Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ՝ «ԹԻԿՈՒՆՔ» ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ՞ ՀԱՄԱՐ

Հունիս 16,2006 00:00

ԱԺ-ն երեկ ընդունեց մի օրինագիծ, որն ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել էր իբրեւ կոալիցիայից դուրս գալու պատճառներից մեկը:

Խոսքը մինչ այդ բազմիցս մերժված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին է, որի կապակցությամբ Արթուր Բաղդասարյանը մայիսին հրավիրված ասուլիսում, երբ հայտարարել էր հրաժարականի մասին եւ մանրամասնել գործընկերների հետ ունեցած տարաձայնությունները՝ նշել էր. «Մենք դեմ ենք, որ տնտեսական դաշտը քրեականացվի: Դեմ եղանք, եւ այդ օրենքը հետ տարան, բայց հիմա նորից այդ օրենքի նախագիծը բերել են»:

Նշենք, որ «Քրեական օրենսգիրքն» այժմ էլ է ազատազրկում նախատեսում զուտ տնտեսական հանցագործությունների համար. այս օրինագծով դրանք ուղղակի խստացվում են: Ասենք, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար հոդվածը նախկինում նախատեսում էր մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկում, հիմա դառնում է 3 տարի: Իսկ եթե այդ գործունեության հետեւանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել՝ նախկինում պատասխանատվությունն առավելագույնը 4 տարի ազատազրկումն էր, իսկ այժմ՝ 2-5 տարի: Կեղծ սնանկության համար նախատեսվում էր միայն տուգանք, իսկ այժմ կարող են եւ կալանավորել՝ 1-3 ամսով: Վերանայվել է նաեւ հարկերը եւ տուրքերը վճարելուց «չարամտորեն խուսափելու» համար պատասխանատվությունը: Ըստ այդմ՝ հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելը «կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը» կարող է պատժվել մինչեւ 2 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է 3-6 տարվա ազատազրկմամբ:

Սակայն Խաչատուր Սուքիասյանի ավելի վաղ արված առաջարկով՝ օրենքի նախագծում ավելացվել է մի նոր հոդված, ըստ որի՝ «Քրեական օրենսգրքի» 189, 193, 194, 205, 206 հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»:

Եվ հենց այս էական մեղմացումը նկատի ունենալով էր, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին, այս օրինագծի մասին ասաց. «Այն փոփոխությունները, որոնք այսօր մենք առաջարկում ենք «Քրեական օրենսգրքում»՝ շատ ավելի նպաստավոր են գործարարների համար, քան այսօր գործող օրենսգրքով նախատեսվածը: Մենք մեկ քայլ առաջ գնացինք: Եթե այսօր 1 մլն դրամի շեղումներ են ունենում, ապա հարկայինը կարողանում է ե՛ւ ակտ կազմել, ե՛ւ գումարը ստանալ, ե՛ւ գործերն ուղարկել քննչական մարմիններին: Մեր ներկայացրած տարբերակով դա ավելի պարզեցված է. եթե առաջին անգամ իրենք մուծում են, ապա չենք ուղարկում քննչական մարմիններին»: Վարչապետը, սակայն, լռեց այն մասին, թե որքանով է «նպաստավոր», ասենք, հաշվարկներում սխալ տվյալներ ներկայացնելու համար ազատազրկելը:

Երեկ քննարկման ժամանակ անգամ հարակից զեկուցողը՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն էր նշում, թե հանձնաժողովը կողմ է տնտեսական պատասխանատվության շեմը բարձրացնելուն՝ հնարավորինս իջեցնելով քրեական պատասխանատվության շեմը: Իսկ Մհեր Շահգելդյանն ՕԵԿ անունից եւս մեկ անգամ հայտարարեց, թե դեմ են այս փոփոխություններին: Նա եւս նշեց, որ տնտեսական խախտումների համար անհրաժեշտ է խստացնել տնտեսական պատժամիջոցները: Ե՛վ նա, ե՛ւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն իրենց ելույթներում նկատեցին, թե նրանք, ովքեր հարկեր չեն մուծում՝ այս փոփոխություններից հետո էլ չեն մուծելու, եւ հարվածի թիրախ է դառնալու միայն մանր եւ միջին բիզնեսը: «Եվս մի հնարավորություն ենք ստեղծում, որ այն մարդիկ, որոնց թիկունքներն ուժեղ չեն, «պապաներն» ուժեղ չեն, այս օրենքից ելնելով՝ փակվեն»,- ասաց տիկին Բիշարյանը:

ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, սակայն, տեղին նկատեց, թե հովանավորչական կապերի բացակայության դեպքում հնարավոր չէ չվճարել հարկերն ու տուրքերը: Ըստ նրա՝ այս նախագիծը այն տնտեսվարողների դեմ է, ովքեր օգտվելով հովանավորչությունից՝ հարկեր չեն վճարում: Ի դեպ, խոստացավ, որ օրենքի ընդունումից հետո ՄԱԿ-ն անցկացնելու է դրա կիրառման մոնիտորինգ եւ հայտարարելու է չարաշահումների մասին: Իսկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն անդրադառնալով հնչեցված պնդումներին, թե տուժելու են միայն թույլերը, «իսկ հարուստները կաշառք կտան, կամ նրանց կազատեն իրենց «պապաները»՝ ասաց. «Նույնը վերաբերում է բոլո՛ր օրինազանցություններին: Էդ ո՞ր հանցագործության պարագայում չկան «պապաներ», չկան «մեջքեր», չկա կաշառքի հնարավորություն: Ցավոք սրտի՝ կա՛: Դե եկեք, ուրեմն, պատիժը հանենք նաեւ սպանության դեպքում, քանի որ մեկ է՝ կաշառքով կազատվեն: Բռնաբարության, բանդիտիզմի, գողության համար էլ պատիժը հանենք, քանի որ ուժեղը նորից ավելի հաջող, գերակշռող դիրքում է հայտնվելու: Բայց մենք դա չենք անում: Ինչո՞ւ պիտի այստե՛ղ այդ տրամաբանությունն օգտագործենք»:

Արձանագրենք, որ այս օրենքն ի վերջո ընդունվեց խորհրդարան հատուկ դեպքերում կանչվող Լեւոն Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի եւ գործարար այլ պատգամավորների շնորհիվ, որոնք մի քանի անգամ տապալել էին այս քվեարկությունը, սակայն ի վերջո տեղի տվեցին:

ՕԵԿ վերոհիշյալ 2 պատգամավորներից բացի՝ խորհրդարանական ընդդիմադիրները չմասնակցեցին այս օրինագծի ո՛չ քննարկմանը, ո՛չ էլ քվեարկությանը: Պատճառն այն է, որ դեռ օրվա սկզբում «Արդարություն» խմբակցության քարտուղարը հայտարարեց, թե այս նստաշրջանն անօրինական է, քանի որ ներառում է ԱԺ կանոնակարգին հակասող օրինագիծ:

Իսկ հետո Վիկտոր Դալլաքյանը ելք առաջարկեց ստեղծված վիճակից՝ մեծամասնությունը կարող է դիմել ՍԴ՝ ընդունված որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար: Այլապես, ըստ նրա, այս նստաշրջանում ընդունված բոլոր օրինագծերն ապօրինի են: Մինչդեռ երեկ ամբողջությամբ ընդունվեցին նաեւ Հայաստանի դրոշի եւ զինանշանի մասին օրենքները:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել