Եվրոպայում
մինչ CD-ի թողարկվելը՝ սինգլն է դառնում գովազդի միջոց «Հայեր» խմբի հետ արդեն
2 տարի համագործակցում է գերմանացի պրոդյուսեր Ուլի Դել Անտոնիոն: «Առավոտը»
կարճատեւ հեռախոսազրույց ունեցավ նրա հետ: – Վերջերս «Հայերը» Գերմանիայից
վերադառնալով տեղեկացրին, որ ձեր երկրում թողարկվել է իրենց սինգլը (երեք երգերից
բաղկացած CD), իսկ 12-13 երգից կազմված CD-ն պատրաստ կլինի աշնանը: Մեզանում նման
պրակտիկա չկա: Բացատրեք, խնդրեմ, մինչ CD-ին՝ սինգլի թողարկման նպատակը: –
Եվրոպայում այս աշխատաոճը գործում է 20-րդ դարի կեսերից: Սինգլը թողարկվում է գովազդի
նպատակով եւ այդ CD-ներում, ինչպես ընդունված է, ոչ մի տեղեկություն չկա երգչի, երգչուհու
կամ խմբի մասին: Պրոդյուսերը, «Հայերի» դեպքում՝ ես, այն տրամադրում է ռադիոկայաններին,
TV-ներին, կազմակերպում դրա վաճառքը: Նման ճանապարհով տեղեկություն ենք հավաքում,
թե ինչքանով է սինգլը գրավել ունկնդրին: – Հետաքրքիր է, ի՞նչ գնով է վաճառվում
ձեր երկրում սինգլը եւ ինչպե՞ս է կատարողների, հեղինակների եւ CD-ի վրա աշխատած մյուսների
միջեւ բաշխվում գումարը: – Սինգլը վաճառվում է 5 եվրո, իսկ Եվրոպայում CD-ի
արժեքը ընդհանրապես 12-15 եվրո է: Առաջին հերթին վարձատրվում են հեղինակները՝ ավելի
քան 33%-ի չափով, հետո միայն՝ կատարողներն ու մյուսները: – Սինգլում առաջին
երգի հեղինակը Մայքլ Ջեքսոնն է, նա է՞լ է վարձատրվելու: – Իհարկե՝ այո: Նրա
«Prove yourself» երգն այնքան էլ տարածված չէ. ժամանակին այն հնչել է միայն Բրիթնի
Սփիրսի կատարմամբ: – Գերմանիայում կա՞ն CD-ի «ծովահեններ»: – Ի դեպ,
ես ձեր աղջիկներից իմացա, որ Հայաստանում կեղծում են CD-ները: Իմ երկրում նման բան
չկա՝ շնորհիվ գործող օրենքի: Հավանաբար ձեզ մոտ պարզապես օրենք չկա, ինչից էլ օգտվում
են ձեր նշած «ծովահենները»: – Ժամանակին «Հայերը» մեր թերթին հայտնել էին,
որ դուք առաջարկել եք նրանց՝ Գերմանիան ներկայացնել «Եվրատեսիլում»: Ընդ որում, այս
տարի ձեր երկիրը ներկայացնող կատարողը թեեւ հայտնվեց լավագույն տասնյակում, այնուհանդերձ,
շատ բարձր տպավորություն չթողեց: Հաջորդ «Եվրատեսիլին» հնարավո՞ր է «Հայերի» մասնակցությունը:
– Այո, դեռ անցյալ տարի ես առաջարկել էի աղջիկներին, որ հայտ ներկայացնենք
«Եվրատեսիլի» համար: Նրանք մերժեցին, ասելով, որ իրենք հանդես կգան միայն Հայաստանի
անունից: Դա իրենց իրավունքն է: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլում» մեր կատարողին,
ասեմ, որ հնչած երգը քվեարկությամբ էր ընտրվել, որին հետեւել էր մի քանի կատարողների
կողմից նույն երգի մեկնաբանումը: Իմ կարծիքով, երգը ներկայանալի էր, կատարողը վատ
չներկայացրեց, բայց չմոռանանք, որ «Եվրատեսիլի» «ժյուրին», ի վերջո, պրոֆեսիոնալ
չէ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ