Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ

Հունիս 10,2006 00:00

\"\"Առասպելներ եւ իրականություն

Շվեդական բարեկեցության մասին պատմությունները Հայաստանում ասոցացվում են, մասնավորապես, այդ երկրում քրեական կյանքի բացակայության հետ: Մի կողմից՝ Շվեդիայում բանտային շքեղ պայմանների, մյուս կողմից՝ ամեն կարգի հանցագործությունների հանդեպ շվեդների անընդունակ լինելու մասին Հայաստանում տարածված կարծիքները հանգեցնում էին հետեւյալ առասպելներին. ա) Շվեդիայում չգիտեն, թե ինչ բան են գողությունը, մարդասպանությունը, կաշառակերությունը եւ, ընդհանրապես՝ որեւէ հանցագործություն, բ) շվեդական բանտերի պայմանները սովետական հյուրանոցների պայմաններից լավն են, գ) բանտարկյալները երբ ուզեն՝ կգնան տուն, երբ ուզեն՝ կգան բանտ, դ) այստեղի բանտերում միայն այլ երկրներից եկած էմիգրանտներն են:

Ահա այս բոլոր միֆերը շվեդական Կալմար քաղաքում «Ֆոջո» ինստիտուտի կազմակերպած «Ժողովրդավարությունը եւ ժուռնալիստիկան» սեմինարի ընթացքում կայացած մի դասախոսության ընթացքում ցրեց շվեդական ամենամեծ՝ 340 հազար տպաքանակ ունեցող «Dagens nyuheter» թերթի իրավական բաժնի լրագրող Ստեֆան Լիսինսկին: Ամենահետաքրքիրն այն էր, որ հենց դասախոսության ընթացքում պարոն Լիսինսկին հաղորդագրություն ստացավ, որ Ստոկհոլմից 100 կմ հեռավորության վրա գտնվող Վեստերոս քաղաքում դատարանի դահլիճ են ներխուժել չորս դիմակավոր եւ ավտոմատներով զինված անձինք, եւ հենց դահլիճից առեւանգել են շվեդական նարկոմաֆիայի շեֆերից մեկին, ում գործը լսվում էր այդ պահին:

Նրանց երեկվա դրությամբ չէին հայտնաբերել, եւ կասկածներ կան, որ այդ նարկոբարոնին ազատել են ոչ թե սիրուն աչքերի համար, այլ՝ վրեժ լուծելու: Բանն այն է, որ նա մեծ փողեր էր պարտք մեկ այլ հանցագործի՝ թմրանյութերի մատակարարի, եւ վերջինս, չհաշտվելով միլիոնների կորստի հետ, որոշել էր ազատել այդ դժբախտին, որպեսզի պահանջի իր փողերը: Կամ՝ սպանի:

Եվս մի աղմկոտ հանցագործության մասին են այս օրերին Կալմարում գրում գրեթե բոլոր թերթերը: Ծնողները սպանել են մտավոր հետամնացությամբ տառապող սեփական տասնամյա երեխային: Քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ մինչ այդ սպանությունը նրանք տարիներ շարունակ խոշտանգումների եւ բռնությունների են ենթարկել տղային:

Պարոն Լիսինսկին պատմեց նաեւ մի քանի տարի առաջ ողջ աշխարհում մեծ աղմուկ հանած հանցագործության՝ Շվեդիայի ԱԳ նախարար Աննե Լինի (լուսանկարում) սպանության մանրամասները: Շվեդիայում երկար տարիներ իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Աննե Լինն այնքան պոպուլյար էր իր երկրում, որ, ամենայն հավանականությամբ, կժառանգեր վարչապետի պաշտոնը, եթե չլիներ այդ սպանությունը: 2003թ. սեպտեմբերի 11-ին նա մահացավ դանակով հասցված բազմաթիվ վերքերից, որոնք ստացել էր երկու-երեք օր առաջ՝ սուպերմարքեթում, ուր մտել էր ընկերուհու հետ, առանց թիկնապահների՝ նոր կոստյում գնելու համար, որպեսզի երեկոյան հանրային հեռուստատեսության եթերում հարցազրույց տա: Ձերբակալվեց 24-ամյա, ծագումով սերբ, բայց Շվեդիայում ծնված եւ մեծացած Միխայիլ Միխայլիչը, որի մեղքը հետագայում ապացուցվեց, եւ որը հիմա կրում է իր պատիժը: Սպանության դրդապատճառ կարող էր, ըստ նախնական վարկածի, հանդիսանալ Աննե Լինի հայտարարությունը, թե ինքը կողմ է Սերբիայի ռմբակոծմանը: Սակայն հետագայում դա հերքվեց, եւ, ըստ դատական եզրակացության, դրդապատճառն այն էր, որ Միխայլիչի մեջ կուտակվել էր շվեդական հասարակարգի, Շվեդիայում տիրող մթնոլորտի դեմ ատելություն, որը նա որոշեց թափել Աննե Լինի վրա՝ հենց այն պահին, երբ հանդիպեց սուպերմարքեթում, քանզի նրա համար Աննե Լինն այն համակարգի խորհրդանիշն էր, որն ինքն ատում էր: Մինչեւ Միխայլիչին դատապարտելը, գործը անցավ դատական երեք աստիճաններով, քանզի հանցագործի փաստաբանները հրավիրում էին տարբեր մասնագետների եւ փորձում էին զանազան փորձագիտական քննությունների շնորհիվ ապացուցել, որ մեղադրյալը չի գիտակցել, թե ինչ է անում: Նպատակն էր՝ ազատվել ցմահ ազատազրկումից: Սակայն, ի վերջո, 2004-ի վերջին նրան դատապարտեցին ցմահ ազատազրկման: Ի դեպ, հիմա նա հրաժարվել է շվեդական քաղաքացիությունից, ընդունել Սերբիայի քաղաքացիություն եւ խնդրանքով դիմել է՝ իրեն տեղափոխել սերբական բանտ, քանզի «Շվեդիայում ինքն ապագա չունի»: Թե ցմահ բանտարկյալն ի՞նչ «ապագա» նկատի ունի՝ այլ հարց է, բայց որ Սերբիայում բանտային պայմանները կստիպեն նրան երանությամբ հիշել շվեդականը՝ միանշանակ է:

Եվս մի աղմկոտ գործի մասին պատմեց պարոն Լիսինսկին: Անցյալ տարվա ընթացքում տարբեր խմբաքանակներով 12-17 տարեկան ընդհանուր հաշվով 104 երեխա է Չինաստանից ժամանել Շվեդիա: Վարպետորեն կեղծված փաստաթղթերով նրանք նախ մուտք են գործել Շվեդիա՝ քաղաքական ապաստան խնդրել,  ապա ավելի ուշ անհետացել են: Անցյալ տարի նոյեմբերին ոստիկանությանը հաջողվել է գտնել նրանցից յոթին, որոնք աշխատում էին Ստոկհոլմի մի չինական ռեստորանում: Ռեստորանի տերերը՝ չին ամուսիններ, ներկայումս ձերբակալված են, քանի որ կասկածվում են անչափահասների թրաֆիքինգի բիզնեսում կապող օղակ լինելու մեջ: Ավելի ուշ կասկածներ են առաջ եկել, որ երեխաների մի մեծ խմբաքանակ գտնվում է Իտալիայում, քանի որ այնտեղ գործող բազմաթիվ փոքրիկ տեքստիլ ֆաբրիկաներում աշխատում են շատ չինացի երեխաներ: Շվեդ լրագրողները մեկնել են Իտալիա, տեսել, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում այդ երեխաները, սակայն նրանք այդպես էլ չեն կարողացել պնդել, որ նրանք հենց նույն երեխաներն են, որ կորել են Շվեդիայից, քանի որ Շվեդիայում նրանք ներկայացրել էին մի կեղծ անձնագիր, իսկ Իտալիայում ունեցել են մեկ այլը: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ են երեխաները հատկապես Շվեդիա բերվել, այլ ոչ թե՝ միանգամից Իտալիա կամ այլ երկիր, եւ ինչպե՞ս օդանավակայանում չեն նկատել, որ անձնագրերը կեղծված են, պարոն Լիսինսկին պատասխանեց, որ օդանավակայանում սահմանապահները կեղծիքը չեն նկատել, քանի որ շատ լավ են կեղծել, իսկ Շվեդիա են եկել ամենայն հավանականությամբ այն պատճառով, որ ի տարբերություն այլ եվրոպական երկրների, Շվեդիայում քաղաքական ապաստան փնտրող անչափահասներին փակի տակ չեն պահում, նրանք ազատ տեղաշարժի իրավունք ունեն, հետեւաբար՝ կարող են շենգենյան վիզայով մեկնել ուր ասես: Հետաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ յուրաքանչյուր երեխայի համար վճարվել է 190-200 հազար կրոն:

Ընդհանրապես, քրեական իրավիճակը Շվեդիայում գնալով բարդանում է: «Եթե տասը տարի առաջ մեր երկրում հաշվվում էր վեց հանցագործ խմբավորում, հիմա դրանք քառասուն-քառասունվեցն են»,- պատմում էր Ստեֆան Լիսինսկին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ. Գ. Շվեդական բանտերում պայմանները, իրոք, շատ լավն են: Եվ տուն գնալ-գալու իրավունք էլ ունեն որոշ «թեթեւ» հանցագործությունների համար դատապարտվածները: Սակայն, օրինակ, Կալմարում գտնվող հսկայական ամրոցի նմանվող բանտից որեւէ մեկն իրավունք չունի դուրս գալ, քանզի այստեղ պահվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարածները: Ճիշտ է, մեզ չհաջողվեց հստակ վիճակագրություն գտնել, թե բանտարկյալների քանի տոկոսն է էմիգրանտ, սակայն մեզ ասացին, որ շվեդները ամենեւին փոքր մաս չեն կազմում այդ խաժամուժում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930