Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Վ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԳՆ-Ն

Հունիս 14,2006 00:00

Վարկային
ծրագրի պահանջները չե՞ն կատարվել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հրավիրած
իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համաձայնել է երրորդ անգամ վերադառնալ
նույն պաշտոնին՝ պայմանով, որ «պետք է փորձենք ինչ-ինչ խնդիրների պատասխանը ստանալ»:
Մասնավորապես նախարարությունը կսկսի այսուհետեւ աշխատել թափանցիկ, յուրաքանչյուր
10 օրը մեկ վարչությունների պետերը, ստորաբաժանումների ղեկավարները կհանդիպեն լրագրողներին՝
ամսական հաշվետվություն ներկայացնելու, «որպեսզի բոլորն իմանան՝ ինչով է աշխատում
նախարարությունը, ինչպես է աշխատում եւ ինչ խնդիր է լուծում»: Նախարարը հանդես եկավ
նաեւ մի քանի կոչով. նախ՝ դիմեց հասարակությանը՝ ԿԳՆ-ին չվերաբերել իբրեւ տարբեր
տիպի քննությունների անցկացման համակարգի, ապա ուսուցիչներին ու տնօրեններին, որ
«եթե նրանք համոզմունքներ չունեն ինչ-որ կուսակցության մեջ մտնելու, իրենց գաղափարներով
եթե համակրում են, բայց չեն ուզում մտնել, ուրեմն թող չմտնեն, որպեսզի այսօր այսպիսի
հիմար վիճակի մեջ չընկնեն, ինչպես հիմա մենք տեսնում ենք: Դպրոցի տնօրենը պետք է
պաշտպանված զգա նրանով, որ ինքը պրոֆեսիոնալ է, կարիք չունի քաղաքական շարժի կամ
հովանավորության»: Նախարարն այս առումով սկզբունք առաջադրեց. գաղափարական ինչ-որ
պատկանելությունը մանկավարժի ամենօրյա աշխատանքի մեջ սուբյեկտիվ գործոն չպետք է դառնա:
Եվ այդ դեպքում միայն համակարգը կշահի, իսկ եթե այս սկզբունքը չընդունվի՝ «մենք շատ
տխուր տեղ կգնանք, կոչ եմ անում կրթական համակարգը (հատկապես հաշվի առնելով, որ ես
միշտ գալիս եմ ընտրություններից առաջ) առաջիկա ընտրութjուններին եւս անխոցելի պահել:
Նույն կոչով դիմում եմ նաեւ կուսակցություններին՝ չանել այնպիսի բաներ, որոնք խաթարելու
են արդեն մեծ դժվարությամբ պահպանված որոշակի արժեքներ: Ես չեմ ուզում, որ վաղը,
մյուս օրը ընտրություն անենք, որ երեխային ուղարկելու ենք հանրապետական դպրոց, «Օրինաց
երկրի» դպրոց, դաշնակցական դպրոց՝ սա մեզ համար կործանում կլինի»: Լեւոն Մկրտչյանը,
պահպանելով էթիկայի նորմերը եւ իր նախորդի արած գործը չթերագնահատելով, միայն ասաց,
որ «յուրաքանչյուր նախարար իր գործունեության մեջ ունի որոշակի արդյունքներ, որ արձանագրել
է եւ որոշակի արդյունքներ, որ չի կարողացել ունենալ եւ չի արձանագրել»: Սակայն պրն
Մկրտչյանն իր երկարաշունչ ներածական խոսքում մեծ բացահայտումներ արեց: Դեռ ամիսներ
առաջ, երբ մենք անդրադարձանք ԿԳՆ գիտելիքների եւ թեստավորման կենտրոնի գործունեությանը
եւ հատկապես նրան, որ վերջինս հետ է ընկնում վարկային ծրագրի սահմանած ժամանակացույցից,
չունի համապատասխան տեխնիկական հագեցվածություն եւ հնարավոր է՝ գործը տապալի, ԿԳՆ-ն
իր արձագանքն ուղարկեց՝ փորձելով վստահեցնել, որ ամեն ինչ արվում է ըստ պլանավորած
ժամկետների: Այսօր, պարզվում է, ստեղծվել է մի վիճակ, որ 2006-07 ուստարվա ավարտին
շրջանավարտները հնարավորություն չեն ունենա նոր համակարգով քննություններ հանձնել
հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից, ինչպես պահանջվում է վարկային ծրագրի ժամանակացույցով:
Երեկ Լ. Մկրտչյանն արձանագրեց, որ այդ կենտրոնը չունի ոչ անհրաժեշտ թվով տեխնիկա,
ոչ էլ մասնագետներ. փորձնական ծրագրերը որակով չեն իրականացվել, տեխնիկապես եւ մասնագիտական
առումով ամեն ինչ կիսատ է, մայիսին նախատեսված փորձնական ծրագիրը մայրաքաղաքում տապալվեց,
եւ վերջին հույսը աշնանն այն կազմակերպելն է, որովհետեւ դեկտեմբերին արդեն մյուս
տարվա դիմորդը պետք է իմանա, թե ինչ է իրեն սպասվում: Եվ մյուս տարի լավագույն դեպքում
միայն հայոց լեզվի քննությունը կկարողանան անցկացնել նոր ձեւով: «Հայաստանն
անկում է ապրում իր կրթական որակով, եթե մենք առաջ համեմատվում էինք եվրոպական երկրների
հետ, այսօր սկսում ենք համեմատվել միջինասիական երկրների հետ, Թուրքիային ենք մոտենում,
արդեն թուրքական համակարգն է մեզ համար համեմատելի դառնում: Սա ենթադրում է լուրջ
եւ հետեւողական աշխատանք»,- ասաց ԿԳ նախարարը: Վերջինիս համար մի մեծ ու անհասկանալի
հարց է լիցենզավորման ոլորտը, որտեղ տարեցտարի կուտակվում են նորանոր խնդիրներ. «6-7
տարի է՝ ոչ մի առաջընթաց չկա: Գոնե իրավիճակը կանգնեցնենք, խաղի կանոնները հստակեցնենք»:
Բուհական ոլորտում խնդիր կա կրեդիտային համակարգի եւ խորհուրդների հետ կապված հարցերում:
«Մարդիկ, որոնց ասում էին մեկ տարում պետք է անցնեք կրեդիտային համակարգի, փոխանակ
հրաժարական տային, ասում էին՝ կհասցնենք, հայտարարում էին, որ ամեն ինչ լավ է»,-
չմասնավորեցնելով, թե հատկապես որ ռեկտորներին նկատի ունի՝ ասաց նախարարը: Ինչ վերաբերում
է խորհուրդներին, ապա «վերջիններս ամենեւին նրա համար չեն, որ ռեկտոր ընտրեն եւ հետո
խորհրդի գործունեությունը դադարեցվի: Բուհական խորհուրդները պարտադիր պետք է մասնակցեն
բուհերի ֆինանսավորմանը, պետք է հստակ կերպով բուհական խորհուրդն ինքը լիարժեք վերցնի
ղեկավարման ֆունկցիաները եւ պետք է կարողանա տեր զգալ: Ցավոք սրտի, այն, ինչ կատարվում
է եւ դպրոցական, եւ բուհական կառավարման խորհուրդներում, հեռու է բավարար լինելուց՝
մեղմ ասած: Մարդիկ, ովքեր խորհրդի անդամ են, պետք է հասկանան, որ իրենք դակիչ չեն,
որ շեֆի ասածը ստորագրությամբ կամ քվեարկությամբ հաստատեն»: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել