Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական տղամարդը» շարքից

Հունիս 15,2006 00:00

«Իսկական
տղամարդը» շարքից Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին
ապացուցեց, որ անկախ «Արեւմուտքի գործակալ» լինելու իրեն վերագրվող անհեթեթ պիտակներից,
հիրավի՝ ինքնուրույն եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է: Անցած գիշեր Սանկտ-Պետերբուրգում
նա շուրջ երկու ժամ տեւողությամբ «ճակատ ճակատի» հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի
հետ եւ, ի տարբերություն Մոսկվայի հետ հարաբերվելու մեջ խիստ միակողմանիորեն հմտացած
որոշ հայտնի «ֆիգուրանտների», հարցերը լղոզելու փոխարեն՝ դրանք ամբողջ սրությամբ
դրեց Կրեմլի տիրակալի առջեւ: Իսկ հարցերը երկու երկրների միջեւ բավական շատ են ու
բավական լուրջ: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նախագահների զրույցի ընթացքում շոշափվել
են այնպիսի ցավոտ խնդիրներ, ինչպիսիք են Աբխազիայի եւ Հարավօսիայի չդադարող հակամարտությունները,
Վրաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերություններն ու, մասնավորապես, վրացական գինիների
ու հանքային ջրերի՝ ռուսաստանյան շուկայում իրացման հետ կապված դժվարությունները
եւ այլն: Իհարկե, միամտություն կլիներ կարծելը, թե Սահակաշվիլի-Պուտին այս հանդիպմամբ
կարող էր երկու երկրների հարաբերություններում առաջացած գորդյան հանգույցը մեկ հարվածով
լուծվել: Հարցերը, ինչպես հաղորդում են վրացական եւ ռուսական լրատվամիջոցները, հիմնականում
մնում են: Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե այդ հանգույցը երբեւէ քանդվելու է,
ապա միմիայն այս կարգի հանդիպումների ու դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների
շնորհիվ. ուրիշ ճանապարհ չկա: Համենայնդեպս, պարզ է, որ իր սկզբունքային ընտրությունը
վաղուց կատարած եւ հարավկովկասյան տարածաշրջանում աստիճանաբար ավելի ու ավելի ծանրակշիռ
գործոնի վերածվող Վրաստանի հետ Պուտինը, ուշ թե շուտ, ստիպված է լինելու հաշվի նստել
եւ կարգավորել իր հարաբերությունները: Ասենք, հենց սանկտպետերբուրգյան վերջին հանդիպումն
էլ անարդյունք չի անցել: Բանակցությունների արդյունքներով երկու նախագահները ցանկություն
են հայտնել համատեղ աշխատել՝ «սառեցված հակամարտությունների» կարգավորման ուղղությամբ:
«Մենք պայմանավորվեցինք բարելավել համագործակցության մեխանիզմները: Խոսել ենք սառեցված
հակամարտությունների մասին: Այդ խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել, բայց կա
ցանկություն աշխատել դրանց կարգավորման ուղղությամբ», ըստ «Ինտերֆաքսի», հանդիպմանը
հաջորդած համատեղ ասուլիսին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: Իր հերթին, Սահակաշվիլին,
առանց հյուսիսային ահեղ հարեւանից փոքր-ինչ երկնչելու, հայտարարել է, որ Թբիլիսիի
դիրքորոշումը այդ հարցերում չափազանց կարծր է, եւ հասկացրել, որ Մոսկվայի որոշ գործողություններ
գնահատում է իբրեւ Վրաստանի տարածքը անեքսիայի ենթարկելու փորձ: Այս ֆոնի
վրա, թերեւս, հարկ չկա համեմատություններ անել ու երեւակայել, թե Հայաստանի որեւէ
ղեկավար երբեւէ կնայի ՌԴ ղեկավարի աչքերին ու պարզորեն կասի. «Բարեկամս, վերջ տվեք
հայերի սպանություններին ու, առհասարակ, ձեզ մի քիչ կարգին պահեք»: Չի ասի: Հետեւաբար՝
հարցերն ավելի կբարդանան: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել