Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները խաբվում են, ուղեւորները՝ ուշանում

Հունիս 10,2006 00:00

Գծի տերերը հարստանում են ուղեւորների գրպանի ու վարորդների նյարդերի հաշվին

Երթուղայինների մի մասը երեկոյան ուշ ժամերին աշխատում է մեծ ընդմիջումներով, իսկ որոշ երթուղիներ էլ ընդհանրապես չեն աշխատում: Թիվ 75 երթուղին համեմատաբար լավ է սպասարկում, բայց՝ ցերեկվա ժամերին: Երեկոյան ժամը 22-ից հետո կանգառում կարող է կես ժամ կանգնես եւ այդպես էլ «75»-ի չհանդիպես: Այս երթուղու վերջը (կամ սկիզբը) «Էրեբունի» թանգարանն է, բայց շատ հաճախ երբ վարորդները հայտարարում են, թե մինչեւ թանգարան չեն գնալու եւ «Թոխմախի» գերեզմաններից հետ են դառնում՝ ուղեւորների մեծ մասը լուռ ենթարկվում է, առանց պատճառն իսկ հարցնելու, իսկ այն փոքրաթիվ ուղեւորները, որոնք դժգոհում են՝ արժանանում են վարորդների «մուննաթին»:

Օրերս, «ՍԱՍ» սուպերմարքեթի մոտ 35 րոպե սպասելուց հետո հազիվ կարողացա խցկվել «75»-ի մեջ եւ երբ հասանք «Այրարատ» կինոթատրոն, վարորդը հայտարարեց, որ «Էրեբունի» թանգարան գնացողները թող իջնեն, որովհետեւ գազը վերջանում է եւ այնտեղ հասնել չի կարող: Մի քանի ուղեւոր լուռ, բայց դուռը զայրացած շրխկացնելով իջան, իսկ ես վարորդին հիշեցրի, որ ինքը պարտավոր է այնքան գազ լիցքավորել, որ հերիքի մինչեւ աշխատանքային օրվա վերջը եւ իրավունք չունի երթուղին կիսատ թողնել: Վարորդն էլ իր հերթին զայրացած ինձ պատասխանեց. «Միայն մեզ հետ եք կռվում, գնացեք բողոքեք, որ գազը ճիշտ լցնեն: Ամբողջ օրվա հաշվարկով լցնում ենք, բայց մի քանի պտույտից հետո տեսնում ենք, որ վերջանում է: 500 դրամ էլ լցնողին ավելի ենք վճարում, որ կարգին լցնի, բայց մեկ է, իրենցն անում են»:

Այսպես դժգոհելով հասանք համարյա Էրեբունու թաղապետարան: Վարորդն ասաց, որ թաղապետարանի դիմացի գազալցակայանում կլիցքավորի մեքենան եւ կշարունակենք երթուղին, բայց «խոսքը բերանին»՝ մեքենան կանգ առավ: Գազը իսկապես վերջացավ: Ժամը արդեն 23. 30-ն էր եւ մարդիկ շվարած նստել էին, չիմանալով ինչ անել՝ իջնե՞լ, թե՞ սպասել: Իջնել նշանակում էր մնացած ճանապարհը ոտքով գնալ, որովհետեւ այդ մասով ուրիշ երթուղային չի գնում, իսկ հաջորդ «75»-ին սպասելն անիմաստ էր: Սպասելն էլ իմաստ չուներ, որովհետեւ վարորդն ինքը չգիտեր, թե ինչպես պետք է հասներ գազալցակայան: Հույս ուներ, որ գուցե ծանոթ վարորդներից մեկը կհանդիպի ու մեքենան «քաշելով կտանի»: Տեսնելով վարորդի նյարդային վիճակը, հաշտվել էինք նրա հետ, նա էլ իր դարդերը պատմեց. «Ախր շատ դժվար է շոգին, ցրտին օրական 14 ժամ, երբեմն ավելի՝ մեքենայի ղեկին լինել, հազար տեսակ մարդու հետ շփվել: Աշխատածիդ մեծ մասն էլ տալիս ես ուրիշին ու դու մի կերպ ես ընտանիքդ պահում: Բայց դրանից հետո էլ, երբ այսպիսի դեպքեր են լինում, երբ քեզ խաբում են, շատ դժվար է»: Ասացի, որ ճիշտ կլինի բողոքեն գազալցակայանի տիրոջը կամ էլ ուրիշ լցակայանից օգտվեն: Վարորդը քմծիծաղով պատասխանեց. «Այ քուր ջան, կարծում ես իրենք չգիտեն, հենց իրենք են ստիպում, որ խաբեն: Բողոքում ես, ասում են՝ ձեռ չի տալիս՝ գնացեք ուրիշ տեղից լցրեք: Բայց ամեն տեղ էլ նույնն է, ինչ կարող ես անել, մեզ ով է բանի տեղ դնում»:

Մնացած մի քանի ուղեւորներս էլ իջանք մեքենայից եւ ոտքով շարունակեցինք ճանապարհը, իսկ մինչեւ տեղ հասնելը մոտ 4-5 կանգառ կար:

Ո՞վ եւ ե՞րբ պետք է այս հարցերը կարգավորի՝ չգիտենք:

Լ. ՏԻԳՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930