Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՄԱՐՏԱՖԻԼՄ՝ «ԱՍՖԱԼՏԱՅԻՆ» ՄԱՏՈՒՑՄԱՄԲ

Հունիս 10,2006 00:00

Հունիսի
11-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Գոռ Վարդանյանի 5-րդ՝ «Ճակատագիր» ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի անձնակազմը հուսով է, որ շքեղությունը, այդ թվում՝ կարմիր գորգը, 200
հյուրերի ու ՀՀ նախագահի ներկայությունը շնորհանդեսի համար մինի «Կաննի» կամ «Օսկարի»
մակարդակ է ապահովելու: Երեկ ֆիլմի գլխավոր դերակատար, սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր
Գոռ Վարդանյանը եւս 2 պրոդյուսերների՝ ամերիկյան «Eagle’s nest studio-ի» նախագահ
Հայկ Բաքրջյանի եւ «9-րդ ալիք» սրճարանի սեփականատեր Նիկոլայ Խաչատուրովի հետ հանդիպեց
լրագրողներին՝ «Արմենպրեսի» մամուլի սրահում: Տեղեկացնենք, որ բացի Եվգենի
Կառնաշից, Մարտին Եսայանից, Սվետլանա Ժուկովայից, Էրիկ Օհանյանից ու Անրի Վարդանյանից,
«Ճակատագրում» նկարահանվել է նաեւ Նարինե Սուլթանյանը, որի հետ համագործակցության
առաջարկները հաճախացել են հատկապես Բղդոյի «Մեխակները» երգի տեսահոլովակում երեւալուց
հետո: Դերասանների հետ աշխատել է ռեժիսոր Արմեն Մազմանյանը, ֆիլմի ստեղծմանը
աջակցել են ՀՀ եւ ԼՂՀ ուժային կառույցները, մեծ ու փոքր տրամաչափի օլիգարխներ: Ֆիլմի
վրա աշխատել է 4 ռեժիսոր, սցենարը կարդացել՝ շուրջ 50 մարդ, այդ թվում ղարաբաղյան
պատերազմին անմիջական մասնակցություն ցուցաբերածներ, «ոչ թե ստից կռվողներ»: Ըստ
Գ. Վարդանյանի՝ «Սա ֆիլմ է, որ համապատասխանում է հոլիվուդյան բոլոր ստանդարտներին»:
«Ճակատագիր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որ նկարահանվել է Արցախի Քարինտակ գյուղում,
պատմում է 1990-1991թթ. իրադարձությունների մասին: Սակայն մինչ այդ, դեպքերը սկսում
են զարգանալ 1985թ-ից Աֆղանստանում, որտեղ զինվորական ծառայության մեջ է գտնվում
գլխավոր հերոսը՝ Գոռը: Այնուհետեւ՝ 1988-ի ազգային զարթոնք, ի պատասխան հայերի խաղաղ
ցույցերին՝ զանգվածային ջարդեր Սումգայիթում եւ Բաքվում, սովետական զորքերի եւ ադրբեջանական
ոստիկանության համատեղ «Կոլցո» օպերացիան, որի նպատակն էր հայաթափել հայկական գյուղերը:
Հեռանալու համար 2 շաբաթ ժամանակ է տրվում նաեւ Գոռի հայրենի գյուղին, որը հետագայում
հողին է հավասարեցվում, իսկ գլխավոր հերոսի որդին սպանվում է ադրբեջանցիների կողմից:
Գ. Վարդանյանը տեղեկացրեց, որ ֆիլմը նկարահանված է ժամանակակից տեխնիկայով
եւ պայմաններով, ուստի հույս ունեն այն միջազգային շուկա հանել: Աշխատանքները տեւել
են 3 տարի, սակայն այն նկարահանվել է ընդամենը 21 օրում: Ֆիլմի բյուջեն չհրապարակվեց,
ընդամենն ասացին, որ այն շատ մեծ է: Հետաքրքրվեցինք, ինչպիսին են ադրբեջանցիները
«Ճակատագիր» ֆիլմում: «Մարդկային… Կինոն ցույց է տալիս լավը եւ վատը՝ 2 կողմից
էլ: Անգամ հերոսը ապրում է տարբեր էտապներ…ինքը հերոս է դառնում ճակատագրի բերումով՝
այստեղից էլ ֆիլմի վերնագիրը»,- պարզաբանեց Հ. Բաքրջյանը: Մեր հաջորդ հարցին՝ Ղարաբաղի
մասին պատմող ֆիլմի ղարաբաղյան պրեմիերա կլինի՞, թե՞ կբավարարվեն Ղարաբաղի բարձրաստիճան
պաշտոնյաներին երեւանյան պրեմիերային հրավիրելով, Գ. Վարդանյանը պատասխանեց. «Հունիսի
11-ին Երեւանում կլինի պրեմիերան, 13-ին՝ Ստեփանակերտում»: Հ. Բաքրջյանն էլ ավելացրեց,
որ հատուկ տեխնիկա է բերվել Ամերիկայից, որպեսզի ֆիլմը ամենաբարձր որակով ցուցադրվի
Արցախում: Գոռը համոզված է, որ այս ֆիլմը դիտելիս «ամեն մեկը իրենը կգտնի»: Գ.
Վարդանյանը համոզված է, որ իր ֆիլմը դաստիարակչական նշանակություն կունենա. «Էսօր
մեր բանակը եւ երկիրը հզոր պահելու համար կապ չունի, որ 10 հատ տանկ ավել կառնենք,
կարող է մի ֆիլմը հոգեբանորեն ավելի մեծ նշանակություն ունենա, քան զինտեխնիկան»:
Ի դեպ, այս ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնին, ինչը կազմակերպիչները
խնամքով թաքցնում էին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել