Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼՆ ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է

Հունիս 13,2006 00:00

ՖՈՒՏԲՈԼՆ
ԱԺ-ԻՑ ԿԱՐԵՎՈ՞Ր Է «ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ ժամ է արձանագրում
ե՛ւ խորհրդարանական հայտարարությունների, ե՛ւ «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի հեռարձակման
համար: Հանրային հեռուստատեսությունն արդեն երկրորդ անգամ խախտում է այս
օրենքը: Առաջին անգամ ընդհանրապես չհեռարձակվեցին պատգամավորների՝ մայիսի 2-ի հայտարարությունները՝
մայիսի 3-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառով: «Կան դեպքեր, երբ բարոյականությունը
վեր է ցանկացած օրենքից: Եվ սգի օրերին այս փոխադարձ հայհոյանքները չցուցադրելը միանգամայն
արդարացված էր»,- երեկ այս կապակցությամբ ասաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Աղասի
Արշակյանը, սակայն, նշեց, որ իրենց հարցադրումներն օրենքի խախտման մասին են, այլ
ոչ թե բարոյական նորմերի. «Եվ անգամ բարի նպատակներով օրենքը խախտելը նույնպես անթույլատրելի
է»: Սակայն երկրորդ օրինախախտման արդարացումն ավելի զարմանահրաշ է: «Խորհրդարանական
ժամը» օրենքով նախատեսված ժամը 21-ի փոխարեն կիրակի հեռարձակվել էր մի մասը՝ 23-ին,
ֆուտբոլային երկու խաղերի արանքում, մնացածը՝ խաղի ավարտից հետո, գիշերվա 2-ին: «Ազգային
միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը հեգնեց, թե շուտով հարկ կլինի այդ հաղորդումը
վերանվանել «նրանց համար, ովքեր քնած չեն»: Եվ գտավ, թե ժամանակն է, որ ԱԺ ղեկավարությունն
իբրեւ անձնական վիրավորանք ընդունի խորհրդարանական հաղորդումների հեռարձակման կամայական
փոփոխությունը: Սակայն այս մի օրինախախտումը օրենսդիր մարմնի ղեկավարը բնավ չէր համարում
անձնական վիրավորանք: Ըստ Տիգրան Թորոսյանի, այն, որ «Խորհրդարանական ժամը» հեռարձակվել
է ֆուտբոլային ռեպորտաժների արանքում՝ «Օրենքի խախտում է, բայց այնուամենայնիվ, կարծում
եմ, հետաքրքրվողների շրջանակն ավելի մեծացել էր դրանից»: «Արդարության» քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը, սակայն, հիշեցրեց, որ «Խորհրդարանական ժամի» հեռարձակումը ԱԺ
կանոնակարգի դրույթ է. «Որեւէ մեկն իրավունք չունի այդ հոդվածը խախտել: Ֆուտբոլ կլինի,
թե սեքս կինո՝ այդ հաղորդումը պիտի ցուցադրվի ժամանակին: Եվ օրենքը խախտողները պիտի
ենթարկվեն պատասխանատվության»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930