Վերջերս «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիան Հայաստանում առաջին անգամ իրականացրեց «Այլընտրանքային ծառայությունների հիմնադրում» փորձառական ծրագիրը:
Եռամսյա ծրագիրը նախատեսված էր այն երեխաների համար, ովքեր դժվարանում են հաղորդակցվել շրջապատի հետ: Այս երեխաները լոգոպետի օգնությամբ համակարգչային հատուկ ծրագրի եւ հարմարանքների միջոցով սովորել են հաղթահարել մարդկանց հետ հաղորդակցվելու դժվարությունները: Այս ծրագիրն արդեն ավարտվել է: Երեկ Թեքեյան մշակութային միությունում ծրագրի հեղինակները, ինչպես նաեւ մասնակից ծնողներն ու երեխաները, ներկայացրին արդյունքները: «Աստղիկ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանը նշեց, որ այս ծրագրի միջոցով երեխաներն իրենք են մասնակցում իրենց վերականգնողական աշխատանքներին: Փոքրիկ Արշակը, որն իրեն արդեն պրոֆեսոր է համարում, ներկայացրեց, թե ինչպես է համակարգչային խաղերի միջոցով կարողանում պատմել՝ ինչպիսի կառուցվածք ունեն կենդանիները, ինքնաթիռն ու նավը, եւ թե ինչ են անում համերգին մասնակցող երաժիշտները: Պրոֆեսոր Արշակն ինքնուրույն էր գտնում իր ցանկացած բոլոր խաղերը եւ հատուկ համակարգչային մկնիկի օգնությամբ միացնում էր, իսկ խաղում առկա երաժշտական ընդմիջումների ժամանակ՝ պարում: Լ. Ներսիսյանի հավաստմամբ, մյուս երեխաներն էլ են լավ արդյունքի հասել. «Նրանք միշտ ասում են, որ շատ կցանկանային համակարգիչ ունենալ նաեւ տանը եւ ավելի երկար խաղալ»: Ծնողներն էլ են ցանկանում, որ այս ծրագիրը շարունակվի: Թեեւ առայժմ գումարներ չկան, սակայն կազմակերպիչները մտադրություն ունեն այս ծրագիրը իրականացնել նաեւ մարզերում: Հաշմանդամ երեխաների բուժմանը իր նպաստն է բերել հոգեբույժ-հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանը՝ օգտագործելով նաեւ նարեկաբուժությունը: Այս ծրագրին մասնակցել են երեխաների ծնողները նույնպես: Նրանցից Մարիամ Ջանգչյանը փաստեց, որ ծրագրից հետո անընդհատ էպիցնցում ունեցող իր երեխայի մոտ փոփոխություն են նկատել նաեւ բժիշկները, բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ դրական շարժ կա եւ մի քանի ամիս հետո գուցե պակասեցնեն դեղերի քանակը: Մարիետա Անդրեասյանն էլ պատմեց, որ դեռ մեծերից էր լսել նարեկաբուժության մասին. «Ծնողներս ասում էին, որ հնում «Նարեկը» դրել են բարձի տակ, եւ հիվանդն ապաքինվել է, ես էլ ցանկացա պարզել: Երբ նյարդայնացած գալիս էի լսելու Ա. Ներսիսյանի ընթերցմամբ Նարեկացու գործերը, անմիջապես հանդարտվում էի: Դա շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ դաուն հիվանդությամբ տառապող իմ երեխան անհամեմատ ավելի լավ է զգում իրեն, երբ ինձ տեսնում է ժպիտը դեմքիս, խաղաղ»: Կարինե Ասրյանը ծրագրին մասնակցել է իր երեխայի հետ, որը մտավոր թերզարգացած է. «Ես միշտ նեղվում էի, որ երեխաս նման հիվանդությամբ է տառապում, քանի որ ծանոթներիցս ոմանք ասում էին՝ ինչու ես նման երեխային պահում, տար հանձնի համապատասխան հիմնարկներին, բայց ես չէի կարող: Երբեմն փողոցով քայլելիս վատ էի զգում, գլուխս կախում էի, որ մեզ նայող հայացքներից խուսափեմ, լաց էի լինում: Սակայն հիմա ամեն ինչին այլ կերպ եմ նայում: Միշտ հպարտ եմ քայլում երեխայիս կողքով՝ գիտակցելով, որ նա էլ իր չափով է մարդ»:
ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ