Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՉՏԵՍՈՒԹՅԱՄԲ՝ «ՕՍԿԱՐԻ» ԻՄԻՏԱՑԻԱ

Հունիս 13,2006 00:00

Կիրակի
օրը «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» գեղարվեստական ֆիլմի
պրեմիերան, որի բյուջեն մեր տեղեկություններով կազմում է շուրջ 3,5 մլն դոլար: Մինչ
ֆիլմի ցուցադրումը, Գոռ Վարդանյանի հյուրերը եւ ֆիլմի անձնակազմը պետք է անցնեին
կարմիր գորգի վրայով, որը հսկվում էր դրա եզերքով մեկ շարված ռացիաներով զինված սափրագլուխների
կողմից: Սովորական մահկանացուներին՝ լրագրողներին թույլ չտվեցին անցնել տեղ-տեղ ծաղիկներով
զարդարված գորգի վրայով, բայց այդ հարցում բախտը ժպտաց մեկ-երկու մշակույթի գործչի:
Նրանց թվում էին իշանությունների սիրելի արվեստագետ Հենրիկ Իգիթյանը, վերջերս վաստակավորի
կոչման արժանացած հումորիստ-դերասանուհի Լալա Մնացականյանը եւ երգիչ Անդրեն՝ ընկերուհու
հետ: Կարմիր գորգի վրայով անցավ նաեւ Վահագն Հովնանյանը տիկնոջ հետ, սակայն քիչ անց
էլ՝ նույն գորգի վրայով քայլելով լքեց կինոթատրոնը: Թեեւ օրերս կայացած ասուլիսի
ժամանակ հայտարարվել էր, որ հանրապետության նախագահը, վարչապետը եւ պաշտպանության
նախարարը մասնակցելու են հանդիսությանը, սակայն նրանք այդպես էլ չժամանեցին: Բայց
տիկնոջ հետ եկել էր Ռ. Քոչարյանի խնամին՝ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, Կադաստրի
պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն
Արսենյանը, «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավար Բագրատ Սարգսյանն ու իր տիկինը,
«Ալֆաելի» ղեկավար Լեւոն Աբրահամյանը, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը, ԼՂ եւ ՀՀ ուժային
կառույցների, արտգործնախարարությունների ներկայացուցիչներ եւ այլք: Ֆիլմի
անձնակազմը հույս ուներ, թե դիտումը կկայանա լեփլեցուն դահլիճում, սակայն այն կիսադատարկ
էր, եղան նաեւ դահլիճը լքողներ՝ հավանաբար չդիմանալով սադոմազոխիստական տեսարաններին:
Ինչպես Գոռ Վարդանյանի մյուս ֆիլմերում, «Ճակատագրում» եւս գլխավոր հերոսի կինը հղի
է կամ անպայման զոհվում է նրա հարազատներից մեկը, իսկ Գոռը մեն-մենակ պատժում է մեղավորներին
ու հերոսանում: Ֆիլմը 1985-91թթ. մասին է, տարիներ, երբ անգամ Երեւանում կոմպյուտերը
մոդայիկ եւ բոլորին հասու է դարձել միայն 1994-1995թթ.-ից, իսկ Գոռի ֆիլմում՝ Ղարաբաղի
հեռավոր գյուղի զինվորականի աշխատասենյակում կոմպյուտեր ենք տեսնում: Հոգեցունց տեսարանները
զահլա տանելու աստիճան ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էին խոշոր պլանով ցուցադրվող
հերոսության ու քաջության խորհրդանիշ արծվի պատկերով: Ղարաբաղի մասին պատմող ֆիլմում,
բնականաբար՝ Գոռի կերպարի միջոցով (Երկիրը պտտվում է նրա շուրջը) փորձ է արվում սերմանել
այն գաղափարը, որ պետք է ապավինել միայն սեփական ուժերին եւ այդկերպ հասնել բաղձալի
հաղթանակին: Ի դեպ, ֆիլմի 4 ռեժիսորներից մեկը՝ Արմեն Մազմանյանը, իբրեւ դերասան
է հանդես եկել «Ճակատագրում»: Հավանաբար նրա խորհրդով էլ այս ֆիլմը ներկայացվել է
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին, որի բեմադրող ռեժիսորն էլ է Մազմանյանը: Ֆիլմը
դիտելու էր եկել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որ Գոռ Վարդանյանի
նախորդ ֆիլմերին ծանոթ չէր: Այս ֆիլմի առիթով ոգեւորված նախարարն «Առավոտին» ասաց.
«Անպայման պետք է այստեղ գտնվեի, որովհետեւ սա շատ վաղուց սպասված ֆիլմ է: Երկար
ժամանակ այս թեմայով ֆիլմ չենք ունեցել: Կարծում եմ՝ ամբողջ բնակչության համար այս
ֆիլմը պետք է բաց լինի, որ անպայման գան դիտելու»: Հետաքրքրվեցինք՝ որպես մշակույթի
նախարար վատ չի՞ զգում, որ, օրինակ, Շարլ Ազնավուրի, Ատոմ Էգոյանի հետ հանդիպումների
կամ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման առիթով նման հանդիսավորություն ու կարմիր գորգ
չկար, իսկ ոչ պրոֆեսիոնալի ֆիլմը «մատուցվում» է շքեղ շնորհանդեսով: «Եկեք ավելի
շատ բովանդակությանը ուշադրություն դարձնենք, հաճախ շքեղության տակ կարող է բովանդակություն
չլինել: Փառք Աստծո, այսօր ունենք այդ բովանդակությունը, իսկ արտաքին ձեւի մեջ անշուշտ
խնդիրներ կան, որոնք տարեցտարի կշտկվեն: Այս պահին կարեւոր է այն, որ կարողանում
ենք ամբողջ աշխարհի ներուժը հավաքել Հայաստանում»: Հարցին՝ կարծում եք «բոյեւիկները»
կարո՞ղ են դաստիարակչական նշանակություն ունենալ, նախարարը պատասխանեց. «Չեմ ուզում
սա բոյեւիկ անվանել, դա մեր պատմության էջերից մեկն է: Բոյեւիկ է, թե ինչ է, կարեւոր
չէ, դա գեղարվեստական ձեւ է, կարեւորը գաղափարն է»: Երվանդ Մանարյանը մինչ
ֆիլմի դիտումը ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, իսկ ինչ վերաբերում է ճոխ շնորհանդեսին,
ասաց. «Վատ զգալ պետք չի, նայում են, կրկնում են, սովորում են: Այ, օրինակ, սա լավ
չի, որ գրված է GOR VARDANYAN «DESTINY», չգիտեմ ինչ (ցույց է տալիս ֆիլմի մասին
պատմող բուկլետը- Գ. Հ.), իսկ ֆիլմի անունն ո՞ւր է հայերեն: Կամ հաջորդ էջում գրված
է՝ գլխավոր դերում՝ Գոռ Վարդանյան, սցենարի հեղինակ՝ Գոռ Վարդանյան, մարտական տեսարանների
ռեժիսոր՝ Գոռ Վարդանյան…»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել