Լրահոս
Օրվա լրահոսը

Միակը տարածաշրջանում

Հունիս 10,2006 00:00

2001-ից թիվ 99 միջնակարգ դպրոցում ստեղծվեց
առաջին ռազմական դասարանը Այդ օրվանից դասարանի աշակերտները, որոնց մեծ մասը
տղաներ են, զինվորական համազգեստով են դպրոց գալիս: Դասղեկն էլ դպրոցի զինղեկ, ավագ
լեյտենանտ Կարո Համբարձումյանն է, որը ծառայել է դեսանտային եւ ՌԴ սահմանապահ զորքերում,
երկար տարիներ եղել ձեռնամարտի մարզիչ: Նրանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է տարբերվում
ռազմական դասարանը մյուսներից: «Երեխաներն այստեղ ավելի կարգապահ ու զգոն են: Նրանք
շաբաթական 1 ժամ ռազմական գիտություն են անցնում: Մինչդեռ բոլոր դպրոցներում այդ
առարկայի ուսուցումը կազմակերպվում է 8, 9,10-րդ դասարաններում»,- պարզաբանեց զինղեկը:
Փոքրիկ զինվորների դասարանը իր տեսակով միակն է կովկասյան տարածաշրջանում: Երեխաները
տիրապետում են այն ամենին (այդ թվում՝ զինվորական ողջույն, շարային քայլք, զենքը
քանդել-հավաքել, փամփուշտները լիցքավորել եւ այլն), ինչը պարտադիր է բանակում: Նրանք
նույնիսկ իրենց օրհներգն ունեն (տեքստի եւ երաժշտության հեղինակ՝ Անուշ Համբարձումյան):
Դպրոցական-զինվորները պարբերաբար այցելում են զորամասեր, մասնակցում համաքաղաքային
ու հանրապետական նշանակության ռազմահայրենասիրական միջոցառումներին, տոների առիթով
կազմակերպված շքերթներին: «Ի դեմս այս երեխաների, լավ հերթափոխ ունենք, նրանք հայրենասեր
են մեծանում,- նշեց Կ. Համբարձումյանը,- հաճախ այս կամ այն զորամասում հյուրընկալվելիս
այնքան են տարվում փոքրիկ զինվորների խրոխտությամբ, որ հրամանատարներից ոմանք կատակում
են՝ դպրոցական վաշտը չե՞ք փոխի զինվորականի հետ»: Երեխաները բազմիցս մասնակցել
են նաեւ Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարած Պաշտպանամարզական տեխնիկական ընկերության
կազմակերպած միջոցառումներին: «Կոմանդոսն անձամբ ճանաչում է այս բալիկներին, շատ
անգամ է իր ձեռքով պարգեւատրել նրանց»,- պատմում է Կ. Համբարձումյանը: Նշենք նաեւ,
որ Շարային ստուգատեսի մրցումներին թիվ 99 դպրոցը այս երեխաների շնորհիվ արդեն 4-րդ
տարին գրավում է պատվավոր տեղեր, հանրապետության մասշտաբով անցկացվող ռազմամարզական
խաղերի բոլոր շքերթները բացում են փոքրիկ զինվորները: Կ. Համբարձումյանը տեղեկացրեց
նաեւ, որ ՊՆ-ում արդեն քննարկումներ են ընթանում ռազմական թեքումով 11 դպրոց բացելու
համար: Իսկ 2006-ի սեպտեմբերից թիվ 99 դպրոցում կբացվի եւս մի զինվորական
դասարան: ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ Իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել