Նախարարությունների աշխատակիցներն իրենց վերադասից նույնիսկ անանուն վախենում են բողոքել:
Արդեն 1 տարի է՝ առողջապահության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններում գործում են էթիկայի հանձնաժողովներ: Այդ հանձնաժողովների գոյության մասին տեղյակ են շատ քչերը: Դրանք ստեղծվել էին՝ աշխատանքային հարաբերություններում էթիկայի նորմերի վերաբերյալ նախարարության աշխատակիցների եւ հասարակ քաղաքացիների բողոքները լսելու համար: Որպեսզի հանձնաժողովի դերն ավելի լավ պատկերացվի, ասենք, որ եթե նախարարության որեւէ վարչության պետ կամ հենց նախարարն իր ստորադաս աշխատակցի հետ «մուննաթով» է խոսում, հավասարը հավասարին չի նայում, աշխատավայրում նրան շահագործում է կամ պարզապես «շեֆություն» է անում, տվյալ աշխատակիցը կարող է այդ ամենի մասին անանուն բողոք-նամակ գրել ու գցել բողոքի արկղի մեջ: Սակայն այս ընթացքում երեք նախարարություններում էլ բողոքի արկղի մեջ որեւէ նամակ չի ընկել: Սա չի՞ նշանակում, թե մեր գերատեսչություններում այնքան լավ են աշխատել, որ ոչ քաղաքացիները, ոչ էլ նախարարությունների աշխատակիցներն իրենց վերադասից չեն բողոքում: Մեր աղբյուրի հավաստմամբ՝ նշված նախարարություններից մեկի նախարարը աշխատավայրում «ուստավ» է սահմանել. գործավարուհին իր ներկայությամբ մշտապես պետք է ոտքի կանգնի եւ՝ այնքան ժամանակ, մինչեւ ինքն այդ տարածքը կլքի: Եթե քարտուղարուհին դա իր ցանկությամբ է անում, պետի մոտ ոտքի կանգնելը գուցեեւ հարգանքի նշան համարվի, բայց երբ պետն այդ պարտադրում է՝ պարզապես իրեն լավ զգալու համար, բնականաբար սա խոսում է աշխատանքային հարաբերություններում էթիկայի բացակայության մասին:
Այն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, որեւէ բողոք չի ստացել, ԿԳ նախարարության էթիկայի հանձնաժողովի քարտուղար Խաչիկ Մուրադյանը բացատրեց հայերի մենթալիտետով. «Իհարկե, շատ վատ է, որ մեկ տարվա ընթացքում ոչ մի դիմում չենք ստացել, բայց եթե չեն դիմում՝ ի՞նչ կարող ենք անել, բողոքների արկղը դրված է տեսանելի վայրում»: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բորիս Դավթյանը, չգիտես ինչու, խորհուրդ տվեց սոցիոլոգներից պարզել, թե ինչու իրենց նախարարության էթիկայի հանձնաժողովը ոչ մի բողոք չի ստացել: Ընդհանուր առմամբ նա նույնպես խնդիրը կապեց մենթալիտետի հետ. «Հայերիս սովորությունն է, մենք սովոր ենք մեր հարցերն ինքնուրույն լուծել»:
Խնդիրն այն է, որ Հայաստանում ցանկացած գերատեսչության աշխատակից, թեկուզ անանուն, իր շեֆին անվստահություն հայտնելու համար մեծ ռիսկի պետք է դիմի՝ աշխատանքից զրկվելու առումով, որովհետեւ հաշված ժամերի ընթացքում թղթից, թանաքի գույնից, բողոքի բովանդակությունից ու շարադասությունից «շեֆի հավատարիմները» կպարզեն բողոքավորի ով լինելը: Նույնիսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի էթիկայի հանձնաժողովի նախագահը բողոքների հետ կապված «Առավոտի» հարցին պատասխանելու եւ հանձնաժողովի գործունեության մասին իր կարծիքն արտահայտելու համար չցանկացավ ներկայանալ եւ խախտելով լրագրողի հետ շփվելու էթիկայի տարրական կանոնները՝ ասաց. «Մեր հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, եւ ես արդեն հանձնաժողովի նախագահ չեմ, ոչ մի հարցի չեմ պատասխանի»: Ամենեւին պարտադիր չէր, որ պաշտոնյան ինձ հայհոյեր կամ «արա-ապերով» դիմեր, որ դա համարվեր խախտում: Եթե նա իրեն թույլ տվեց լրագրողի հետ այդպես խոսել, կարելի է պատկերացնել, թե շարքային քաղաքացիներին ինչպես է ընդունում ու ճանապարհում: Քաղծառայողների խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ իրենք սպասում են հանձնաժողովների հաշվետվությանը. «Եթե բողոք չկա, կարծում եմ՝ դրանց շարունակությունն իմաստ չունի»:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ