Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԸ ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ԽԱՂ Է

Հունիս 13,2006 00:00

Հարցազրույց
Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ – Պարոն Խալիկյան, ի՞նչ
կասեք հայ շախմատիստների վերջին սխրանքի մասին: – Դա անկախության գիտակցականության
առաջին խոշոր դրսեւորումն է: – Ինչպե՞ս հասկանանք: – Հին սերունդը
նվաճեց հայրենիք, նոր սերունդը իր երախտագիտությունը հայտնեց: Սա հայ ժողովրդի հաղթանակն
է, որն ավելի փառավորեց եւ իմաստավորեց բազմահազար զոհված ազատամարտիկների շիրիմները:
– Ի՞նչ կասեք բուն թիմի մասին: – Հաղթանակը ձեռք բերվեց հին եւ նոր
սերունդների համագործակցության ներդաշնակության շնորհիվ: Մի կողմից Սերժ Սարգսյան
(ֆեդերացիայի նախագահ), Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Արշակ Պետրոսյան (մարզիչ),
Հրաչիկ Թավադյան (թիմի պետ)՝ փորձ, իմաստություն, մյուս կողմից՝ Լեւոն Արոնյան, Վլադիմիր
Հակոբյան, Կարեն Ասրյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Նալբանդյան (մարզիչ)՝ ուժ, արիություն,
եւ դարերի խորքից եկող ծիրանագույն երազանք՝ հնչեցնել անկախ Հայաստանի հիմնը եւ ծածանել
եռագույնը: – Ստացվում է՝ «Եկա, տեսա, հաղթեցի»: – Ոչ: Հաղթանակից
առաջ ծնվում է հաղթանակի մասին գաղափարը: Չհավատաս՝ չես հաղթի: Որպեսզի հավատաս,
պետք է ճանապարհ հարթես: 1963թ. Երկաթե Տիգրանը ցնցեց շախմատային աշխարհը, դառնալով
աշխարհի 9-րդ չեմպիոն: Ոգեւորության ալիքը տարածվեց ողջ հայության մեջ: Շախմատը հայի
համար դարձավ առօրյա: Բազմաթիվ խմբակներ բացվեցին, կառուցվեց Տիգրան Պետրոսյանի անվան
Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունը: Կամաց-կամաց ձեւավորվեց, դասական իմաստով՝
շախմատի հայկական դպրոցը: Դժվար է ստեղծելը, առավել դժվար է ստեղծածը պահպանելն ու
զարգացնելը: 90-ական թվականների սկզբին, երբ հայ ժողովուրդը բառի իսկական իմաստով
խավարի մեջ էր, երբեք չհանգչեց լուսավորության նախարարության շախմատի օլիմպիական
հերթափոխի մարզադպրոցի լույսը (որի ղեկավարը Խալիկյանն է- Մ. Մ.): Երեխաները դպրոց
էին գալիս վառելիքի կապոցները թեւատակին, եւ շրջափակման մեջ գտնվող շախմատիստները
ոչ մի վայրկյան չդադարեցրին իրենց շախմատային աճը: Եռուզեռ էր տիրում նաեւ սպորտկոմիտեի
շախմատային դպրոցում, որը ղեկավարում էր Վլադիմիր Հայրապետյանը, եւ այս ամենի արդյունքում
ծնվեցին այսօրվա հերոսները՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը,
Գաբրիել Սարգսյանը: – Դուք ասացիք՝ ավելի դժվար է ստեղծածը պահպանելը: –
Այո, ինձ համար մեծ ցավ է, որպես սպորտային գործիչ, փաստել այն անդառնալի կորուստները,
որ հայ ժողովուրդն ունեցավ մարմնամարզության, սեղանի թենիսի, բասկետբոլի, ջրացատկի,
ծանրամարտի, ֆուտբոլի, հնգամարտի, թեթեւ ատլետիկայի բնագավառներում: Այդ առումով
շախմատի բախտը բերեց: Կարող եմ նշել շախմատի ֆեդերացիայի երկու նախագահներին՝ Լորիս
Քալաշյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնք իրենց հասարակական դիրքը եւ շախմատի նկատմամբ
ունեցած անսահման սերը օգտագործեցին բնագավառը ցնցումներից փրկելու համար, դեռ ավելին:
– Երկու խոսք շախմատի մասին: – Շախմատը հիրավի աստվածային խաղ է (փոքր-ինչ
հաճոյանանք շախմատի աստվածուհուն՝ Կաիսային): Աստված մարդուն ստեղծել է եւ ամենակարեւոր
շնորհը՝ ազատ կամք է տվել: Շախմատիստին՝ ունակությունները խաղատախտակի վրա գրանցելու
ոչ մի խանգարիչ հանգամանք չկա: Լավ շախմատիստի ձեռքում փայտյա ֆիգուրները կյանք են
ստանում: Հաճախ զինվորը նույնիսկ թագուհու է փոխարինվում, էլ չեմ ասում, որ նա կարող
է արքային «մատ» հայտարարել: Գուցե հենց սա էր պատճառը, որ ժամանակին Պարսկաստանում
եւ Չինաստանում պետականորեն արգելում էին շախմատ խաղալ: Ազատ կամքը աստվածային շնորհ
է եւ ցանկացած ոտնձգություն իր վախճանը կունենա, իսկ շախմատում այն առավել հմայք
է ձեռք բերում: Հարցազրույցը վարեց Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել