Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանացիներից առաջ էինք «մխտռել»

Հունիս 15,2006 00:00

Վանաձորի թատրոնը բրիտանական «Վոլքանոյից» շուտ է անդրադարձել համասեռամոլների թեմային

Հունիսի 23-ից Երեւանում կմեկնարկի Երիտասարդական թատերական ամենամյա փառատոնը: Ի թիվս մարզային այլ թատրոնների, ֆրանսիացի հայտնի հեղինակ Ռոբերտ Լամուրեի «Ա՜խ, փարիզուհիներ, փարիզուհիներ» կատակերգությամբ (բեմադրիչ՝ Միքայել Կոտոյան) Պատանի հանդիսատեսի թատրոնում հունիսի 26-ին հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը: Նշենք, որ այս ներկայացման պրեմիերան կայացել է այս տարվա մայիսի 3-ին:

«Առավոտի»՝ ներկայացման գլխավոր հերոսի՝ Ժերմեն Վինյոնի դերակատար Համլետ Գյուլզադյանի հետ զրույցը պայմանավորված էր ժամանակին Վանաձորի թատրոնում Գուրգեն Խանջյանի «Բոլերո» դրամայի ներկայացման շուրջ աղմուկով: Ընդ որում, 1999թ. հիշյալ բեմադրությունը 5-6 ներկայացումից հետո հանվել էր թատրոնի խաղացանկից՝ գեղարվեստական խորհրդի որոշմամբ: Հարցապնդմանը, թե ի՞նչ պատճառով, Հ. Գյուլզադյանը չպատասխանեց, փոխարենը տեղեկացրեց, որ Երկրորդ տղամարդու (դրամայում հերոսները կոչվում են Առաջին եւ Երկրորդ տղամարդ) դերում հաստատված դերասաններ Հայկ Թորոսյանի եւ Արմեն Չարչյանի «հրաժարականից» հետո (պատճառը մեր զրուցակիցը չհայտնեց), ինքը՝ Հ. Գյուլզադյանն առաջարկել է իր թեկնածությունը, որը եւ հաստատվել է: Նա համառոտ ներկայացրեց «Բոլերոյի» սյուժեն, որը, ըստ մեզ, ներկայացման շուրջ աղմուկի ու խաղացանկից հանվելու պատճառ է դարձել. «Առաջին տղամարդը վերեւներում ունենալով մեծ կապեր, խոստանում է Երկրորդին օգնել առաջ գնալ, եթե համաձայնի իր հետ ինտիմ հարաբերություններ ունենալ: Երկրորդը համաձայնում է»: Հիշեցնենք, որ 2003-ի ամռանը Երեւանում բրիտանական «Վոլքանո» նորարարական թատերական ընկերության՝ Շեքսպիրի սոնետների հիման վրա ստեղծած «Ս.Ե.Ր.» բեմադրության հոմոէրոտիկ, բիսեքսուալ կրքի ծայրահեղ անզուսպ տեսարանները միանշանակ չընդունվեցին թե հանդիսատեսի, թե մասնագետների կողմից: «Առավոտին» տված հարցազրույցում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասել էր. «Մենք էն ժողովուրդը չենք, որ նման բաներ նայենք: Իրենց էդ «լուսավոր» կենցաղը, շատ ժամանակակից լինելը թող պահեն իրենց: Եկան ու մխտռեցին մեր բեմը»:

Հ. Գյուլզադյանին խնդրեցինք ներկայացնել, թե ինչպես էր բեմադրված իրենց թատրոնում երկու տղամարդկանց սիրային տեսարանները եւ ինչ ընդունելության արժանացավ: «Երկու տղամարդիկս, բնականաբար, ըստ սյուժեի, պետք է համասեռամոլներին բնորոշ տեսարան ներկայացնեինք: Նշեմ, որ երկուսս իրարից հեռու էինք կանգնած եւ այդ պատկերը ռեժիսորը ստացել էր լույսերի միջոցով, որն ուղեկցվում էր բեմում առկա մասսայական տեսարանով՝ սթրիպտիզ, կրակոտ պար եւ այլն: Այդ պահին դահլիճում սարսափելի աղմուկ էր, բողոքի ձայն… Բայց նույն ներկայացումը ժամանակին Թբիլիսիում ընդունեցին օվացիաներով»:

Հարցին՝ ընդհանրապես, ի՞նչ եք կարծո
ւմ, Եվրոպա ձգտող մեր ազգին պե՞տք են նման բեմադրություններ, դերասանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ Եվրոպա ասելով առաջին հերթին պետք է հասկանալ համասեռամոլություն: Եվրոպան, առաջին հերթին, քաղաքակրթություն է խորհրդանշում»: Դերասանը նաեւ նշեց, որ սա զգուշավոր արված բեմադրություն էր (բեմադրիչ՝ Մ. Կոտոյան), թեպետ պիեսը հուշում էր նման տեսարանների անհրաժեշտությունը:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել