ԱՆՀԻՄՆ
ՊՆԴՈՒՄՆԵՐ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թյուրիմացության
հետեւանք է համարում այն, որ իր տեղակալ Աշոտ Աբովյանը «ՀՀ քրեական դատավարության
օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի սխալ նախագիծ էր ներկայացրել նախագահի
աշխատակազմ: Հիշեցնենք, որ վերափոխված ձեւակերպմամբ՝ արդարադատության նախարարությունը
կարող է բողոքարկել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած
մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները:
Մինչդեռ ԱԺ ընդունած տարբերակն էր, թե այդ որոշումները բողոքարկման ենթակա չեն՝ բացառությամբ
ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ կայացված որոշումների: Սա պատճառ
դարձավ, որ նախագահը վետո կիրառեր եւ օրինագիծը վերադարձներ ԱԺ: «Այստեղ որեւէ
միտում չկա: Մենք հատուկ ստուգել ենք սղագրությունները: Իսկապես տեղի է ունեցել թյուրիմացություն»,-
ասաց Դավիթ Հարությունյանը: Մինչդեռ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը
հայտարարել էր, թե օրենքի այս նպատակային նենգափոխման հիմքում «գործադիր իշխանության
որոշ ներկայացուցիչների» ձգտումն է «ստեղծել մի դաշտ, որտեղ կունենային հավելյալ
եկամուտի աղբյուր»: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այս հայտարարությունը՝ արդարադատության
նախարարն ասաց. «Դե, քաղաքական գործիչ է ՄԱԿ-ի նախագահը եւ բնականաբար՝ իրավունք
ունի քաղաքական նկատառումներով նման հայտարարություններ անել: Բայց, անշուշտ, բովանդակային
առումով այդ հայտարարությունը չի կարող որեւէ հենք ունենալ, քանի որ կապել արդարադատության
նախարարությունը դատական համակարգի հետ եւ համարել, թե հանձնաժողովի որոշումները
դատական կարգով բողոքարկելը (ինչը սահմանադրական դրույթ է՝ ի դեպ ասած) կոռուպցիոն
ռիսկեր է պարունակում, ինձ թվում է, թե որեւէ քննադատության չի դիմանում նման դիրքորոշումը»:
Ա. Ի.