Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»՝ 10 ՏԱՐԻ ՀԵՏՈ

Հունիս 10,2006 00:00

Այս
օրերին հանրապետության ոչ պետական բուհերում ընթանում են նախկին տարիների շրջանավարտների
«վերաքննությունները»: 2002-ից, երբ սկսվեց ոչ պետական բուհերի հավատարմագրման
գործընթացը, դրանից առաջ՝ 1996-2002թթ., այդ բուհերն ավարտած անձինք հայտնվեցին ոչ
հավասար պայմանններում, եւ արդարություն հաստատելու համար ԿԳՆ-ն, արդեն 3-րդ տարին
է, ինչ անցկացնում է քննություններ՝ հենց այս շրջանավարտների համար: Արդյունքում՝
ոչ պետական բուհի դիպլոմը կփոխարինվի պետական նմուշի դիպլոմով՝ դարձյալ տվյալ բուհի
կողմից տրված: Առարկայական քննությունները բաժանվել են ոչ պետական բուհերի միջեւ,
անկախ նրանից՝ քննություն հանձնողն այդ բուհի շրջանավա՞րտ է, թե՞ ոչ: Մայրաքաղաքի
բուհեր քննություն հանձնելու են գալիս նաեւ մարզերի ոչ պետական բուհերի շրջանավարտները:
Ի դեպ, կան բուհեր, որոնց շրջանավարտներն այսօր քննություն են հանձնում, սակայն չգիտեն,
թե ումից են դիպլոմ ստանալու. խնդիրն այն է, որ այդ բուհերը պարզապես այլեւս գոյություն
չունեն: ԿԳՆ-ն օրերս հստակեցրեց այս հարցը, եւ որոշվեց, որ այդ շրջանավարտները պետական
նմուշի դիպլոմ կստանան այն բուհից, որտեղ նրանք «վերաքննություն» են հանձնում: Մեկ
օր առաջ մենք մասնակցեցինք հայ գրականության քննությանը՝ Երեւանի Հր. Աճառյան համալսարանում:
Բուհի բանասիրական ֆակուլտետի դեկան Հովհաննես Ալեքսանյանը հաճույքով էր քննում իր
նախկին ուսանողուհիներին: Եվ ասում էր, որ նրանց հետ շփվելն ավելի հաճելի է, որովհետեւ
գործ ունես հասուն մարդկանց հետ: Բացի այդ, նա այն համոզմանն է, որ հիմա ուսանողներն
ավելի քիչ են կարդում, քան 10 տարի առաջվա իր ուսանողները: «Հիմա գնահատականի համար
դասախոսի հետ նույնիսկ կռիվ են տալիս»,- զարմացած ասում էր նա: Այնուամենայնիվ,
այս քննության ժամանակ բավական անհեթեթ պատասխաններ լսեցինք: Օրինակ, շրջանավարտներից
մեկը, հարցին, թե Ղ. Փարպեցու «Հայոց պատմության» հիման վրա որ պատմավեպն է հետագայում
գրվել, ասաց՝ Նար-Դոսի «Սպանված Աղավնին», ինչը շատ հեռու է պատմավեպ լինելուց: Մեկ
ուրիշն ընկերներին կամացուկ խնդրում էր «Պեպոյից» մի քանի բառ ասել, մի ուրիշն էլ՝
Թումանյան էր արտասանում գյումրվա բարբառով: Ճիշտ է, պրն Ալեքսանյանը փորձում էր
արդարացնել իր ուսանողներին: Նա, պարզվում է, գիտեր գրեթե բոլորի կենսագրությունը:
Երբ շրջանավարտներից մեկը, պարզվեց, տարրական գիտելիքներ չուներ ամենահայտնի գրողների
կենսագրությունից, եւ քննող դասախոսն արդեն զայրույթի գագաթնակետին էր հասել, պրն
Ալեքսանյանն ինձ պատմում էր, որ այդ կինը կեսարյան հատումով է ծննդաբերել, եւ «նարկոզից»
հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Այս շրջանավարտների մեծ մասն արդեն ամուսնացել
էր եւ քննության ժամանակ մեկի երեխան էր զանգում բջջայինի վրա, մյուսի սկեսուրը կամ
ամուսինը: Իսկ պահակակետի տղաները պատմում էին, որ մուտքի մոտ այս օրերին մեծ թվով
մարդիկ են հավաքվում՝ ծանոթ-բարեկամներ, մեկը գալիս է ծծկեր երեխայի հետ, ժամը լրանալուն
պես կերակրում նրան, մյուսներն աղմուկով «բալետ են անում» իրենց հարսին եւ այլն:
Պարզվում է, այս շրջանավարտների մեջ կան այնպիսիք, ովքեր անբավարար են ստանում
նույնիսկ հայոց լեզվից: Ընդհանուր առմամբ, ըստ ԿԳՆ տվյալների, անբավարարների թիվը
10-15 տոկոս է: Դասախոսներն արդարացնում են նման շրջանավարտներին, ասում, որ պարզապես
նրանք այս տարիներին չեն աշխատել, սակայն հայոց լեզվից անբավարար ստանալ՝ նշանակում
է տարրական գիտելիքներ չունենալ մայրենի լեզվից: Ընդ որում՝ նրանց մեջ շատ են բանասերները:
Բանասերները, ըստ բուհի պրոռեկտոր Արամ Խաչատրյանի, իրենց նախկին դիպլոմով
աշխատանքի ընդունվելու հարցում խնդիրներ չեն ունեցել՝ մինչեւ դպրոցներում իրականացված
օպտիմալացման գործընթացը: Սակայն դրանից հետո ոչ պետական նմուշի դիպլոմով շրջանավարտները
մնացել են անգործ: Սպիտակից եկած Անահիտ Սիմոնյանը, որ Աճառյանի շրջանավարտ է, մոտ
10 տարի է՝ բարձր դասարանցիներին հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում: Նա
ասում է, որ դիպլոմի հետ կապված երբեք խնդիր չի ունեցել, սակայն այս քննությանը եկել
է՝ որպես «ատեստացիա», իրեն փորձելու համար, եւ արդյունքում գոհացրեց դասախոսներին
իր գիտելիքներով: Այս քննությանը շատ էին նաեւ հուզումները: Շրջանավարտները պատմում
էին, որ նախորդ օրերին մեկը պատասխանելիս վատացել է, ասել, որ ոտքերը դողում են եւ
աթոռ է խնդրել: Ընդհանուր առմամբ, «վերաքննություններին» մասնակցելու հայտ
է ներկայացրել 1100 հոգի, սակայն 10-15 տոկոսը չի ներկայացել: Վերջնական արդյունքները
ԿԳՆ-ն կներկայացնի առաջիկա օրերին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930