Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը բավարար չէ

Հունիս 10,2006 00:00

Հարցազրույց
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Տեղեկատվության ազատության (ՏԱ) հանձնաժողովի նախագահ Ռոբերտ
Ֆրիմանի հետ։ – Ինչո՞ւ է անհրաժեշտ ՏԱ հանձնակատարի գոյությունը, եթե արդեն
գործում է մարդու իրավունքների պաշտպանը` օմբուդսմենը։ – Երկուսի միջեւ տարբերությունը
հստակ է, քանի որ տարբեր են նրանց լիազորությունները։ Օմբուդսմենը մարդու իրավունքների
պաշտպանն է եւ գործում է միայն այն դեպքում, երբ կա մարդու իրավունքի խախտում։ Նա
մշտապես գործում է հօգուտ մարդու իրավունքների։ Մինչդեռ ՏԱ հանձնակատարը չեզոք մարմին
է։ Նրան դիմում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ պետական մարմինները պաշտոնական
խորհրդատվություն ստանալու նպատակով` ինչպես կիրառել ՏԱ մասին ակտը։ Հանձնաժողովը
բանավոր կամ գրավոր կարծիք է տալիս` ինչպես վարվել։ Հանձնաժողովի կարգավիճակի եւ
հեղինակության շնորհիվ պետական մարմինները հաշվի են առնում իմ կարծիքը: Փաստորեն,
դատարանի գործը հեշտանում է, մարդիկ էլ փող ու ժամանակ են խնայում։ Տարեկան 1000-ից
ավելի դիմումներ ենք ստանում միայն լրագրողներից։ Սակայն ամենից շատ մեզ դիմում են
պետական պաշտոնյաները` կարծիք ստանալու խնդրանքով. ինչպես պետք է կիրառել օրենքի
դրույթները, արդյոք ճի՞շտ է այս կամ այն պաշտոնական փաստաթղթի տրամադրումը։ –
Ինչո՞վ է օգտակար ՏԱ մասին ակտը քաղաքացու համար։ – Այս ակտի շնորհիվ մարդիկ
կարողանում են օգտվել իրենց բոլոր մյուս իրավունքներից։ Բերեմ մի քանի օրինակ։ Ծնողները
ցանկանում են իմանալ` իրենց երեխաների ուսուցիչն ունի՞ համապատասխան որակավորում։
Նրանք կարող են հարցում ուղարկել դպրոցի տնօրենին եւ խնդրել տրամադրել ուսուցչի որակավորումը
հավաստող փաստաթղթեր։ Մեկ այլ օրինակ. բոլորս հարկ ենք վճարում եւ ուզում ենք իմանալ`
արդյոք պետությունը արդա՞ր է հարկ հավաքում, բոլորին հավասար վերաբերմո՞ւնք է ցույց
տալիս։ Եվ կամ` կառավարությունը նախատեսում է մեծ ճանապարհ կառուցել։ Հետաքրքիր է`
որքանո՞վ է արդյունավետ այդ շինարարական նախագիծը, ինչպիսի՞ն է դրա ազդեցությունը
շրջակա միջավայրի վրա, որքա՞ն է ծրագրի արժեքը։ Այս բոլոր հարցերի պատասխանները կստանաս
ՏԱ մասին օրենքի միջոցով։ – Տեղեկատվության ազատության իրավունքը երբեմն բախվում
է մարդու անձնական կյանքի իրավունքին։ Որպես հանձնակատար ինչպե՞ս եք հավասարակշռում
մարդու այս երկու հիմնարար իրավունքները։ – Մարդու անձնական կյանքի մանրամասները
չպետք է դառնան հանրության սեփականությունը։ Հայտնի է, որ պաշտոնյաների անձնական
կյանքն ավելի սահմանափակ է, քան քաղաքացիներինը։ Պաշտոնյայի մասին կարելի է գրել
անձնական կյանքի մանրամասներ, եթե դրանք կապվում են նրա պաշտոնեական պարտականությունների
կատարման որակի հետ։ Աշխատանքից դուրս պաշտոնյայի կյանքը պաշտպանված է օրենքով։ Նույնիսկ
եթե պաշտոնյան կազինոյում տանուլ է տվել գումարներ, այդ մասին հասարակությունն իմանալու
կարիք չունի, եթե պաշտոնյան իր պարտականությունները լավ է կատարում։ Անձնական գումարս
կարող եմ ծախսել ինչպես ուզում եմ, բայց եթե պետության փողը տանուլ տամ, այ այստեղ
արդեն լրագրողներն անելու բան ունեն։ Եթե պաշտոնյան ծեծում է կնոջը, դա կարող է հրապարակվել
ոչ թե այն պատճառով, որ նա պաշտոնյա է, այլ որպես օրենքով արգելված արարք կատարած
անձ։ – Հանձնաժողովի ստեղծման օրից` 1974-ից մինչ օրս Նյու Յորքի ՏԱ հանձնաժողովի
նախագահի հաջողության երաշխիքը ո՞րն է։ – Մենք հեռու ենք քաղաքական ազդեցություններից,
հակառակ դեպքում մեր որոշումներն անկողմնակալ չէին լինի։ Տարիների ընթացքում ստեղծել
ենք մեր հեղինակությունը։ Սա ամենակարեւորն է օմբուդսմենի համար` կառուցել անկախ
մարմնի համբավ։ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ Ինֆորմացիայի ազատության
կենտրոնի նախագահ, www.foi.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել