Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեդալի քննություններում կոռուպցիան նվազել է

Հունիս 13,2006 00:00

Երեկ Լ. Շանթի անվան թիվ
4 դպրոցի սովորական ավարտական քննություն հանձնող 10-րդցիների հետ հայոց լեզվից քննություն
էր հանձնում նաեւ մեդալի հավակնորդ 36 աշակերտ: Բոլորն էլ քննություն էին
հանձնում միեւնույն հարցաթերթիկներով: Տարբերությունն այն էր, որ առաջիններին հսկում
էին իրենց ուսուցիչներն ու տնօրենը, երկրորդներին՝ հատուկ հանձնաժողովը, ԿԳՆ եւ քաղաքապետարանի
կրթության վարչության աշխատակիցներ ու պաշտոնյաներ: Այս տարի ողջ հանրապետության
մակարդակով մեդալի հավակնորդների նախնական թիվը 133 էր: Այդ թվում մայրաքաղաքինը՝
41, բայց երեկ ներկայացել էր 36-ը: Որոշ դպրոցներում տնօրենները շտապել են իրենց
հավակնորդների անունը ներկայացնելու հարցում, որովհետեւ ԿԳՆ ներկայացուցիչների այցից
հետո պարզվել է, որ այդ երեխաներից ոմանք ի վերջո տարին փակել են նաեւ «4» գնահատականով:
Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի որոշ տեղեկությունների,
հավանաբար քննություններին կներկայանա մոտ 120-ը: Ն. Հովհաննիսյանը երեկ արձանագրեց,
որ մեդալի հավակնորդների ռեալ թիվը հենց սա է: «Մեդալի արտոնությունը հանելու դեպքում
գալիս են իրականում ինքնավստահ, արժանի երեխաներ, որոնք ընդամենը ուզում են գեղեցիկ
կենսագրություն ունենալ՝ կարմիր վկայական եւ ոսկե մեդալ»: Տիկին Հովհաննիսյանը մեր
հարցին ի պատասխան, թե արդյոք հիմա կարելի՞ է վստահաբար ասել, որ երբ մեդալն արտոնություն
է տալիս ընդունելության քննություններում, ապա դրանից աճում է կոռուպցիան՝ հենց մեդալի
քննությունների ժամանակ. «Կոռուպցիան չգիտեմ, բայց ցանկությունը մեծանում է՝ ավելի
հեշտ ընդունվելու համար»: ԿԳՆ հանրակրթության գծով փոխնախարար Բագրատ Եսայանը կողմ
է, որ մեդալը լինի գիտելիքի չափանիշ, «իսկ արտոնությունների դեպքում դա միշտ չէ,
որ այդպես է, այն հաճախ վերածվում է ծնողի քսակի հաստության չափանիշի»: «Եթե
իրոք մեդալակիր է, նա արտոնությունից օգտվելու կարիք չունի, կարող է հանգիստ ընդունելության
քննություններ հանձնել»,- ասում է քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ
Վաթյանը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այսօրվա մեդալակիրների
3-4 անգամ ցածր թիվը՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ մեդալն արտոնություն
էր տալիս, դեռ չի նշանակում, որ ընկել է դպրոցի որակը, ընդհակառակը՝ «Որակական լուրջ
տեղաշարժ կա գերազանցիկ եւ հարվածային սովորողների մեջ: Պարզապես պայքարը շատ էր
այն ժամանակ»: ԿԳՆ ենթակայության ֆիզմաթ դպրոցի սան Գոհար Մկրտիչյանը մեզ հետ զրույցում
ասում էր, որ իր համար մեդալը բնավ հուշ չէ, ոչ էլ՝ հեղինակության հարց. «20 բալն
էլ է հուշ, ինձ համար մեդալը նշանակություն չունի»: Գոհարը մեդալի հավակնորդ էր դարձել
իր տնօրենի առաջարկով, եւ կարծում էր, որ եթե իր դպրոցում քննություն հանձներ, ավելի
բարձր կստանար: Նա դժվարացել էր հայերենից, որովհետեւ կրկնուսույցի մոտ չի պարապել:
Թիվ 190 դպրոցի շրջանավարտ Մարտին Մարտիրոսյանը եւս 10 տարի գերազանցիկ է եղել եւ
կարծում է, որ մեդալը պետք է, որպեսզի «10 տարիների աշխատանքը իզուր չանցնի, պարզապես
հուշ է»: Մարտինը դժվարացել էր 4-րդ առաջադրանքում, որտեղ բաց թողնված տեղերում պետք
է ճիշտ բառեր տեղադրեր: Հայոց լեզվի առարկայական հանձնաժողովի նախագահ Դավիթ
Գյուրջինյանն ասում է, որ այս քննությունների հարցաթերթերում, ի տարբերություն ընդունելության
քննությունների հարցաթերթերի՝ չկա շարադրության կետը, իսկ մյուս առաջադրանքները նույնիսկ
ավելի հեշտ են: «Ինձ թվում է, որ դպրոցն ավարտողը պետք է կարողանա իր մտքերը մեկ
էջի սահմաններում շարադրել, բայց մեր երեխաները դժվարանում են մտքերն ազատ շարադրելու
հարցում, պարզունակ, մակերեսային դատողություններ են անում՝ աղքատիկ բառապաշարով:
Նրանք նաեւ վախենում են ստուգողներից, նրանց մեջ թշնամի են տեսնում, կարծում են՝
չեն հասկանա իրենց, փորձում են պարզունակ գրել, որ հանկարծ մտքերից չկառչեն: Միայն
երեխայի հարցը չէ, պետք է փոխվեն նաեւ ստուգողը, մոտեցումները»: Ըստ պրն Գյուրջինյանի,
շտեմարանը, որով արդեն 5 տարի է առաջնորդվում են դիմորդները, արդեն իրեն սպառել է,
չի համապատասխանում դպրոցական ծրագրին. «Այնտեղ հարցեր կան, որ պետք է բանասեր լինի,
որ գրի, այն էլ՝ լավ բանասեր: Այդ է պատճառը, որ առանց կրկնուսույցի մոտ պարապելու՝
հնարավոր չէ բուհ ընդունվել»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել