Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ՝ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

Հունիս 10,2006 00:00

Սպանելուց հետո մոմ էին վառել մեղքերի թողության համար

Վիկտոր Զելյոնկինը կնոջը՝ Մարինա Զելյոնկինային Երեւան ճանապարհեց 1987թ. մայիսի 12-ին: 14 օր հետո տեղեկացավ, որ կինն անհետ կորել է: Հաջորդ օրը Օմսկ քաղաքից ինքը եկավ Երեւան՝ միջոցներ ձեռնարկելու կնոջը գտնելու համար, սակայն չհաջողվեց: Հունիսի 1-ին Հանքավան գյուղի մոտ, մարմարի հանք տանող ճանապարհին հայտնաբերվեց կնոջ դիակ: Այն ճանաչման ներկայացվեց Վիկտորին, որը հայտարարեց, որ դա իր կնոջ՝ Մարինայի դիակն է: Ըստ դատաբժշկական փորձաքննության թիվ 45 եզրակացության, Մարինայի մարմնին կային բազմաթիվ քերծվածքներ եւ արնազեղումներ: Պարանոցին փաթաթված էր սրբիչ: Ո՞վ էր Մարինա Զելյոնկինան, ինչպե՞ս եւ ինչո՞ւ հայտնվեց Հայաստանում, ովքե՞ր եւ ինչո՞ւ սպանեցին նրան: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը այս տարվա մայիսի 10-ին քրեական գործ հարուցեց Նորիկ Գալստյանի նկատմամբ, որի դատաքննությունը տեղի կունենա Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՌԴ Օմսկ քաղաքի «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորման 620 բաժնի ինժեներ Մարինա Զելյոնկինան 1987-ի մայիսի 12-ին գործուղվել էր Երեւան՝ ՀԽՍՀ ՆԳՆ պետավտոտեսչության վարչության աշխատակիցների հետ համատեղ Երեւանում շահագործման հանձնված «Կանաչ ալիք» լուսաֆորային օբյեկտների աշխատանքն ուսումնասիրելու: Գործուղումն ավարտվելու էր մայիսի 30-ին: Երեւանում Զելյոնկինան բնակվում էր «Էրեբունի» հյուրանոցի 511 սենյակում: 87-ի մարտին էլ էր նա եղել Երեւանում:

Մայիսի 16-ին, ըստ նախաքննության մարմնի, նա Երեւանի երիտասարդական պալատ էր գնացել եւ «Կանաչ» սրճարանում պատահաբար ծանոթացել Նորիկ Գալստյանի, նրա ընկերների՝ Գեւորգ Մկրտչյանի, Արթուր Տերտերյանի եւ այդպես էլ չպարզված ոմն Գեղամի հետ: Վերջիններիս հրավերով նստել էր նրանց սեղանի մոտ, օգտագործել էին ոգելից խմիչքներ եւ, ըստ նախաքննության ձեռքբերած տվյալների, «համաձայնություն է հայտնել Տերտերյանի՝ իրենց հետ կենակցելու առաջարկին»: Նորիկի «ՎԱԶ 2106» մակնիշի Վ2302ԱԴ պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել էին Նոր Հաճըն՝ մի ամայի տարածք: Ընկերներով սեռական հարաբերություն են ունեցել Մարինայի հետ, կողոպտել, հափշտակել վերջինիս ոսկյա զարդերը: Մարինան սպառնացել է, որ կատարվածի մասին կհայտնի ոստիկաններին, ինչի արդյունքում խումբը որոշել է Մարինային տանել այլ վայր, սպանել՝ թաքցնելով իրենց կատարած հանցագործությունները: Նույն ավտոմեքենայով նրանք ուղեւորվել են Հանքավան գյուղից դեպի մարմարի հանք տանող 5-րդ կմ-ի վրա գտնվող անմարդաբնակ տարածք, որտեղ դարձյալ բռնաբարել են Մարինային, սրբիչով խեղդել, այնուհետեւ դանակով մի քանի անգամ հարվածել կրծքավանդակին:

Հանցագործները դիակը տեղափոխել էին գետի ափ, քարերով ծածկել ու հեռացել: Գործով վկա ճանաչված Ջնդի Քալաշյանը ցուցմունք էր տվել, որ անասնապահությամբ զբաղվելու ժամանակ առվի ափին նկատել է քարերով ծածկված կնոջ դիակ: Նորիկ Գալստյանը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ էր, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա հաստատել էր այն, ինչ շարադրեցինք վերեւում: Հաջորդ հանցագործը՝ Արթուր Տերտերյանը թիվ 2 ուղղիչ-աշխատանքային հիմնարկում մահացել է գլխուղեղի այտուց ախտորոշմամբ, որի կապակցությամբ քրեական գործի նրա մասը կարճվել է: Գեւորգ Մկրտչյանը հայտնաբերվել էր Կրասնոդարի երկրամասում եւ դատապարտվել էր 15 տարի ազատազրկման: Նորիկ Գալստյանը հասցրել էր նաեւ 1984-ին դատապարտվել Ռիգա քաղաքի դատարանի դատավճռով: Պարզվել էր նաեւ, որ հանցագործությունը կատարելուց հետո խմբով գնացել են Խոր Վիրապ եւ մոմ վառել իրենց մեղքերի թողության համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել