Լրահոս
Օրվա լրահոսը

Մայթը «սեփականաշնորհել» են

Հունիս 14,2006 00:00

«Գումի» տարածքի առեւտրականների թուրը
աջ ու ձախ կտրում է, քանի որ մայթը զբաղեցնելու համար նրանք իրավապահների «դաբրոն»
ունեն: Երեւանի քաղաքապետարանը եւ թաղապետարանները պարբերաբար խոսում են փողոցային
առեւտրի մասին, որոշումներ ընդունում, արգելում, բայց, ըստ էության, փողոցային առեւտուրը
չի վերանում: Կա նաեւ փողոցային առեւտրի մի տեսակ, որը պատկան մարմինները կարծես
թե չեն նկատում: Շատ խանութներ իրենց տեսականին շարում են խանութի դիմացի մայթին,
դրանով խանգարելով անցորդների անցուդարձին: Բայց այդ երեւույթը կարող է ոչ միայն
խանգարել անցուդարձին, այլեւ իսկական կռվի պատճառ դառնալ: «Գումի» շուկայի ետնամասում,
«բիրիքանոցի» առջեւ կան մի քանի խանութներ: Օրերս ականատեսը եղա շատ տհաճ միջադեպի:
Երկու կին «ուշաթափված» դուրս եկան շուկայից եւ հով տեղ փնտրելով՝ կանգնեցին: Դեռ
չէին հասցրել քրտինքը սրբել եւ ուշքի գալ, երբ դիմացի խանութից դուրս եկավ մի «կերած-խմած»
կին ու շատ կոպիտ ասաց. «ըտեղ մի կանգնեք, ապրանքիս դեմը փակում եք»: Ապրանքը հաց
էր եւ զուգարանի թուղթ, որ շարված էր ուղիղ մայթին, խանութից 2-2, 5 մետր առաջ, իսկ
կանայք կանգնած էին մայթից ներքեւ, բանուկ մասում: Կանանցից մեկը ընդդիմացավ, ասելով,
որ իրենք նույնիսկ մայթից են ներքեւ կանգնած, իսկ ապրանքն էլ պետք է խանութում լինի:
Դա ավելի զայրացրեց իրեն տեր ու տիրական զգացող «խանութպանին» եւ, ինչպես ժողովուրդն
է ասում՝ «շներին կապեցին, նրան բաց թողին». աշխարհի անեծքը թափեց կանանց գլխին:
Նա այնքան ոգեւորվեց, որ սկսեց հրել նաեւ քիչ հեռու կանգնած մի ուրիշ կնոջ՝ բղավելով,
թե «Էս իմ տարածքն ա, ես սրա համար փող եմ տալիս»: Վերջինս զայրացած նրան բացատրում
էր, որ ինքը «շուկայի խեղճուկրակ գյուղացիներից չէ, որոնց վրա ուժները պատում է»
եւ ինքը կանգնելու է այնտեղ, որտեղ ուզում է: Վաճառականը նույնիսկ խանութից ջուր
բերելով շփեց մայթին, թրջելով նաեւ կանանց ոտքերը, որպեսզի նրանք հեռանան: Բանը հասավ
նրան, որ կանանց գող անվանեց, իբր կանգնել են, որ իր ապրանքը գողանան: Դժվար է ասել,
թե ինչով կավարտվեր այս ամենը, եթե տարածքը հսկող երկու երիտասարդ չխառնվեին: Բայց
կարելի էր, չէ՞, խուսափել այս եւ նման բազմաթիվ դեպքերից, եթե առեւտրի բաժիններն
իրենց գործը կատարեին եւ թույլ չտային «ընդարձակվել» խանութներին ու նրանց տերերին:
Կարծում եմ, մայթը բռնագրավածներին մեկ-երկու անգամ տուգանելը նրանց խելքի կբերի
եւ քաղաքացիներին կփրկի ավելորդ նյարդեր քայքայելուց: Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկատենք, որ վերջին անգամ նշյալ հասցեում փողոցային առեւտուրը
վերացել է ընդամենը մեկ օր, այն էլ՝ մի քանի ժամով, երբ քաղաքային իշխանությունները
Կենտրոն համայնքում շրջայց էին կատարում: Այս խնդիրը գրեթե անլուծելի է եւ միայն
քաղաքապետարանի եւ թաղապետարանների ջանքերով չի կարգավորվի, քանի դեռ տվյալ տարածքը
հսկող ոստիկանները եւ հարկային մարմինները «սերտ համագործակցում են» խանութպանների
հետ եւ վերջիններիս «տանիքություն» անելով ասում՝ դու հանգիստ քո առեւտուրն արա,
մենք տեր ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել