Իշխանամետները շատ են, տեղերը՝ քիչ
Ըստ մեր տեղեկությունների, անցյալ օրը վարչապետի ծննդյան օրվա կերուխումը վերածվել է բառացիորեն «բազարի», քանի որ հյուրերը, հիմնականում՝ պատգամավորներ, վարչապետի ականջին շշնջալու գործում մրցել են միմյանց հետ, յուրաքանչյուրը փորձելով առավել ուշագրավ դարձնել սեփական շշնջյունը, առավել հաճելի քծնել եւ համոզել՝ կորզելու համար ՀՀԿ համամասնական ցուցակում իր ցանկալի տեղը, կամ մեծամասնականով առաջադրվելու դեպքում՝ երաշխիքներ, որ իր դեմ ոչ մի այլ «թափով» տղա չի առաջադրվի:
Եթե դրան ավելացնենք, որ Դաշնակցությունը եւ Հանրապետականը միմյանց նույնքան տանել չեն կարողանում, որքան նրանք առանձին-առանձին ժամանակին չէին սիրում ՕԵԿ-ին, պատկերը առավել պարզ կդառնա: Իսկ Դաշնակցությունը հանդարտ իր գործն առաջ է տանում: ՀՅԴ-ի ձեռքում են կուտակվել հասարակության ամենաստվար շերտերին առնչվող ոլորտները՝ կրթության եւ գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության նախարարությունները։ Եվ եթե դաշնակցական նախարարները իրար հետեւից սկսեն ժողովրդահաճո (հայերեն ասած՝ «պոպուլիստական») մի քանի ծրագրեր իրականացնել հասարակության այս բոլոր շերտերին առնչվող, հաստատ կշահեն:
Մեր այս նկատառումներին ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը այնքան էլ համամիտ չէր, նա չկիսեց նաեւ մեր այն կարծիքը, թե այս ամբողջ իրավիճակից տուժողը լինելու է ՀՀԿ-ն: Պատգամավորի կարծիքով, տուժողը կլինի ոչ թե ՀՀԿ-ն, այլ՝ բոլորը, այդ թվում նաեւ խորհրդարանը՝ «որպես օրենսդիր բարձրագույն մարմին»: Սակայն քիչ անց համաձայնեց. «Իհարկե, որպես կուսակցություն, նաեւ հանրապետականներն են տուժում, եւ տուժում են ավելի, քան մյուսները, չնայած կարելի է ասել, որ Հանրապետականի արբանյակ խմբերն ու խմբակցությունները նույնպես տուժում են: Իսկ Հանրապետականը տուժում է այն պատճառով, որ նրան է պատկանում ԱԺ խոսնակի լծակը: Հանրապետականը փորձում է ապացուցել, որ ունակ է մնացած այս մի քանի ամիսների ընթացքում ապահովել ԱԺ բնականոն աշխատանքը: Իրականում խորհրդարանը գնալով որակազրկվում եւ խորանում է ճգնաժամի մեջ, չնայած գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը ճգնաժամի մեջ է իր գումարման առաջին օրից: Եվ այդ ճգնաժամի պատճառները շատ պարզ են. առաջին հերթին այն, որ փորձ արվեց ստեղծել միատարր կոալիցիոն իշխանություն»:
Մեր հաջորդ դիտարկմանը, որ Դաշնակցությունն այսօր ինքն իրեն շատ շահեկան վիճակում է դրել, պարոն Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Եթե դուք գտնում եք, որ հաջորդ ընտրությունները կանցնեն այնպես, ինչպես անցան նախորդ ընտրությունները, այսինքն՝ նույն ընտրակեղծիքներով, խախտումներով, վարչական ներուժի չարաշահման նույն մեթոդներով, ապա դուք, իհարկե, ճիշտ եք: Եթե, այնուամենայնիվ, մեզ հաջողվի այնպիսի մթնոլորտ ստեղծել երկրում, ինչը զուտ հիպոթետիկ հնարավորություն է, որը հնարավորություն չի տա չարաշահել տխրահռչակ վարչական ներուժը, հնարավորություն չի տա ընտրակեղծիքներով, վարչական ճնշումներով ապահովել ցանկալի արդյունքը, ապա այդ դեպքում Դաշնակցությունը շատ տխուր վիճակում է հայտնվելու»: Հմայակ Հովհաննիսյանը համոզված է, որ այս դեպքում նաեւ Հանրապետականն ու մյուս իշխանական ուժերն են տխուր վիճակում հայտնվելու:
Ենթադրությունն, ինչ խոսք, «հիպոթետիկ» ոլորտից է:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ