Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ «ԿՏՐՈ՞ՒՄ» ԵՆ

Հունիս 14,2006 00:00

ՀՀ
«Ընտրական օրենսգրքի» համաձայն, հաջորդ ու հերթական ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական
հանձնաժողովները պարտադիր կերպով պետք է ձեւավորված լինեն բացառապես համապատասխան
արտոնագիր ունեցող հանձնաժողովականներով: Այդ նպատակով դեռեւս այս տարվա հունվարի
24-ից սկսվել են ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների մասնագիտական
դասընթացները, որոնք կազմակերպում եւ անցկացնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝
ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, Պետական կառավարման մասնագետների հետ
համատեղ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ժամանակին 57 մլն դրամ է հատկացրել: Դասընթացներ
անցկացնելու գաղափարը ՀՀ իշխանություններին հուշել ու պարտադրել էր ԵԽ-ն: Սակայն
այս դեպքում էլ ՀՀ իշխանություններն ու պատկան մարմիններն արդեն իսկ փորձում են միամիտ
եվրոպացիների նորամուծություններից սեփական «օգուտները» քաղել: Երեկ այս մասին ՀՀ
խորհրդարանում բարձրաձայնեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանը:
Վերջինս «Առավոտին» փոխանցեց, թե իշխանությունները ԿԸՀ-ի հետ ձեռք ձեռքի տված փորձում
են ընտրական հանձնաժողովներից դուրս մղել ընդդիմության ներկայացուցիչներին: Մեխանիզմը,
ըստ պատգամավորի, հետեւյալն է. «Մարզերում տեղեր կան, որտեղ ընդդիմության ներկայացուցիչներին
ընդհանրապես տեղյակ չեն պահում կազմակերպված դասընթացների մասին: «Ամենաթարմ» օրինակը
Սյունիքի մարզում է եղել, որտեղ դասընթացները նշանակված էին եղել հունիսի 1-ից, բայց
մասնագետները եկել էին ամսի 3-ին՝ առանց մարդկանց տեղյակ պահելու, որ նշանակված օրը
փոխվել է: Իսկ Մեղրիում եւ Մարալիկում ընդհանրապես դասընթացներին մասնակցելու համար
դիմումատուներին տեղյակ չի պահվել դասընթացների օրվա մասին: Բնականաբար, դրանց ընդդիմությունից
ոչ ոք չի մասնակցել: Մասնակցածներն էլ հիմնականում եղել են ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից ու ՄԱԿ-ից:
Սա այն դեպքում, երբ, ըստ գործող կարգի, քաղաքացիներն իրենց դիմումներում նշում են
իրենց հասցեն, հեռախոսը, անգամ անձնագրային տվյալները, որպեսզի իրենց դասընթացների
մասին նաեւ տեղյակ պահեն», մինչդեռ Գ. Հարությունյանի ասելով, իշխանությունները ԿԸՀ-ի
եւ ընտրատարածքային հանձնաժողովների հետ միասին դասընթացները «ծածկադմփոց են անում»:
Պատգամավորի համոզմամբ, «սա նաեւ այլ պատճառ ունի. իրենք (դասընթացների կազմակերպիչները-
Ն. Մ.) դասընթացները ձեւականորեն անց են կացնում, որին, ենթադրենք, մասնակցում է
25-30 մարդ, հետո ներկայացնում են, թե, իբր, դրանց մասնակցել է ասենք՝ մի 100 հոգի:
Շատ դեպքերում նրանք ընդդիմության կամ ոչ յուրային դիմումատուներին տեղյակ չեն պահում
եւ չեն ուզում, որ նրանք մասնակցեն այդ դասընթացներին նաեւ այն պատճառով, որ ընդդիմությունը
կտեսնի, թե իշխանություններից քանիսն են իրականում մասնակցել այդ դասընթացներին եւ
ինչպես են լիցենզիա ստացել: Էլ չեմ ասում, որ ընդդիմադիրներին ընդգծված խիստ պահանջներ
են ներկայացվում»: Գ. Հարությունյանը նաեւ վստահեցրեց, թե անգամ դասընթացներին
մասնակցելն էլ արտոնագիր ստանալու համար երաշխիք չէ, երբ մարդը ընդդիմադիր կուսակցության
անդամ կամ համակիր է, կամ ընտրական հանձնաժողովում ներկայացված է ընդդիմության կողմից:
«Կապանում «Արդարություն» դաշինքի անդամ հանձնաժողովականներից մեկին փորձել
էին քննությունից «կտրել», բայց քանի որ շատ պատրաստված տղա է եղել, պայքարել ու
անցել է, բայց եւս երկուսի հետ կապված դեռեւս խնդիրներ կան, դեռ պարզ չէ՝ քննությունը
կանցնե՞ն, թե՞ ոչ»,- ասաց պարոն Հարությունյանը: Ըստ նրա, այս ամենի նպատակը
մեկն է՝ «ստեղծել այնպիսի արհեստական խոչընդոտներ, որ ընդդիմության ներկայացուցիչները
լիցենզիա չստանան, որպեսզի հետագայում իրենք (իշխանությունները- Ն. Մ.) իրավունք
ունենան իրենց մարդկանցով արդեն մեխանիկորեն համալրել հանձնաժողովները: Բանն այն
է, որ եթե ընդդիմությունը անհրաժեշտ քանակով հանձնաժողովների անդամների լիցենզավորված
թեկնածուներ չունենա, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, որոնք համալրված
են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, ԸՕ-ի համաձայն, մեխանիկորեն իրենց
մարդկանց են նշանակելու»: «Ընտրակեղծիքի տեխնոլոգիաների իմաստով սա նորություն
է: Իշխանությունները համոզված են, որ ժողովուրդն այս անգամ էլ իրենց ձայն չի տալու,
եւ այս դեպքում, բնականաբար, ինչպես 2003-ին էր ու հանրաքվեի ժամանակ, հանձնաժողովներում
իրենք իրենցով մնալու դեպքում նրանք հեշտությամբ կկարողանան թվեր նկարել»,- մտահոգություն
հայտնեց Գ. Հարությունյանը: Մենք պատգամավորի բարձրացրած հարցերի առնչությամբ
դիմեցինք նաեւ ԿԸՀ-ին: «Բոլոր մարզերում, որտեղ արդեն դասընթացներ են անցկացվել՝
եղել են ԿԸՀ որոշման համապատասխան: Դասընթացներին մասնակցելու համար դիմումատուն
երբեք չի նշում, թե ինքը որ կուսակցությանն է պատկանում, ուստի՝ որեւէ մեկի նկատմամբ
կողմնակալ վերաբերմունք լինել չի կարող: Ինչ վերաբերում է քննություններից
«կտրելուն», ապա նման բան չկա, առավել եւս, որ հանձնաժողովները «կտրված» դիմումատուներին
վերահանձնելու հնարավորություն են տալիս»,- «Առավոտին» փոխանցեցին ԿԸՀ-ից՝ վստահեցնելով,
որ որեւէ միտում չկա, եւ որ «հարգելի պատգամավորի ասածը իրականությանը չի համապատասխանում»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930