Խորհրդարանը
երեկ իր աշխատանքային օրվա ավարտից ժամուկես առաջ հազիվ անցավ օրինագծերի քննարկմանը
Ողջ օրվա ընթացքում պատգամավորները քննարկում էին օրակարգը եւ 3 անգամ էլ
20-ական րոպեանոց ընդմիջումներ վերցրին քվեարկություններից առաջ: Օրակարգի ընդունումը,
ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ, դարձել էր «դժվարին գործընթաց», քանի
որ «Արդարությունը» փորձում էր արդեն 3-րդ անգամ օրակարգային դարձնել սահմանադրական
հանրաքվեի եւ 2003-ի ընտրությունների ընթացքում թույլ տրված իրավախախտումներն ուսումնասիրող
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու մասին իր նախաձեռնությունները: «Այս հանձնաժողովների
ստեղծումը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ. հրավիրել ընտրական բոլոր հանձնաժողովների
նախագահներին եւ նրանցից պարզաբանումներ պահանջել,- ասաց «Արդարություն» խմբակցության
քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ու հիշեցրեց:- ԵԽԽՎ-ն առաջարկել է հանրաքվեի հետ կապված
ստեղծել խորհրդարանական հանձնաժողով: Եվ նրանք, ովքեր հեքիաթներ են պատմում եվրոպական
արժեքների մասին՝ թող կողմ քվեարկեն այս երկու հանձնաժողովներին»: Մինչդեռ ՀՀԿ խմբակցության
ղեկավար Գալուստ Սահակյանը դեռ այս նախաձեռնությունները ԱԺ պետաիրավական հարցերի
հանձնաժողովում քննարկելիս էր ասել, թե դեմ են քվեարկելու: Արամ Գասպարի Սարգսյանն
այն փաստը, որ խորհրդարանական մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ընտրակեղծարարներին
պատասխանատվության ենթարկելու նախաձեռնության հանդեպ՝ այսպես գնահատեց. «Պետք է ենթադրել,
որ կա՛մ այդ պատգամավորներն իրենք են պատրաստվում հերթական կեղծիքներ անել, կա՛մ
էլ մեծամասնությունը ստանձնելու է ամբողջ պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ
կատարվելու է 2007-ի ընտրություններում: Տիգրան Թորոսյանն ու Վահան Հովհաննիսյանը
հայտարարում էին, թե սրանք վերջին ընտրությունները կլինեն, եթե մենք նորից փորձենք
գնալ կեղծիքների, սա մեզ համար կլինի ամենախայտառակ իրավիճակը: Հիմա ո՞նց եք գնահատում,
որ փորձ է արվում կանխել կեղծիքները, պատժել կեղծարարներին, եւ մեծամասնությունը
նորից դեմ է»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն արձագանքեց այս հարցին՝ նշելով,
թե կիսում է մտահոգությունները գալիք ընտրությունների վերաբերյալ. «Այո, մենք անպայման՝
առաջին հերթին մեր երկրի համար, եւ բնականաբար նաեւ որպես մեր երկրի պարտավորություն
միջազգային կազմակերպությունների առաջ, պարտավոր ենք 2007-ի խորհրդարանական եւ դրանից
հետո գալիք ընտրություններն անցկացնել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան»:
Սակայն ԱԺ նախագահը որպես տեխնիկական պատճառաբանություն ներկայացրեց, որ եթե անգամ
այս հանձնաժողովների ստեղծման հարցերն ընդգրկվեն մեծ օրակարգում՝ քննարկվելու են
միայն աշնանային նստաշրջանում. «Կարծում եմ, հանձնաժողովի աշխատանքի համար ընդհանրապես
ժամանակ չի մնացել»: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նկատեց, որ եթե անգամ միայն աշնանը
գործի այդ հանձնաժողովը՝ «Կկարողանանք հստակ դրսեւորել մեր միակամ վերաբերմունքը
կեղծարարների նկատմամբ: Կարող է՝ ուրիշ որեւէ արդյունք չունենայինք, բայց համենայն
դեպս՝ բոլորը կհասկանային, որ կեղծարարությունը հանցագործություն է, եւ դրա համար
պիտի պատժվեն»: Վիկտոր Դալլաքյանը պնդեց, որ հարցը քվեարկվի օրակարգում ընդգրկվելու
համար: Բայց քվեարկությունից անմիջապես առաջ դիմեց, իր իսկ որակմամբ, «մտածված հնարքի»:
«Արդարության» քարտուղարը նախ 20 րոպե ընդմիջում վերցրեց, իսկ դրանից հետո հանդես
եկավ հանձնաժողովների ստեղծման հարցն օրակարգ ընդգրկելը 1 ամսով հետաձգելու նախաձեռնությամբ:
Քվեարկությամբ մերժվեց հետաձգման առաջարկը, քանի որ 55 հոգի չէին քվեարկել, այդ թվում
նաեւ իրենք՝ ընդդիմադիրները: Դրանից հետո Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ հանձնաժողովների
ստեղծման հարցերն արդեն ներառված են ԱԺ օրակարգում, քանի որ չընդունվեցին հետաձգելու
առաջարկները: Սկսվեց երկարատեւ բանավեճ նիստը վարողների եւ «Արդարության» միջեւ:
Տիգրան Թորոսյանը մասնավորապես ակնարկեց, թե Վահան Հովհաննիսյանը շեղվել էր կանոնակարգից՝
քվեարկության դնելով հետաձգման հարցը, որը չէր անցել համապատասխան ընթացակարգ: ՄԱԿ
խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի առաջարկով էլի ընդմիջում վերցրին, անցկացրին
խորհրդակցություն: Քննարկումից հետո Վահան Հովհաննիսյանը ընդունեց իր սխալը. «Այդ
քվեարկությունը իրավական հետեւանքներ չունի: Վերադառնում ենք ելման կետին»: Եվ քվեարկության
դրեց հանձնաժողովների ձեւավորման նախաձեռնությունն օրակարգում ընդգրկելու հարցը:
Ընդամենը 12 հոգի էին կողմ, այդ թվում նաեւ՝ ԱԺ ղեկավարները: 85 հոգի չքվեարկեցին,
նաեւ ընդդիմադիր պատգամավորները, որոնք շարունակում էին պնդել, թե հանձնաժողովների
հարցն արդեն իսկ օրակարգում է, ուստի չեն մասնակցելու անօրինական քվեարկությանը:
Քվեարկությունների բոյկոտի, նաեւ նրա հետեւանքով, որ «Օրինաց երկրի» պատգամավորներն
էլ են սկսել հետեւել, որ յուրաքանչյուր պատգամավոր քվեարկի իր փոխարեն՝ ԱԺ-ն այդպես
էլ չկարողացավ հաստատել օրակարգի նախագծի առաջին մասը, ուր ներառված էին գլխադասային
հանձնաժողովների կողմից դրական եզրակացության արժանացած 4 օրինագծեր եւ օրենսդրական
փաթեթներ: «Չկա չարիք առանց բարիքի». այս ամենի շնորհիվ օրակարգում չներառվեց
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունները: Սա պատգամավորներից ոմանց սեփական
բիզնեսի օրենսդրական լոբբինգի հերթական դրսեւորումն է: Առաջարկվել է փոխել հանքային
ջրերի հանքավայրերի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: Գործող
դրույքաչափերով, հանքային ջրի յուրաքանչյուր հանքավայրի համար նախատեսված է միասնական՝
5 մլն դրամ պետական տարեկան տուրք, իսկ այժմ առաջարկվում է ածխաթթու գազ ստանալու
եւ բուժական նպատակներով հանքային ջրերն օգտագործող ընկերությունների համար 10 անգամ
պակաս տուրք սահմանել՝ 500.000 դրամ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ