Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԲՈԼՈ՞Ր «ԼԱՎ ՏՂԵՐՔԸ»
ԻՆՔՆԱՁԻԳ ՈՒՆԵՆ

Հունիս 13,2006 00:00

«ՏԷՑ-ի
կրուգի» վանաձորյան տարբերակ Ըստ գլխավոր դատախազության, Վանաձորում ձերբակալվել
է 2 անձ՝ Կարեն Էդարյանը եւ Արսեն Փերիխանյանը: Ձերբակալումը կապված է հունիսի 3-ի
ժամը 22.15-ին տեղի ունեցած կրակոցների հետ: Ինչպես «Առավոտում» (9.06.06)
տեղեկացրել էինք, հունիսի 3-ին Վանաձոր քաղաքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցների
խաչմերուկում գտնվող «Վիլոյի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ տեղի էր ունեցել
միջադեպ: Միջադեպի արդյունքում հնչել էին կրակոցներ, իսկ մասնակցել էին տասնյակ երիտասարդներ,
որոնց մեջ նշվել էին քաղաքապետի տղան՝ Աղասի Դարբինյանը, նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը
(«Սելո» մականունով) եւ վերջինիս տղան՝ Արման Դարբինյանը («Քաղցրիկ» մականունով),
Ազատ Խլղաթյանը եւ այլք: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության, այդ օրը «ռազբորկային» մասնակցել
է մինչեւ 15 երիտասարդ: «Առավոտի» աղբյուրը նաեւ տեղեկացրել էր, որ այդ միջադեպում
քաղաքական կամ կլանային ենթատեքստ կար: Երեկ «Առավոտի» թղթակիցը Վանաձորում հանդիպեց
Հայփոստի Լոռու մասնաճյուղի տնօրեն (նախկինում անձի առեւանգման մեղադրանքով դատված)
Էդիկ Խլղաթյանի հետ: Վերջինս ներկայացրեց կատարվածի իր տարբերակը: «Իրականում այդ
տղան, որը կրակել է, շատ համեստ եւ պարկեշտ երիտասարդ է (խոսքը Արսեն Փարեմուզյանի
մասին է): Եղբայրը փողոցում հանդիպելով, մոտեցել է մի աղջկա, որը անպատվել է տղային,
ինչի արդյունքում վիճաբանել են եւ աղջիկը սպառնացել է՝ գլուխդ ջարդել կտամ: Մի խումբ
տղաների ուղարկել է Արսենին ծեծելու: Մենք այդ օրը մասնակցում էինք Տառերի պուրակում
Թումանյանի արձանի բացման արարողությանը, որին ներկա էին մի քանի հազար վանաձորցիներ,
այդ թվում նաեւ այդ երիտասարդի ավագ եղբայրը, որը տղայիս՝ Ազատի հետ նույն մեքենայով
վերադառնում էր Վանաձոր: Ճանապարհին զանգում են տղայիս ընկերոջը եւ ասում՝ հանկարծ
քաղաք չմտնես, եղբորդ ծեծում են, զինված են եւ շատ,- պատմում է պարոն Խլղաթյանը:-
Բնականաբար, սկսում է եղբոր համար անհանգստանալ, գալիս է քաղաք, սկսում փնտրել, մտնում
է տուն՝ տանն էլ չէր, վերցնում է զենքը եւ դուրս գալիս (նախապես իմանալով, որ նրանք
զինված են) ու երբ հասնում է դեպքի վայր, զինված խումբը հարձակվում է նրա վրա եւ
կրակում: Նա սկսում է նախազգուշական կրակել նրանց ոտքերի տակ, որպեսզի չմոտենան իրեն»:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, Կարեն Էդարյանի մոտ հայտնաբերվել
էր «Բրաունինգ» ատրճանակ, իսկ ըստ ՀՀ գլխավոր դատախազության, քիմիագործների այգում
կրակելուց հետո Էդարյանը զենքը թողել էր ու փախել: Արսենը իր հետ վերցրել էր ինքնաձիգ:
«Առավոտի» հարցին, թե միջադեպը կապվա՞ծ է մի քանի օր առաջ տեղի ունեցած քաղաքապետի
եղբոր տղայի հարսանիքի հետ, պարոն Խլղաթյանն ասաց. «Կատարվածը բացարձակ կապ չունի
հարսանիքի հետ: Իրողությունն այն է, որ իմ տղան չէր կարող ընկերոջն այդ պահին լքել,
դա նրա կողմից մարդկային չէր լինի: Չկան «կլանային թաղերի» կռիվներ, չկա ետընտրական
կամ քաղաքական որեւէ մոտիվ: Դա արդեն ժողովրդական բանահյուսության ժանր է»: Հետագայում
պիտի պարզվեր, որ դեպքի վայրից 4 հոգի՝ Շ. Մանուչարյանը, Ա. Հարությունյանը, Նալբանդյան
եղբայրները, Ա. Խլղաթյանը, Ա. Շահինյանը դիմել են փախուստի: Նախաքննությունը շարունակվում
է: Ըստ պաշտոնական տեղեկությունների, Վանաձորի բժշկական հիմնարկներին հրազենային
վնասվածքներով որեւէ անձ չի դիմել, ոստիկանությունը փնտրում է «հնարավոր տուժողների»:
Օպերատիվ հետախուզության արդյունքում սրճարանի պատին հայտնաբերվել է 3 հատ 5X45 մմ
տրամաչափի ինքնաձիգի գնդակի հետք: Պարոն Խլղաթյանի կարծիքով՝ «այսօր Հայաստանում
խաղաղ պայմաններում զենք օգտագործելը անընդունելի է: Մանավանդ, երբ թշնամանքի լուրջ
շարժառիթ չկա»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել