Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԽՏՎԵ՞Ց ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ

Հունիս 15,2006 00:00

Մալաթիա-Սեբաստիա
համայնքի դատախազի ավագ օգնական Արշակ Կարախանյանը 2006թ. հունվարի 27-ին, ժամը 15.30-ի
սահմաններում, իր աշխատասենյակում, հաշվեցուցակային զենքից արձակված կրակոցով ինքնասպան
եղավ: Նույն օրը հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրօրի 110 հոդվածի 1-ին մասի՝
սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու
ճանապարհով, անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու
հատկանիշներով: Արշակ Կարախանյանը վերջին տարիներին ինքնասպան եղած դատախազներից
երրորդն էր՝ Արամ Կարապետյանից, Վլադիմիր Նազարյանից հետո: Բնականաբար, առաջ էին
քաշվել բազմաթիվ վարկածներ, սկսած այն ժամանակվա համայնքի դատախազ Համլետ Հովսեփյանի
հետ հարաբերություններից եւ վերջացրած Արշակի վերջին օրերի դեպրեսիայով: ՀՀ
գլխավոր դատախազության քննչական վարչությունը, որն իրականացնում էր նախաքննությունը,
աշխատասենյակի հատակին «Մակարով» տեսակի «թB 2600» համարի 9մմ տրամաչափի ատրճանակ
էր հայտնաբերել: Ա. Կարախանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերվել էր նաեւ դեղնավուն
երանգով թուղթ, որն ուղղված էր կնոջը. «Ռուզան ջան, դու գիտես պապայի մոտ իմ տեղը:
Ա. Կարախ.»: Նախաքննության մարմինն ուսումնասիրել էր նաեւ դատախազի օգնականի
համակարգչում գտնվող «Իմ փաստաթղթերը» թղթապանակում գտնվող «Վերջ» անվանմամբ փաստաթուղթը,
որը գրվել է դեպքի օրը, ժամը 12.42-ին եւ ավարտվել 13.41-ին: Այն սկսվել էր «Իմ աստծուն՝
Հիսուս Քրիստոսին» եւ ավարտվել «Ինչպես ծառը մեր գերդաստան»: Աշխատասենյակի
զննությամբ հաստատվել էր, որ այնտեղ վեճի, բռնության հետքեր չկան, ավելին՝ գրասեղանի
իրերն ու աշխատասենյակը կանոնավոր էին: Արշակի մարմնի վրա առկա էր 1 կրակոցով արձակված
գնդակի հետք: Նա կրակել էր սրտին: Ըստ նախաքննության տվյալների, «կրակոցի լրացուցիչ
գործոններ չեն հայտնաբերվել»: Դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքներով
էլ (446 եզրակացություն) «Արշակ Կարախանյանը կարող էր ինքն իրեն նման վնասվածքներ
պատճառել, կրակոցի պահին գտնվելով աշխատասենյակի մուտքի պատի մոտ, հատակին նստած
կամ կիսանստած դիրքում»: Ուշադրության արժանի է հարցաքննված Արթուր Ավետիսյանի
ցուցմունքը. նա դեպքի օրը, ժամը 14-ին եղել է Կարախանյանի աշխատասենյակում: Ա. Ավետիսյանը
նկատել էր ջեռուցիչի վրա դրված «Մակարովը» եւ երբ հարցրել է, թե «ինչ ատրճանակ է»,
Արշակը հայտնել է, որ իրենն է, մաքրել է, դրել ջեռուցիչի վրա, որ չորանա: Ա. Կարախանյանի
վարքագծում որեւէ կասկածելի բան չի նկատել նաեւ նրա քրոջ որդին՝ Ղեւոնդ Էմյանը, որը
մինչ այդ եղել է նրա աշխատասենյակում, ժամը 15-ին հեռացել է նրա մոտից: Իսկ կինը՝
Ռուզաննա Ղարիբյանը ամուսնու հետ վերջին անգամ խոսել է ժամը 14.25-ին, ինքնասպանությունից
1 ժամ 5 րոպե առաջ: Դարձյալ ոչ մի կասկածելի բան չի նշել, բացառությամբ այն փաստարկի,
թե մեկ շաբաթ առաջ նրա մոտ նկատվել է տրամադրության անկում: Սակայն ինքնասպանության
հասցնելու հանցակազմի հատկանիշներ չեն հայտնաբերվել: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել