Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ,
ՇՈԳԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ

Հունիս 13,2006 00:00

Ջրամատակարար
նոր օպերատորից արդեն դժգոհում են Մոտ երկու շաբաթ է՝ մայրաքաղաքի մի շարք
համայնքներից՝ Մալաթիա-Սեբաստիայից, Աջափնյակից, Դավիթաշենից, Նորք-Մարաշից, Նոր
Նորքից եւ Կենտրոնից ջրամատակարարման հետ կապված բնակիչները բողոքում են: «Էս
տասը օր է նորմալ ջրի երես չենք տեսնում: Բացի այն, որ գրաֆիկն ամբողջությամբ խախտվել
է ու ջրի ժամերը չգիտենք, ջուրը 4-րդ 5-րդ հարկից վերեւ չի բարձրանում, բարձրանալիս
էլ ճնշումն այնքան թույլ է, որ ստիպված տաշտերով ջուր ենք հավաքում, որպեսզի գոնե
լցնովի լողանանք, քանի որ ջրատաքացուցիչը չի միանում»,- դժգոհեցին 17 թաղամասի բնակիչները:
Հունիսի 1-ից տասը տարով Երեւան քաղաքի ջրամատակարարման պարտավորությունը ստանձնել
է «Երեւան ջուրը», որի վարձակալն է ֆրանսիական «Ժեներալ դեզո» ընկերությունը: Եվ,
փաստորեն, եկած-չեկած՝ սպառողներն արդեն ֆրանսիացիներից դժգոհ են: Չնայած «Երեւան
ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում
վստահեցրեց, որ բաժանորդների դժգոհությունները նոր օպերատորի հետ կապ չունեն, քանի
որ նախկին ջրամատակարարի օրոք էլ ամռան ամիսներին նույն խնդիրն առաջանում էր: Պարզապես,
ըստ Մ. Սարգսյանի, ֆրանսիացիների գալը համընկել է ուժեղ շոգերի հետ: Բանն
այն է, որ մայրաքաղաքի ոռոգման համակարգը շատ վատ վիճակում է ու չի գործում, այդ
պատճառով էլ արդեն որերորդ տարին է ամռան ամիսներին ջրամատակարարումը կտրուկ վատանում
է: Ցանկացած նպատակի՝ այգի ջրելու, «մոյկա», ջրաշխարհ կամ այլ տիպի օբյեկտ աշխատեցնելու,
գորգ լվանալու, լողավազան լցնելու համար օգտագործվում է խմելու ջուր, ինչից հատկապես
տուժում են բազմաբնակարան շենքերի բնակիչները: Երեւանում կան թաղամասեր, որոնք ողջ
ամառ ջրի երես չեն տեսնում եւ ստիպված են լինում իրենց կենցաղային գործերը պլանավորել
գիշերվա ժամերին, երբ ջրօգտագործողների թիվը նվազում է, իսկ ջրի ճնշումը՝ փոքր-ինչ
ավելանում: Մայրաքաղաքում սեփական տները 25 %-ից ավելի են կազմում։ Մ. Սարգսյանն
էլ փաստեց, որ այդ բնակիչներն իրենց այգիները ջրում են խմելու ջրով, իսկ ջրմուղի
պատասխանատուները մեխանիզմ չունեն հազարավոր ջրագողերին բռնելու ու պատժելու. «Բազմաբնակարան
շենքերում ջրի ճնշումը դրա հետեւանքով է ընկնում: Անցյալ տարի որոշ համայնքներում
կային շենքեր, որ անցան ինքնահոս եղանակով 24-ժամյա ջրամատակարարման, բայց քանի որ
այդ շենքերի ճանապարհին էլ սեփական տներ կային՝ ջրի ճնշումը կրկին ընկնում էր եւ
չէր բավարարում, որ բնակիչները գրաֆիկի համաձայն ջուր ստանան: Այս նոր օպերատորի
հետ աշխատանքներ ենք տանում, որ հայտնաբերենք խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործող
բաժանորդներին եւ պարտավորեցնենք, որպեսզի ջրաչափ դնեն: Իսկ ջրի ցածր ճնշման հարցը
կարգավորելու համար նպատակ ունենք քաղաք մտնող ջրի ծավալներն ավելացնել, սակայն այդ
դեպքում էլ էներգիայի ծախսն է շատանում»: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե կանոնավոր
վճարող բաժանորդներն ինչ մեղք ունեն, որ ջրագողերի երեսից տուժում են, պարոն Սարգսյանը
հուսադրեց, որ ֆրանսիացիները նրանց օրինական դաշտ բերելու ձեւը կգտնեն, իսկ բարեխիղճ
սպառողների իրավունքներին ու փոխհատուցման հարցերին չանդրադարձավ, միայն ասաց, որ
«մի քանի օրից կհրապարակենք գրաֆիկներ, ըստ որի պարտավորվում ենք ամռան ամիսներին
այսքան ջուր մատուցել եւ եթե պայմանագրից շեղումներ լինեն, ապա այդ ժամանակ մեղավորները
կպատժվեն»: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն
ասաց, որ իրենց հ/կ-ն էլ այս տասը օրերի ընթացքում վատ ջրամատակարարման հետ կապված
բաժանորդներից բազմաթիվ բողոքներ է ստացել, իրենց դիտարկմամբ դա սպառողների իրավունքների
ոտնահարում է, քանի որ տեղի է ունեցել հաստատված գրաֆիկի շեղում. «Մեր ասոցիացիան
մոնիտորինգ է արել ու պարզել, որ ջրամատակարար ընկերությունը որոշ թաղամասերում նույնիսկ
չի պահպանում նվազագույն 4-ժամյա գրաֆիկը, էլ ուր մնաց 24-ժամյա ջրամատակարարման
մասին խոսք լինի»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել