ԿՌԻՎԸ
ՊՐԾԱՎ «Միայն մեծ ցանկության դեպքում կարելի էր իմ հարցազրույցից
հանել նախադասություններ եւ վիրավորական երանգներ տեսնել այնտեղ»,- ԱԺ ամբիոնից երեկ
հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այսպես նա մեկնաբանեց պատգամավորներին
վիրավորած իր այն պատասխանը, թե ԿԲ հավաքարարների աշխատավարձը շատ ավելի ցածր է,
քան պատգամավորներինը, եւ «եթե ցանկություն ունեն՝ կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»:
Սակայն Տ. Սարգսյանը պնդեց. «Իմ հայտարարության մեջ չի՛ եղել որեւէ վիրավորական արտահայտություն
ԱԺ պատգամավորների հասցեին, չէ՛ր կարող լինել: Ես 8 տարի հանդես եմ գալիս այստեղ
հաշվետվություններով եւ երբեւիցե անհարգալից վերաբերմունք ձեր նկատմամբ չեմ դրսեւորել,
ինչը չի կարելի ասել պատգամավորների մասին՝ երեկվա իրենց հայտարարություններում նենգ
եւ ստոր մեղադրանքներ ներկայացնելով իմ հասցեին եւ պիտակավորելով ինձ»: ԿԲ նախագահը
համաձայնեց ԱԺ նախագահի այն արտահայտությանը, որով նա փորձել էր սաստել վիրավորանքներ
հասցրած Վիկտոր Դալլաքյանին եւ Համլետ Հարությունյանին. «Նման որակավորումներ տվողն
իրե՛նք են հենց այդ որակավորումների կրողը: Ժամանակակից հոգեբանությունն ապացուցել
է, որ հրապարակային նման հայտարարություններ անողները եւ նման մեղադրանքներ ներկայացնողները
հենց իրե՛նք են տառապում այդ բոլոր թերություններով եւ հիվանդություններով: Իմ նպատակն
է այնպես աշխատել, որ դուք հպարտանաք ԿԲ-ով եւ ԿԲ-ի կողմից իրականացված աշխատանքներով
ու դրանց հետեւանքներով: Եվ ցանկալի չէ, որպեսզի մեր բանավեճը, որ այստեղ միշտ լինում
է՝ տեղափոխվի այլ դաշտ»: Համլետ Հարությունյանը որեւէ կերպ չարձագանքեց ասվածին:
Իսկ Վիկտոր Դալլաքյանը ելույթում հայտարարեց. «Իմ գնահատականները վերաբերել են Ազգային
ժողովին՝ որպես ինստիտուտ: Եվ տվյալ պարագայում ԿԲ նախագահը, որի անձի հետ կապված
ես որեւէ խնդիր չունեմ՝ ընդամենը մեծամասնությունը ներկայացնող բանկի նախագահն է,
քանի որ ընդդիմությունը չի մասնակցել այդ քննարկումներին եւ քվեարկությանը: Եվ ԿԲ
նախագահի արտահայտությունները նախ եւ առաջ վերաբերում են այն մեծամասնությանը, որն
ընտրել է ԿԲ նախագահին»: Ա. Ի.