Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ

Հունիս 14,2006 00:00

ԿՐԿԻՆ
ԵՆ ՓՈՐՁՈՒՄ Խորհրդարանը երեկ սկսեց քննարկել «Ֆիզիկական անձանց
գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը, որը մերժվել էր նախորդ քառօրյայում՝
ստանալով 54 կողմ ձայն: Մասնավորապես «Օրինաց երկրի» պատգամավորները խորհրդարանի
հեղինակության հարց եւ անհարգալից վերաբերմունքի արտահայտություն համարեցին այն,
որ արդեն իսկ երկու անգամ մերժված օրինագիծը կառավարությունը դարձյալ ներկայացրել
է՝ առանց որեւէ փոփոխության: Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը
սա համարեց ՕԵԿ-ի համար փոխված իրավիճակի հետեւանք: Նաեւ առարկելով այն պնդումներին,
թե հայտարարագրման գործող օրենքն էլ չի նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին՝ ուստի
չի նպաստի այս մեկն էլ, ասաց, թե գործող օրենքը թույլ չի տալիս մեկ քայլ առաջ գնալ,
չի ենթադրում հետեւանքներ հայտարարագրման համար, իսկ այս նախագծով դրանք արդեն նախատեսված
են: Արմեն Ալավերդյանը դեռ հանձնաժողովում քննարկման ժամանակ էր նշել, թե
պատգամավորների մտահոգությունների հիմնական առարկան՝ հայտարարագրման իրենց նախատեսած
շեմը բավական բարձր է: Նախագծում առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել տարեկան
6 մլն դրամի եւ ավելի եկամուտ ունենալու դեպքում՝ յուրաքանչյուր անձի համար: Միացյալ
Նահանգներում այս ցուցանիշը, ըստ Արմեն Ալավերդյանի, տատանվում է 7-8 հազար դոլարի
շրջակայքում, Լիտվայում՝ 740 դոլար է, իսկ եվրոպական մի շարք երկրներում ընդհանրապես
սահմանված չէ որեւէ շեմ՝ բոլոր եկամուտներն էլ հայտարարագրվում են: Օրենքը նախատեսվում
է կիրառել 2008 թվականից եւ, մոտավոր հաշվարկներով, կվերաբերի շուրջ 20 հազար քաղաքացու:
Թե այս անգամ ինչ ճակատագրի կարժանանա «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների
հայտարարագրման մասին» օրենքը՝ պարզ կդառնա այսօր: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել