողմից ներկայացրած «ստաժի» կեղծած կամ իրական լինելը:
Արդյունքում, ցանկացած անփորձ մեկը ինչ-որ տեղից հայթայթած «ստաժով» վաղը կարող է բարձրաստիճան պաշտոնյա դառնալ: Մեր աղբյուրների հավաստմամբ, Շիրակի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գրիգոր Պապոյանը պաշտոն զբաղեցնելու համար համապատասխան աշխատանքային փորձ չուներ: Վերջինս, շրջանառվող խոսակցությունների համաձայն, ներկայացրել է փաստաթուղթ՝ իբրեւ թե աշխատել է Ախուրյանի համայնքապետի տեղակալ, մինչդեռ նույն աղբյուրների ասելով՝ ավագանին նման հաստիքի մասին տեղյակ չի եղել: Նմանատիպ մեկ այլ տեղեկություն էլ տարածվել է նույն մարզպետարանի մեկ այլ աշխատակցի մասին: Մոտ 3 ամիս առաջ քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետի պաշտոնում հայտնված, սակայն բացարձակապես աշխատանքային փորձ չունեցող Հրաչ Մալխասյանը, չգիտես ինչու, հիմա էլ որոշել է փոխել ոլորտը, այժմ հավակնում է Գյումրիի կադաստրի գրանցման բաժնի առաջատար մասնագետի հաստիքին: Այստեղ զարմանալին թերեւս միմյանց հետ ընդհանրապես կապ չունեցող ոլորտից ոլորտ թռչելու փաստը չէ, այլ երիտասարդի՝ շինծու փաստաթղթով առաջ գնալը, ընդ որում, այդ կեղծիքը քաղծառայողի խորհուրդը անտեսում է արդեն երկրորդ անգամ:
Քաղծառայողի խորհրդին մոտ կանգնած մեր լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ Գյումրիում անցկացվող առաջին ատեստավորման ժամանակ խորհրդի որոշ անդամներ զարմացել են, թե երիտասարդին որտեղի՞ց աշխատանքային ստաժ: Նրանց դիտարկմամբ՝ հնարավոր չէր եւ՛ ստացիոնար սովորել, ե՛ւ միաժամանակ լիարժեք գրաֆիկով ծանրաբեռնված աշխատել: Նույն աղբյուրները վկայում են, որ վերջինս մեկ տարի առաջ ավարտել է Ճարտարագիտական համալսարանի շինարարական ֆակուլտետը, որի շինամբիոնի վարիչը հայրն է, ուստի առաջատար մասնագետի մրցույթին մասնակցելու համար ներկայացրել է փաստաթուղթ՝ մի շինկազմակերպությունից, որի նախագահը դարձյալ հայրն է: Մրցույթը կկայանա երեք օրից, սակայն մեկ ամիս է՝ լուրեր են պտտվում, որ կադաստրի առաջատար մասնագետի հաստիքը արդեն իսկ անփորձ երիտասարդինն է: Նմանատիպ մրցույթները, անխոս, հեղինակություն չեն բերում ոչ քաղծառայության խորհրդին, ոչ առավել եւս երկրին:
Լ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ