Առաջին ատյանի դատարանները վճիռներ են կայացնում
ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված կառավարության որոշումների հիման վրա:
Երեկ ժամը 15.30-ից Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ էին հավաքվել
Հյուսիսային պողոտայի, Կոզերնի, Բուզանդի եւ Դալմայի այգիների բնակիչները եւ ՀՀ իշխանություններին
ուղղված ամոթանք-ցուցապաստառները ձեռքներին սպասում էին կառավարության անդամներին:
Պետությունից տուժած բնակիչները ՀՀ վարչապետին բռնացնելու հույսով, կես ժամ շուտ
էին եկել ԱԺ՝ սակայն, ինչպես պարզվեց, Անդրանիկ Մարգարյանը գլխի գալիքն իմանալով,
բնակիչներից էլ շուտ էր ժամանել Ազգային ժողով, չնայած հարց ու պատասխանը ժամը 16-ին
էր: Ցուցարարների «թափի տակ» կառավարության ցածրաստիճան պաշտոնյաներն ընկան, որոնք
դարպասների մոտ էին իջնում մեքենայից, մինչդեռ բարձրաստիճանների ծառայողական մեքենաները
միանգամից բակ էին մտնում: Իսկ բնակիչները եկել էին վարչապետին հարցնելու, թե «նա
վտարումների վերաբերյալ հակասահմանադրական որոշումն անվավեր ճանաչելու ուղղությամբ
ինչ միջոցներ է ձեռնարկում»: Մինչ «պետական կարիքների զոհերը» ՍԴ-ի՝ իրենց
օգտին որոշումը ձեռքներին իշխանությունների դռներն ընկած պայքարում են, դատարանները
բնակիչներին վտարման նոր որոշումներ են կայացնում: Մոտ մեկ շաբաթ առաջ Կենտրոն եւ
Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով Բուզանդի 83 հասցեից վտարվել
է Վարդգես Սմբատյանի բազմանդամ ընտանիքը: Նրանց 30 քմ-ի դիմաց փոխհատուցել են 9 հազար
դոլար (կրկին այդ չարաբաստիկ դոլարիզացիան): Ըստ Սմբատյանի՝ այդքան գումարով ինքը
նույնիսկ գյուղերում չի կարող բնակարան ձեռք բերել: Վտարումներով զբաղվող
մարմինները ոչ միայն ՍԴ որոշումը լուրջ չեն ընդունում եւ վտարման գործընթացը շարունակում
են, հիմա էլ մարդկանց փողոց են շպրտում առանց փոխհատուցման: Արմինե Շատվորյանն իր
ամուսնու եւ երկու անչափահաս երեխաների հետ մի քանի օրից կհայտնվի փողոցում. դատարանն
այդպես է որոշել. «Մեզ ընդհանրապես ոչինչ չեն առաջարկում, պատճառաբանում են, որ այդ
տանը գրանցված չենք: Ժամանակին, երբ ուզում էինք գրանցվել, ասացին՝ փակ գոտի է, չեք
կարող, միայն ամուսինս է գրանցված, այն էլ՝ փաստացի, ինչի դեպքում փոխհատուցում չկա:
Իսկ ինձ ասում են՝ դու այդ տանն ապօրինի ես ապրում: Դա ամուսնուս հայրական տունն
է, այսինքն՝ ես իմ երեխաների ու ամուսնուս հետ մեր հայրական տանը ապօրինի՞ ենք ապրում:
Դատավորը չի թողնում անգամ խոսենք, պաշտպանվենք եւ արագացված տեմպերով դատ է անում»,-
ասաց Ա. Շատվորյանը: Ուշագրավ է, որ դատարաններն էլ հաշվի չեն առնում ՍԴ որոշումը
եւ դրանից հետո էլ շարունակում են վտարման վճիռներ կայացնել եւ կառավարության հենց
այն որոշման հիման վրա, որը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական: Հետաքրքիր է, որ եթե
այդ դատավորներին 9 հազար դոլար տան՝ մայրաքաղաքի թեկուզ ծայրամասում տուն կգնե՞ն:
Իրականում միջին մակարդակի կաշառակերները նման գումարով կահավորում են իրենց լողասենյակը:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ